пятница, 23 августа 2013 г.

Արցախ.Աննա Ղուկասյան. Մեկ քայլ առաջ, մեկ լումա իմ կողմից, ես հավատում եմ (interview)

Այսուհետ իմ բլոգում նոր շարք է գործելու։ Փորձելու եմ ներկայացնել Արցախի երիտասարդների հետ հարցազրույցներ։ Հեռավորության պատճառով հարցազրույցները լինելու են համացանցում ներկայություն ունեցողների հետ։ Կարծում եմ՝ այս շարքը հնարավորություն կտա ավելի մոտիկ զգալ Արցախը, ճանաչել այնտեղ բնակվող հայերին, հասկանալ, որ հպարտանալու տեղ ունենք, միևնույն ժամանակ  պատկերացում կազմել Արցախի իրական խնդիրների մասին, ինչու չէ, լուծման ելքեր փնտրել։ Եվ ամենակարևորը, շարքը նպատակ ունի վառ պահել հայ օգտատերերի գիտակցության մեջ ազատագրված տարածքների գոյությունը, հայկականությունն ու լավ ապագայի հեռանկարը։




Իմ զրուցակիցն է Արցախում բնակվող Աննա Ղուկասյանը։ Այս նրբակազմ շիկահեր հայուհին զբաղվում է մարտարվեստով, ակտիվ մասնակցում է Արցախում անցկացվող մշակութային-հասարակական բոլոր միջոցառումներին։



_Ծնվել եմ Արցախում 1984-ին, Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում, մեծացել եմ Երևանում, բայց 1997-ին տեղափոխվել ենք Արցախ, քանի որ հայրս պատերազմի մասնակից էր, և շարունակում էր ծառայությունը բանակում։ Հայրս իր 3 եղբայրների հետ մասնակցել է պատերազմին, մեկնեց Արցախ,երբ ավագ եղբայրը՝ Վահանը զոհվեց։ Վահանն Ավոյի ջոկատից էր, զոհվեց ընկերոջը փրկելիս։
Ես փոքր էի այդ ժամանակ, ինձ հետ ինձանից ավելի փոքր եղբայրս, մեզ հետ՝ մայրս, մենք մենակ էինք այդ տարիներին, քանի որ, ինչպես ասացի, հայրս ռազմաճակատում էր։
_Ներկա դրությամբ Արցախում որտե՞ղ ես բնակվում և ում հետ: Գո՞հ ես բնակության պայմաններից:
_Բնակվում եմ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Եվ ես գոհ եմ, որ այսօր ես, հայրս, մայրս բնակվում ենք Արցախում, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները։

_Պատմի´ր խնդրում եմ՝ ինչպես է անցնում քո առօրյան։
_ Առավոտյան ժամը 9:00-ին գնում եմ քաղաքաշինության նախարարություն, ուր իմ առաջին աշխատավայրն է, զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, այսինքն՝ սկսում եմ հերթով պատասխանել բնակիչների զանգերին, հարցերին, ընդունում ենք բնակիչներ շրջաններից, լսում նրանց հուզող հարցերը, խնդիրները, զրուցում նրանց հետ... առավոտյան աշխատավայրում օրս բացվում է պարտադիր ԼՂՀ և ՀՀ օրհներգներով: Իմ սրբություններն են։
Ընդմիջումից հետո գնում եմ Արցախի Ազատամարտիկների Միություն, ուր տեղեկանում եմ, թե ինչպիսի բարեգործություն ու օգնություններ են արվել Ազատամարտիկների ընտանիքների համար, հարազատների համար... Ապա՝ երեկոյան ժամը 6:00-ին, հասնում եմ Ալեք Մանուկյան փողոց՝ ԼՂՀ Ուշուի Ֆեդերացիա, և մարզվում եմ իմ կյանքի ամենասիրելի մարզաձևով՝ արևելյան Ուշու մարտարվեստով:
Ի դեպ այն նաև կոչվում է Հայ Սև Գոտիների Ակադեմիա, որը 1997-ին Մեծ Վարպետ Կարո Քեբաբջյանը հիմնադրեց Արցախում, և որն ուներ ավելի քան 3.000 մարզիկ: Այսօր այս Ֆեդերացիան արդեն տվել է Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Մարզումներից հետո վերջապես երեկոյան 21:00-ին հասնում եմ տուն և վայելում ծնողներիս սերը, ինչպես նաև նրանց հետ քննարկում օրվա ընթացքը: Քնելուց առաջ հայրիկիս հետ պարտադիր լսում ենք Լիզբոնի 5 զինյալների երգը..«Ահա այսպես արշավեցին Լիզբեն զոհված հինգ ընկերներ».. Ամենավերջում՝ Հայր Մեր աղոթքից ու մեկ սաղմոսի ընթերցումից հետո ավարտվում է իմ օրը:


_Ի՞նչ յուրահատուկ վայրեր կան Արցախում, որ անպայման ցույց ես տալիս այստեղ եկած զբոսաշրջիկներին։
_Առաջին տեղը, որ գնում եմ և տանում եմ հյուրերին՝ Եղբայրական գերեզմանոցն է, ուր խոնարհվում ենք մեր Հերոս Տղաների, մեր Ազատամարտիկների շիրիմներին... Այս այն վայրն է, որտեղ ես հոգով տեսնում եմ Հայոց աշխարհի, Հայրենի հողի համար թափած սուրբ Արյան գինը....ես հաճախ եմ այնտեղ գնում, խորհում...
Ջդրդյուզ, Շուշի, այնպայման եղեք, Գանձասար, Ամարաս, Դադիվանք....


_Երբ Արցախում էի, Քաշաթաղում էի, հասկացա, որ ադրբեջանցիների ու Ադրբեջանի հակահայկական քարոզչության ու սապռնալիքների մասին գրեթե չէին մտածում։ Իսկ ի՞նչպես է վերաբերմունքն այդ առումով Ստեփանակերտում։ Մարդիկ կարդու՞մ են Ադրբեջանի մասին նորություններ, հետաքրքրվու՞մ են հարևան երկրով, խոսակցություններ կա՞ն պատերազմի վերաբերյալ։


_Ես կարող եմ որպես երիտասարդության մի մասնիկ ասել, որ համացանցով և տարբեր ԶԼՄ-երով հետևում ենք բոլոր իրադարձություններին, տեղեկանում ենք, մասնակցում տարբեր քննարկումների...Մենք գիտենք Ադրբեջանի հնարավորությունները, նաև քիչ թե շատ հասկանում ենք նրանց պատրաստվածության մասին՝ պատերազմ վերսկսելու առումով: Աստված մի արասցէ պատերազմ սկսվի, մենք չենք վախենում, որքան էլ «ուժեղ» լինի կամ իրեն ուժեղ ցուցադրի Ադրբեջանը։ Ես գիտեմ, որ սերունդս պատրաստ է հակահարվածի, և դրանք սուտ խոսակցություններ են, թե իբր այսօրվա հայ երիտասարդները փախչելու են, պատերազմի երբեք չեն մասնակցի: Ես դեմ եմ այս կարծիքին: Այո´, խնդիրներ ու դժվարություններ մեր Երկրում ունենք: Բայց պատրաստ ենք էլ ավելի մեծ ուժով ու միասնականությամբ ՊԱՇՏՊԱՆԵԼ մեր Հայոց հողերը, այն, ինչ մեզ է պատկանում:

_Քանի որ իդեալական ոչինչ չկա, պատմի´ր նաև Արցախում առկա խնդիրների մասին։ Ի՞նչը կուզենայիր փոխել։

_ Ուրիշ երկրներում ավելի վատ բաներ կան, որոնք փառք Աստծուն մեր երկրում չկան: Շատ կցանկանայի, որպեսզի վերանայվեր աշխատավարձերի հարցը, հատկապես պետական ծառայողների, սրա հետ մեկտեղ շատ կուզենայի, որ մեզ մոտ ավելի լուրջ վերաբերեին կադրային քաղաքականությանը: Օրինակ՝ պետական հիմնարկներում, բանակում, հատկապես՝ բուժհիմնարկներում։
Օրերս մի լավ փոփոխություն եղավ. Արցախի պետական համալսարանի ռեկտորը փոխվեց: Սա հրաշալի նորություն էր, քանի որ կարծում եմ, ինչպես նաև ուսանողների մեծամասնության կարծիքն է, որ անարժանին փոխարինելու է եկել ավելի արժանին:

_Ի՞նչ ես կարծում՝ Արցախում կա ազատ խոսքի իրավունք, մարդիկ հավատու՞մ են ազատ ընտրություններին, մասնակցու՞մ են դրանց։

_Օ՜հ, սա իմ ամենասիրելի հարցերից մեկն է՝ խոսքի ազատություն: Մի քանի երկրներ կերազեին ունենալ այնքան ազատություն խոսքի և կարծիքի արտահայտման համար, որքան որ հնարավորություն է ընձեռվում Արցախում: Ես չեմ բողոքում, ասեմ ավելին՝ 2001-ից մինչև 2005 թվականը լրագրությամբ եմ զբաղվել Ստեփանակերտում ու լավատեղյակ եմ, թե ինչպես էին մի հոդվածի համար մի քանի տեղից զանգում ու զգուշացնում, որ «խելոք մնանք»։ Շատ դժվար էր: Այսօր ամեն բան այլ է, ավելի խաղաղ, ավելի հանգիստ ու ավելի ազատ: Իմ սեփական փորձն է վկայում:
Ընտրությունների առումով, օրինակ՝ այս տարվա նախագահական ընտրություններին մարդիկ այցելում էին տեղամասեր իրենց ընտրությունը կատարելու և շնորհավորում էին միմյանց, նախագահական ընտրությունների կապակցությամբ:  Իրոք տոն էր, ինչը փաստեցին նաև միջազգային դիտորդները:

_Հաճա՞խ ես լինում Երևանում։ Այստեղ ունե՞ս բարեկամներ ու հարազատներ։

_Այո´, մեր սիրելի մայրաքաղաք Երևանում հաճախ եմ լինում, ունեմ հարազատներ, ընկերներ:

_Երևի ծանոթ ես երբեմն շրջանառվող այն տեսակետներին, որ Արցախն ու այնտեղի բնակիչներն իրենց համարում են Հայաստանից անկախ պետություն՝ առանց հաշվի առնելու, որ Արցախի անկախ ներկայացվելը բխում է դեռևս դիվանագիտական շահերից և միջազգային հանրության համար է։ Ի՞նչ ես մտածում՝ արդյոք վտանգավոր չեն այդ գաղափարները, որ Արցախն անկախ է, դա չի՞ կարող բերել «հայաստանցի-արցախցի» վտանգավոր միտման խորացմանը։

_Իհարկե ծանոթ եմ, ինքս էլ մասնակցել եմ նմանատիպ շատ քննարկումների:
Ես դիվանագետ չեմ, չունեմ համապատասխան կրթություն, բայց իմ կարծիքն այս է: Առաջինը պետք է պայքարենք մեր ներսում Արցախի ինքնաճանաչման համար, հետո նոր միջազգային: Եթե ներսում չեն ճանաչում, էլ ինչ իմաստ կա դրսում ճանաչեն , ուրեմն դա կդիտվի՝ որպես անհեթեթ քայլ (հասկացեք լրիվ իմաստը ճանաչման առումով): Դեռ մեր մեջ մարդիկ, ընկերություններ, հեռուստաալիքներ և կազմակերպություններ կան, ովքեր նույնիսկ Արցախի քարտեզը խեղաթուրված են ներկայացրել: Էլ չեմ ասում Գուգլի մասին: Դրանցից մեկը «Շողակաթ» հեռուստատեսությունն էր, որ լրիվ հոգուտ Ադրբեջանի էր քարտեզը ներկայացրել: Մյուսը՝ «Արմենիա» հեռուստատեսությունը, որն ընդհանրապես Արցախի քարտեզը չի ներկայացնում: Դե եկեք ու պայքարենք, ո՞նց պայքարենք եթե նման դեպքեր կան Հայաստանում: Միգուցե սկզբում հասնենք նրան, որ սուրբ Արյունով հետ վերադարձված մեր հողերը, մեր անկախությունը ճանաչեն դրսում, հետո նոր ազգովի, այսինքն՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք միասնական մտածենք, թե ինչպես պիտի լինի ապագան։ Միգուցե այսպես ավելի ճիշտ է: Ես կողմ եմ և կուզեի, որ մեր երկու Հայկական Հանրապետությունները՝ Հայաստան և Արցախ, լինեն ուժեղ, հզոր, միասնական թե գաղափարով, թե համախմբվածությամբ: Մնացածը Աստված կտա:
Եթե Արցախը Հայաստանի մարզ չէ, ինչպես դրա համար պայքարում են որոշ ՀԿ-ներ,  դա  դեռ չի նշանակում, որ Հայաստանն ու Արցախը օտար են: Պատերազմին կռվել են և Հայաստանի հայեր, և Արցախի հայեր, և Սփյուռքի հայեր: Արցախի ժողովուրդը երբեք իրեն չի անջատում մայր Հայաստանից: Մենք ավելի ուժեղ ենք, երբ մենք միասին ենք: Ու Արցախում ամեն ինչից առավել գնահատում և ընդունում են Գաղափարը, ոչ թե սին խոսքերը կամ հայրենասիրություն խաղալը: Արցախցին ընտրել է իր ուղին` անկախացման ուղի` Ադրբեջանից, եթե ոմանց թվում է, թե Հայաստանից, ապա դա իրենց մեղքն է, սխալը, և իրենց վերագրումներն են: Պատճառները, թերևս, պետք է փնտրել մեր շրջապատում: Նորից եմ կրկնում՝ Արցախը ընտրել է անկախացման ուղին՝ Ադրբեջանից: Եվ ուրեմն՝ Հայաստան, Արցախ, Սփյուռքը Եռամիասնություն է:

_Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար։


_Ապագաս կապված է միայն ու միայն Արցախի հետ: Ինչպես դպրոցական տարիներիս շարադրություններից մեկում գրել եմ՝ «Երազանքս ու նպատակս է դառնալ իմ Հայրենիքին արժանի ու պիտանի զավակ»... Ծրագիրս այս է, որպեսզի թե´ իմ ստացած կրթությամբ, թե´ այն մարտարվեստով, որին այսօր տիրապետում եմ, թե´ իմ աշխատանքով և կարևորը՝ հոգով, նպաստեմ իմ հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը: Մեկ քայլ առաջ, մեկ լումա իմ կողմից: Ես հավատում եմ..

Комментариев нет:

Отправить комментарий