среда, 28 августа 2013 г.

Սահմանապահ գյուղի եկեղեցին մաքրեցին կամավորներն ու գյուղի երիտասարդները (photo)



2013-ի օգոստոսի 24-25-ը «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը՝ տեղի դպրոցի աշակերտների համար կինոդիտում ու կրթական ծրագրեր անցկացնելու նպատակով։

Այցի երկրորդ օրը որոշում կայացվեց բանահավաքության աշխատանքներից հետո վաղ առավոտյան ուղևորվել տեղի կիսավեր եկեղեցու ու գերեզմանոցի մոտ՝ դրանք մաքրելու նպատակով: Խնդիրն այն էր, որ նախորդ օրը կամավորները պատահաբար նկատել էին՝ փշերն ու տատասկներն այնքան էին բարձրացել, որ փակել էին մի քանի տապանաքարեր, իսկ եկեղեցու բեմին կից խաչքարերն ու ճակտոնները հիմնովին ծածկված էին, նույնիսկ պատկերաքանդակները չէին երևում:




Եվ ահա օգոստոսի 25-ին գյուղի մի խումբ երիտասարդներ, տնից վերցնելով գերանդիներ, մկրատներ, աքցաններ և այլ անհրաժեշտ պարագաներ, կամավորների հետ միասին ուղևորվեցին եկեղեցի` մաքրելու այն ու 5-15-րդ դարերով թվագրվող գերեզմանատան տապանաքարերը:

Աշխատանքներն ընդհանուր առմամբ տևեցին մոտ մեկ ժամ: Կամավորներն ու գյուղացիները միահամուռ ուժերով ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ հասան նրան, որ փշերի տակից դուրս բերվեցին 2 խաչքարեր, երևան եկան բեմի քանդակները, որոնցից մեկում հրեշտակ էր պատկերված:















Մաքրման աշխատանքների արդյունքներն առավել ակնառու են համեմատության մեջ:
 Մաքրելուց առաջ

Մաքրելուց հետո

Մաքրելուց առաջ

Մաքրելուց հետո





Մաքրելուց առաջ


Մաքրելուց հետո










Վերնամասում՝ գերեզմանոցում, փշերից ու մոլախոտերից տապանաքարերն էր լուռ մաքրում գյուղի գրականության ուսուցչի որդին՝ Հովհաննեսը:





Աղջիկներն էլ որոշեցին որևէ բանով օգտակար լինել:







Գյուղի փոքրերն էլ միացան աշխատանքներին:







«Զորակն»  հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանն ինձ հետ զրույցում նշեց, որ կասկած անգամ չուներ՝ գյուղի երեխաները կխանդավառվեն եկեղեցին մաքրելու գաղափարով, քանի որ դրանով իրենց ծննդավայրն առանձնանում է, եկեղեցին հին է, մեծ արժեք է ներկայացնում ու պահպանման կարիք ունի: «Մենք համոզված ենք, որ գյուղի երիտասարդները կհետևեն եկեղեցու մաքրությանը»,-շեշտեց Հովհաննեսը:


Արմատներով ու ծնունդով Ներքին Կարմիրաղբյուրից, ինչպես նաև «Զորակն»-ի կամավոր Նարեկ Վարդանյանն էլ ոգևորությամբ պատմեց. «Սկզբից էլ համոզված էի՝ կամավորների ու տեղացիների համատեղ աշխատանքը կստացվի: Ուրախանում եմ, որ Վահեն, Հովհաննեսը, Արթուրը, Մհերը, Հայկը, Հովսեփը և մյուսները մեր կամավորների հետ հավասարը-հավասարի աշխատանք են կատարում, աշխատանքը մարդկանց մոտեցնում է: Վերջին անգամ եկեղեցում եղել էի 2 տարի առաջ, նույն վատ վիճակում էր: Վերջապես տեսքի բերեցինք»:



Եվ ահա երևացին փշերից մաքրված եկեղեցու առաջին այցելուները՝ մայր ու աղջիկ, որոնք ասացին՝ ամեն շաբաթ այդ օրը գալիս են եկեղեցի՝ մոմ վառելու: 


Լույսը հառնեց եկեղեցու դարավոր պատերին՝ բարձրանալով վեր, դեպի երկինք


Հ.Գ. Ինձ չհաջողվեց համացանցում տվյալներ գտնել եկեղեցու մասին։ Թե´ պատկերաքանդակները, թե´ եկեղեցին ու տապանաքարերը մեր մշակութային ժառանգության հետաքրքիր նմուշներն են, որոնք պետք է ուսումնասիրվեն՝ ըստ արժանվույն։ Եկեղեցու մասին նյութեր գտնելու դեպքում առանձին հոդվածով կտեղեկացնեմ այդ մասին։


Տես նաև՝


Պատերազմից հետո գյուղի հետ ավելի կապվեցինք. Ն.Կարմիրաղբյուր սահմանապահ գյուղի տնօրեն



Комментариев нет:

Отправить комментарий