четверг, 29 августа 2013 г.

Հայերեն «Սարի գելին» երգած թուրք երգչուհին Ադրբեջանի ընդդիմության կողմն է(video)


Այսօր՝ օգոստոսի 29-ին, հայտնի է դարձել, որ հանրահայտ թուրք երգչուհի Սեզեն Աքսուն պաշտպանել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» դաշինքին: 

az azerbaijan azeri sari gelin armenia elections


Instagram-ի իր էջում Աքսուն լուսանկար է տեղադրել ընդդիմադիրների կազմակերպած վերջին ցույցից՝ մեկնաբանելով հետևյալ կերպ. «Ադրբեջանում ճիշտ նույն իրադարձություններն են, ինչպես և Թաքսիմում էին: Աջակցում եմ եղբայրներիս: Բրավո, ընդդիմությու՛ն»: 



Ադրբեջանական լրատվակայքերը, ելքեր փնտրելով եգչուհու արտահայտած մտքերն արդարեցնելու համար, հիշեցնում են, թե ինչպես շուրջ մեկ տարի առաջ նա հայերեն կատարել էր «Սարի գելին» երգը, որն ադրբեջանցիներին իհարկե համարում են իրենց «ազգային երգը»:  :)

Մի քիչ Աքսուի մասին.


2012-ին հայտնի էր դարձել, որ նոր «Kök» (թարգմանաբար՝ԱՐՄԱՏ) ալբոմում տեղ կգտնի նաև հայտնի «Սարը գելին» երգի հայերեն կատարումը: Թուրքական կայքերը գրում են նաև, որ ձայնագրություններում Սեզեն Աքսուին նվագակցում է հայկական երգչախումբը: Նույն աղբյուրի համաձայն` թուրք հայտնի դերասանուհի Դեմեթ Աքբաղը «Ազատման վերջին կանգառ» ֆիլմում հայկական «Աման աղավնի» երգն է կատարում:
Ասեմ, որ Աքսուն շատ սիրված ու հարգված երգչուհի է Թուրքիայում ու նրա սահմաններից դուրս: Նա բազմիցս իր կենդանի համերգներում ու ձայնագրություններում օգտագործել է հայերենը: Ուսումնասիրելով երգչուհու կենսագրությունը՝ հայտնի դարձավ, որ դա պատահական չէ, քանզի վերջինս սերտորեն համագործակցում է հայազգի տաղանդաշատ ու հանրաճանաչ երաժիշտ, ԱՄՆ-ում ծնված Արա Տինքճեանի հետ: Բացի այդ, 2011 թվականին իսլամական մշակույթի ինստիտուտի կողմից Փարիզում կազմակերպված Ռամադանի երեկոները ավարտվել են Աքսուի համերգով, որին բեմում ընկերակցել է հայտնի հայ երգիչ Արտո Թունջբոյաջյանը։ Թուրքական՝ այցելությունների մեծ քանակ ունեցող բլոգերից մեկում կարդացի հետևյալը. «Օնո Թունչն ու Սեզեն Աքսուն այն երկու թուրք աստղերն են, որոնք բազմիցս աշխատել են հայազգի երաժիշտների ու երգիչների հետ, նրանք կարող են լինել հայ-թուրքական բարեկամության վառ օրինակ...»: Իհարկե, ոչ մի բարեկամության մասին խոսք լինել չի կարող, սակայն, ինչպես ինքներդ եք տեսնում, համագործակցության բազում օրինակներ կան: Ավելին՝ համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ Աքսուին թույլ չտվեցին համերգներով հանդես գալ Ադրբեջանում՝ մեղադրելով, որ նրա երաժշտախմբում կա հայ երաժիշտ։



Ինչ վերաբերում է «Սարը գելին» երգին, ապա այն հայկական ազգային «Սարի աղջիկ» կամ «Վարդ սիրեցի» երգն է, հանդիպում է մի քանի տարբերակներով: Աղմկահարույց էր, երբ շուրջ երկու տարի առաջ թուրքական Kanal D հեռուստաալիքին հյուրընկալված արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համաձայնել է «Սարի աղջիկ» երգը (թուրքերն ու ադրբեջանցիներն այն հնչեցնում են «Սարը գելին կամ գյալին» («Շիկահեր հարսը»)) հայկական լինելու մասին հաղորդավարի հիշեցման հետ. ավելին`ձայնակցել երգչին: Նման քայլը դուր չի եկել ադրբեջանցիներին, որոնք Դավութօղլուին մեղադրել են «ադրբեջանական մշակույթն անտեսելու մեջ»:



Ինչպես տեսնում եք, այս երգը կռվախնձոր է տարածաշրջանում, ավելին՝ այն թուրքերի ու ադրբեջանցիների տարաձայնության առիթ կարող է դառնալ: Դա առավել ակնառու է ստորև բերված տեսագրության՝ 200-ից ավել մեկնաբանությունները դիտելիս: Պաշտոնական Ադրբեջանը, հաշվի առնելով, որ Ասքուն մեծ վաստակ ունի և եղբայրական Թուրքիայի հայտնի երգչուհի է, խուսափել է գնահատականներից, իսկ ադրբեջանցի օգտատերերն անխնա քննադատում են Աքսուին՝ Ստամբուլի հայերի «Վարդանանց» նվագախմբի հետ «Սարի աղջիկ» երգը կենդանի երգելու և դրա մասին պարբերաբար խոսելու համար: Ադրբեջանական իշխանամետ մամուլը ևս զերծ չմնաց երգչուհու վրա ցեխ շպրտելուց՝ լուրեր տարածելով, թե իբր Աքսուն ձայնն է կորցրել, հայերեն է երգում, որպեսզի հայերն իրեն կլորիկ գումար վճարեն: Այդ օրերից ի վեր լուրեր էին պտտվում ու մինչ օրս առկա են, որ Աքսուն հայկական ծագում ունի:



Հիշեցնեմ ադրբեջանցիներին, որ «Սարի աղջիկ» երգը հայերեն կատարել են դեռևս Շարա Տալյանն ու Ռուբեն Մաթևոսյանը: Հնարավոր է՝ այն ունենա նաև թուրքական կատարումների հին տարբերակներ, սակայն այն՝ ադրբեջանական լինելու ոչ մի գիտական հիմնավորում չունի: Կա նաև կարևոր մի հանգամանք. երգն ակամայից դարձել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ այս կամ այն չափով սեպ խրելու միջոց: Բավական է՝ երգը կատարի թուրք մի երգչուհի կամ ցանկացած բեմից այն հայերեն հնչի ու տարածվի, ադրբեջանցիները Բաքվում դուրս կգան փողոց՝ բողոքելու, ինչպես դա եղել էր 2012-ին: Ստացվում է՝ երգն Ադրբեջանի թույլ տեղն է: Նշածս փաստարկումներից հետո ըստ իս պարզ է, որ մենք էլ մեր հերթին պետք է տեր կանգնենք այս երգին, մոռացության չտանք, ու, վերջապես, փորձենք դրա՝ հայկական լինելու կամ հին հայկական տարբերակներ ունենալու գիտական հիմնավորումներ փնտրել: Մեր գործն այնքան էլ բարդ չի լինի, քանզի ճշմարտությունը մեր կողմն է…

1 комментарий:

  1. Մենք ոչ միայն այս երգին, այլ բոլոր մաքուր, անաղարտ հայկական երգերին պետք է տեր կանգնենք, վերջ տանք ազգովին ռաբիս կամ 6/8 լսելուն ու քարոզելուն: Նոր սերնդի մեջ շատ են երեխեքը, որ Կոմիտասին չեն ճանաչում:

    ОтветитьУдалить