пятница, 13 сентября 2013 г.

Թալիշ խմբագրի՝ «հայերի հետ ունեցած կապերը»՝ դատավարության լարվածության պատճառ Ադրբեջանում






Սեպտեմբերի 12-ին Բաքվի դատարանում կայացել է  «Թոլիշի սյադո»՝  «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ կամ Խիլալ Մամեդովի դատավարության հերթական դատական նիստը: Ի տարբերություն նախորդների՝ այս մեկն անցել է բավականին լարված իրավիճակում: 


Խնդիրը դատախազ Թուրալ Յուսիֆովի բոցաշունչ ելույթն էր: 


Վերջինս նախ պնդեց, որ Մամեդովին մեղադրանքներ ներկայացվեն պետական դավաճանության, միջէթնիկական հակամարտություն սերմանելու և թմրանյութերի ապօրինի վաճառքի հոդվածներով: Դատախազի խոսքերով՝ դեռևս 1992-ին իրանական հատուկ ծառայություններն իբր վարձել էին Մամեդովին, որը ստանձնել էր  «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու անկախության դեմ» գործելու պարտավորությունը:



Նշենք, որ  «Թուրան» գործակալության լրագրողների վկայությամբ՝ դատախազի խոսքերն ուղեկցվում էին դահլիճում ներկաների բուռն առարկություններով և բացականչություններով՝  «Դա սադրանք է, դա սուտ է»:


Ըստ աղբյուրի՝ ներկաների համբերության բաժակը լցվեց, երբ դատախազը բառացիորեն մեղադրեց Մամեդովին  «Ռուսաստանի հայկական համայնքի հետ սերտ կապեր հաստատելու ու նրանց աջակցելու» մեջ: Դահլիճում ներկաները ոտքի կանգնեցին ու սկսեցին բացականչություններով հիշեցնել  «Արցախյան պատերազմում Ադրբեջանի անկախության համար իրենց կյանքը տված թալիշներին»՝ հավաստիացնելով, որ Մամեդովին մեղադրում եմ միմիայն իր ազգային պատկանելության համար:



Դահլիճի բուռն արձագանքից հետո դատախազը հարկադրված եղավ անհապաղ լքել նիստը, ապա նրան հետևեցին դատավորները: Ներկաներին ևս խնդրեցին որոշ ժամանակով հեռանալ դահլիճից: Այնուհետև դատավորները վերադարձան, ներկաներին հետ կանչեցին՝ վկայելով, որ նրանք ունկնդրեցին ընդամենը դատախազի ելույթը, իսկ որոշումն իրենք են կայացնելու: Դահլիճը պահանջեց, որպեսզի հանվի  «հայերի հետ առնչվելու հետ կապված հարցը»: Դատավորները տեղի տվեցին՝ խոստանալով, որ հայերի հետ կապեր ունենալու հարցն այլևս չի բարձրացվի:


Հիշեցնենք, որ Հիլալ Մամեդովին ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։


Այժմ անդրադառնանք հայերի հետ առնչություն ունենալու հարցին: Նախ մեզ՝ հայերիս համար, առանձնապես որևէ նշանակություն չունի՝ կմեղադրեն Մամեդովին հայերի հետ կապեր ստեղծելու մեջ, թե ոչ, ինչպես և մեծ հաշվով նշանակություն չունի Մամեդովի պատասխանը: Այնուհանդերձ, վաղուց արդեն գաղտնիք չէ, որ հայերն ու թալիշները որոշ, հիմնականում՝ գիտական ոլորտներում, համագործակցում են: Ավելին, թալիշ գիտնականները բազմիցս եղել են ու դեռ կլինեն Հայաստանում: Մասնավորապես, թալիշ հայտնի գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան մշտապես բարեկամական հարաբերություններ է ունեցել հայերի հետ, համագործակցել հայ գիտնականների հետ, բազմիցս հարցազրույցներով հանդես եկել հայկական լրատվամիջոցներում, ներկա եղել Երևանի գիտաժողովին: Հայկական կայքերին տված հարցազրույցում Աբոսզոդան դրական է արձագանքել Արցախի Շուշի քաղաքից ընթացիկ տարվա մարտի 20-ից հեռարձակվող թալիշական ռադիոյի մասին՝ ընդգծելով, որ թալիշների մեծ մասը ոգևորությամբ է ընդունել այս նախաձեռնությունը: Իր հերթին, Թալիշ-Մուղանյան հանրապետության առաջնորդ, նախագահ, մտավորական, ռազմական ու քաղաքական գործիչ Ալաքրամ Գումմատովը Շուշիից հեռարձակվող «Թալիշական ռադիո»-ի եթերում ողջունել է ռադիոյի նախագիծը՝ շնորհակալություն հայտնելով հայերին ու ցանկություն հայտնելով ժամանել Հայաստան:


Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ մենք պետք է քաջ գիտակցենք, որ թալիշներն ունեն իրենց շահերը, մենք էլ՝ մերը: Որոշ հարթակներում մեր ու իրենց շահերը համընկնում են, որոշ դեպքերում էլ՝ չեն համընկնի: Միամտություն կլիներ կարծել, որ դատական նիստի ժամանակ, որը կարող է վատ ավարտ ունենալ Մամեդովի համար, վերջինս դրական կարձագանքի հայերի հետ առնչություն ունենալու մեղադրանքներին: Զարմանալի չէր նաև այն, որ դահլիճն անձնական վիրավորանք ու սադրանքն է որակել հայերի հետ շփվելու մեղադրանքը: Չմոռանանք, որ թալիշների զգալի մասն այնուամենայնիվ դիտում ու կարդում է ադրբեջանական մամուլ, ապրում է ադրբեջանցիների հետ կողք կողքի, իսկ հայերի հետ շփումներ հաստատում է միայն թալիշների մտավորական շերտը: Եվ առհասարակ, եթե ուշադիր հետևենք անգամ թալիշ մտավորականների հարցազրույցներին, ապա նրանք իրականում կողմ են Ադրբեջանի այսպես կոչված «տարածքային ամբողջականությանը», շատ անգամ էլ՝ բնավ հակաիշխանական չեն և խուսափում են նախագահ Իլհամ Ալիևի դեմ տեսակետներ արտահայտել: Նրանց մի մասն էլ ցանկանում է պարզապես սեփական իրավունքների պաշտպանություն, խոսքի ազատություն և կյանքի քիչ թե շատ բարվոք պայմաններ, այլ ոչ թե անկախ կամ ինքնավար Թալիշստան: Ինչևէ, նույնիսկ այս պարագան չպետք է մեզ մտահոգի, քանի որ, ինչպես նշեցի, յուրաքանչյուրս մեր շահը ունենք: Անշուշտ կան նաև ինքնավար թալիշական հանրապետության համար պայքարող թալիշներ, որոնց քանակի մասին հստակ տեղեկություններ ասել չենք կարող, հարցը կարոտ է հանգամանալից ուսումնասիրության։


Հարց է ծագում. Ի՞նչ պետք է անենք մենք:


Պատասխանը պարզ է: Մենք պետք է ստեղծված իրավիճակից հնարավորինս օգուտ քաղենք մեզ համար՝ զարգացնելով ու տարածելով Շուշիի թալիշական ռադիոյի հաղորդումները, փորձելով այդ կերպ ազգային ինքնագիտակցություն արթնացնել թալիշների մոտ, նաև խորացնել գիտական-մշակութային կապերը նրանց հետ, ինչու չէ, պարբերաբար խոսենք թալիշների իրավունքների ոտնահարման, ձերբակալությունների ու իշխանությունների կողմից հետապնդվելու մասին, հատկապես որ դա իրականություն է: Ազգային փոքրամասնությունների հարցը միշտ էլ սուր է եղել ու սուր է լինելու Ադրբեջանի համար, ուստի Արցախյան չլուծված հակամարտության, սահմանային միջադեպերի ու տեղեկատվական պատերազմի պայմաններում այս իրողությունը կարելի է հաջողությամբ կիրառել հենց Ադրբեջանի պետական կառույցների դեմ: 

Տես նաև


Թալիշ խմբագրի դատավարությունն ու թալիշներն Ադրբեջանում

 

Ստորագրահավաք Ադրբեջանում՝ ի պաշտպանություն անհիմն մեղադրվող թալիշ խմբագրի

 

 

 


Комментариев нет:

Отправить комментарий