среда, 25 сентября 2013 г.

Ադրբեջանի արձագանքը թալիշ առաջնորդի՝ Երևան այցին. «Նա թալիշ չէ»







Սեպտեմբերի 24-ին թալիշ ռազմական ու քաղաքական գործիչ, ժամանակին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Գումմատովը ժամանել էր Երևան՝ մասնակցելու ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում թալիշագիտության մագիստրոսական, աշխարհում միակը հանդիսացող ծրագրի հանդիսավոր բացմանը:


Նա իր խոսքում երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդին, ինչպես նաև խոսեց Ադրբեջանում թալիշների նկատմամբ ճնշումների, թալիշների ասիմիլացման գործընթացի վերաբերյալ:


Ադրբեջանական լրատվամիջոցները դեռ վաղ առավոտից էին տեղեկացրել, որ թալիշ առաջնորդը Հայաստան է գնալու: Այդ ժամանակ որևէ պաշտոնական արձագանք չկար:
Պաշտոնական արձագանք Ադրբեջանի կողմից թերևս ներկա դրությամբ էլ չկա: Կայքերից մեկն ընդամենը մեկնաբանության նպատակով դիմել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության պատգամավորներից մեկին:


Մուբարիզ Ղուրբանլին ասել է այն, ինչ ավելի քան սպասելի էր: Ցիտում եմ. «Երևան մեկնելով Գումմատովը հերթական անգամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց Ղարաբաղում զոհված մեր զինվորների, այդ թվում՝ ազգությամբ թալիշ կռվողների նկատմամբ: Ուստի ես լուրջ կասկածներ ունեմ՝ արդյոք նա թալիշ է իրականում: Ես նրան դավաճան եմ համարում: Ժամանակին Ադրբեջանի կառավարությունը ներեց նրան, սակայն դա դաս չեղավ: Մեր քաղաքացիները միաձայն քննադատում են իր քայլը, դա հանգեցրել է Ադրբեջանում նրա նկատմամբ ատելության»:


Նախ Գումմատովին թալիշ չհամարելը տրամաբանության շրջանակներից դուրս է: Դա հաստատված փաստ է, ոչ թալիշն իր ողջ կյանքը չէր նվիրի թալիշների ազատագրման գործընթացին: Եվ հետո, Ադրբեջանի կառավարությունը «չի ներել նրան», այլ Արևմուտքի ճնշումների շնորհիվ՝ Գումմատովին ճանաչել են քաղբանտարկյալ, ապա Ադրբեջանի իշխանությունները հարկադրված են եղել համաներում շնորհել: Հետապնդումներից խուսափելու նպատակով վերջինս մեկնել է Նիդեռլանդներ: Նրան ստիպել են նաև հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից:


Բացի այդ,  «Ադրբեջանի ժողովրդի ատելության» մասին խոսելու իրավունք վերապահելուց առաջ նախ պետք է ձեռքի տակ փաստեր ունենալ: Առհասարակ, դեռևս վաղ է  «ժողովրդի արձագանքի մասին» խոսել, քանզի Գումմատովի մասին ադրբեջանական լրատվամիջոցներից քչերն են գրել, նրա այցն ընթացքի մեջ է: 

Կարծում եմ, Ադրբեջանի պատկան մարմիններից կարելի է պաշտոնական արձագանք սպասել, երբ թալիշ առաջնորդը մոտ օրերս մեկնի Արցախ: Մինչ այդ, ըստ իս, ադրբեջանական կողմը պաշտոնական հայտարարություններով հանդես չի գա: 


Հ. Գ. Հետաքրքիր է՝ արդյոք սև ցուցակում կընդգրկեն Արցախ այցելած Գումմատովին: Դա իմաստ չունի, քանի որ նրան արդեն զրկել են քաղաքացիությունից և աքսորել երկրից: Ստացվում է՝ նա արդեն իսկ սև ցուցակում է: :)

Տես նաև՝

Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահը հայերին շնորհակալություն է հայտնել

 

Թալիշական հանրապետության նախագահը սիրով կժամանի Հայաստան

 



Комментариев нет:

Отправить комментарий