воскресенье, 6 октября 2013 г.

Ուժ, խոցելի կողմ, ինքնություն. վերագտեք ձեր Արցախը


Առիթ ունեցա Արցախի ԱԳՆ-ի հրավերով լավ մարդկանց հետ միասին ավելի քան 3 օր անցկացնել Արցախում: Երկրորդ անգամ էի լինում…


Հասկացա պարզ  մի բան. Արցախից չես կշտանում, կա ձգողական մի ուժ այդ հողի մեջ: Թեկուզ պարզապես քայլում ես Ստեփանակերտի կամ Շուշիի փողոցներով, գյուղերի տների կողքով, քարերի ու դաշտերի մեջ, մի տեսակ հարազատություն կա, հետաքրքիր հանգստություն, որ թույլ է տալիս մտքերդ ի մի բերես: 


Արցախը հակասությունների համադրություն է. մի կողմից շինարարական բուռն աշխատանքներ, արդի, հաճախ էլ՝ շքեղ բնակելի ու վարչական նոր կառույցներ, որոնց անհնար է չնկատել, մյուս կողմից՝ պատերազմի դրոշմը կրող հիմնովին ավերված կամ կիսավեր տներ: Չեմ կասկածում՝ պատերազմի դեպքում մի մարդու պես պաշտպանելու ենք մեր հողը, բայց փլատակների կույտի վերածված տների տխուր տեսարանը գիտակցել տվեց՝ պետք է ամեն գնով խուսափել պատերազմից, այն իրականում միմիայն արհավիրք է: Հակասությունների շարքը լրացնում էին հին խանութներն ու դրանց կողքին բարձրացող, ժամանակակից անուններով առևտրի կենտրոններն ու սուպերմարկետները, մի կողմից համեստ հագուկապով գեղջկական կեցվածքով, մյուս կողմից՝ նորաձևության վերջին ճիչով հագնված, մասնավորապես՝ շլացնող կիսաշրջազգեստներով ու բարձրակրունկ կոշիկներով հայուհիներ, մի կողմից պահպանողական, մյուս կողմից ազատ հայացքների տեր մարդիկ: Մի խոսքով, ուրույն միաձուլվածք, ինչն էլ, կարծում եմ, Արցախի հմայքի անքակտելի մասնիկն է:



Եթե անկեղծ լինեմ, իմ հանդիպած մարդկանցից ոմանց մոտ դեռևս կար Արցախը Հայաստանից բաժանելու ու առանձին, անկախ պետություն համարելու միտումը: Բայց գիտեք՝ չեմ մեղադրում, որովհետև իրականում Արցախի պատկան մարմինների առջև բարդ խնդիրներն են ծառացած. միջազգային հանրությանը պետք է ներկայանալ անկախ պետականություն՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, միևնույն ժամանակ ներքին լսարանին՝ որպես Արցախ, Հայաստանի մի մաս, որը վաղ թե ուշ միանալու է ՀՀ-ին: Հեշտ չէ այս երկուսը համատեղել: 



Այնուամենայնիվ, ուրախալի էր, որ Ղարաբաղ բառի փոխարեն այս այցիս ժամանակ ավելի հաճախ էին կիրառում Արցախ բառը, ընդ որում՝ հասարակ բնակիչները: Ստեփանակերտի փողոցում դպրոցական երեխաներ հանդիպեցին, հարցրին՝
_Երևանցի՞ եք:
_Այո այո, բա դու՞ք:
_Արցախցի:
_բայց բոլորս հայ ենք չէ՞, բոլորս մի պետություն:
_Հա բա, եթե հայ չլինեինք, ի՞նչ գործ ունեինք ստեղ:


Ուրախալի էր Շուշիում և Ստեփանակերտում քարոզչական պաստառների բազմազանությունը՝ հայրենիքի, բանակի և ազատագրված տարածքների թեմայով: Լավ կլիներ՝ Երևանում նման մի բան մտածեին: 



Եվ իհարկե, քաղաքային կոլորիտի անբաժանելի մասը՝ լվացքը: :))
Ընդհանրապես ասեմ, որ լվացքի առկայությունն ինքնին վկայում է կենսունակ քաղաքի, բնակչության քանակի, ինչպես նաև տանտիրուհու հմտության մասին: Ուշագրավ է հետևել հատկապես, թե տարբեր տարիքի քանի երեխայի հագուստ է փռած մի պարանից: Դա նշանակում է՝ ընտանիքը բազմազավակ է, իսկ այդպիսիններն Արցախում շատ են: 


Այցելեցինք նաև վերաբնակիչների գյուղեր, հիմնականում՝ Քաշաթաղի շրջան: Երևանից ու տարբեր մարզերից այստեղ բնակություն հաստատած հայերը կապվել էին հողի հետ, սովորել մշակել հողը, սեփական ձեռքերով բերք հավաքել, վաճառել այն, ապրուստ կուտակել: Հողի մշակումը, անասնապահությունը և մի շարք այլ զբաղմունքներ հանգեցրել էին նրան, որ վերաբնակիչները տեղացիներից պակաս չէին սիրում Արցախը: Դրական էր կառուցվող դպրոցների ու հիվանդանոցների փաստը: Գյուղերից մեկում էլ աշակերտներն այնքան էին շատացել, որ դպրոցում տեղ չկար: Խնդիրներ, ինչպես ամենուր, այստեղ էլ կային:
Բացի կենցաղային հարցերից, պետք է այնպես անել, որ վերաբնակիչը Քաշաթաղում չզգա իրեն աշխարհից կտրված: Զգացվում էր՝ շատերի համար նոր այցելու տեսնելը անասելի ուրախություն էր, քանզի իրենց հաճախ չէին այցելում: Միգուցե խնդիրը ճանապարհների վատ վիճակն է, դրանց վերանորոգումը թերևս առաջնային հարց պետք է լինի: Անհրաժեշտ է որոշակի կրթական-մշակութային ծրագրեր իրականացնել, Երևանից մարդիկ գնան-գան, լրագրողներն ավելի հաճախ այցելեն: Մի մեծ ԲԱՅՑ. հարցը շատ նուրբ է, այնպես է պետք անել, որ այդ բոլոր այցելությունների ընթացքում վերաբնակիչը չձգտի դուրս գալ՝ մտածելով՝ Երևանում կամ դրսում ավելի լավ է: Ընդհակառակը, պետք է ցույց տալ, հուշել, նպաստել, որ վերջինս գիտակցի՝ այն տարածքը, որտեղ ապրում է ինքը, բացառիկ է, այն հողը, որ մշակում է, բացառիկ է, ինքը, որ եկել է այդտեղ ու դժվարություններ է հաղթահարում, բացառիկ է: Այս մտքերի սերմանման հարցում խիստ կարևորվում է տեղական դպրոցների տնօրենների և ուսուցչական անձնակազմի դերը: Ի դեպ, դրական մի բան էլ նկատեցի՝ վերաբնակիչների մեծ մասը տոգորված չէր հորինված պատրանքներով, այլ ամուր կամքով և լավատեսությամբ ցանկացած բարդություն պատրաստակամ էին հաղթահարելու: Նախորդ այցիս համեմատ առաջընթաց կար, Քաշաթաղում նկատելի աշխատանք էր տարվել: Եվ անշուշտ, մեզ ուղեկցում էր վերաբնակիչների համար որպես վերաբնակության վառ օրինակ ծառայող Քաշաթաղի վերաբնակության վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը: :)



Հավելեմ, որ Արցախի փողոցներում շատ են անկեղծ ժպիտով ու գոհունակությամբ քայլող անցորդներ: Կա իհարկե դժգոհող զանգված: Արցախը, ելնելով իր առաքելությունից, տեղանքից, հարևաններից և ստատուսից, միաժամանակ փակ ու բաց համակարգ է: Արցախի ներսի խնդիրները պետք է ներսում էլ լուծվեն, քանի որ պարբերաբար դրանք բարձրացնելու և շահարկելու դեպքում դրսի ուժերը, որոնք ուշիուշով հետևում են Արցախում ներքին զարգացումներին, իսկույն կօգտվեն Արցախի թույլ կողմերն ի վնաս արցախաբնակների և առհասարակ հայերի դեմ կիրառելուց: Արցախաբնակներն էլ, որքանով նկատեցի, ակամայից պահպանում են անվտանգության կանոնները: Անծանոթներին չեն վստահում, անծանոթների հարցերին պատասխանում են զգուշավորությամբ: Ավելին, արդյունքում այնպես է ստացվում, որ ինքդ հարցեր ես տալիս, բայց շատ արագ, չգիտես էլ թե ինչպես, ակամայից սկսում ես ինքդ պատասխանել նրանց հարցերին: :))


Մինչ այցս լսել էի այսպիսի մի բան. «Արցախը մի տեղ է, որտեղ սովորական մարդը կարող է պաշտոնյաների հետ նույն սրճարանում, նույն փողոցում քայլելիս առանց թիկնապահների հանդիպել, մոտենալ, զրուցել, դժգոհություններ հայտնել»: Եվ իրոք, պաշտոնյայի մեքենան հասարակ քաղաքացու մեքենային հավասար կանգնում ու սպասում է, որ հետիոտներն անցնեն, թիկնապահների շարաններ չտեսա, գերշքեղ գրասենյակներ չտեսա, գլուխգովանություն, փողոցային պահվածք չտեսա: Վարչապետի անձնական հեռախոսահամարն էլ, օրինակ, բնակիչները գիտեին :))


Կային թերություններ պաշտոնյա-լրագրող շփման ոլորտում: Արցախում մեզ հանդիպած լրագրողներից ոմանք փաստեցին՝ զանգում են մեկնաբանության համար, չեն վերցնում, կամ էլ վերցնում են՝ չեն մեկնաբանում: Չմեկնաբանելը շատ դեպքերում անհիմն, նույնիսկ՝ հենց տվյալ մարդու դեմ շրջանառվող թեզերի ծնունդ է տալիս, մյուս կողմից էլ միգուցե Արցախի պաշտոնյաներն ունեն իրենց պատճառները, որոնք, միջավայրին քաջ ծանոթ չլինելով, ես չնկատեցի:



Ես վերագտա իմ Արցախը, սիրեցի նրան այնպիսին, ինչպիսին որ կա՝ ինձ համար ցավոք անհասկանալի բարբառով, քանդակազարդ վանքերով, ամեն քայլի հանդիպող խաչքարերի բեկորներով, ամեն առավոտ երիտասարդ մայրիկների ձեռքը բռնած դպրոց գնացող աշակերտներով, շինարարական հարթակներով ու վերամբարձ կռունկներով, կռված պապիկներով, ժենգյալով հաց թխող տատիկներով, հայացքը թշնամուն ուղղված զինվորներով, անտառապատ լեռներով, որոնց ամեն մի թիզ հողի համար իմ ու մեր բոլորիս հայրենակիցներն արյուն են թափել՝ գոյության կռիվ տալով: 


Գտեք ու վերագտեք ձե՛ր Արցախը: Թող որ պատերազմի հետ ասոցացվող Արցախը սկսի ասոցացվել վերածնության գաղափարի հետ: Այս հայկական հողն արժանի է անձնուրաց սիրվելուն:
 

Комментариев нет:

Отправить комментарий