четверг, 31 октября 2013 г.

Ադրբեջանի մի կայքը փնովում է մյուսին. Պատճառը՝ The Guardian-ի հոդվածը








Բրիտանացիները հետաքրքիր պատահականությամբ կարողանում են իրար խառնել բոլորին, նույնիսկ՝ Ադրբեջանում: ;)
 
Այս անգամ ադրբեջանական կայքերի հակամարտությունն է, պատճառը, զարմանալի է, բայց հայերը չեն:  :)


Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ բրիտանական հեղինակավոր և, ըստ իս ու շատ-շատերի տեակետի, որակյալ և առաջատար The Guardian պարբերականի էլեկտրոնային տարբերակը որոշում է հոդված հրապարակել Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ: Հոդվածում առանձնապես նոր բան չի ասվում, քանզի հոկտեմբերի 9-ից ի վեր արևմտյան, ինչպես և ռուսական մամուլում Ադրբեջանում կայացած, լուրջ ընտրախախտումներով աչքի ընկնող նախագահական ընտրությունների մասին բացասական ու հիմնավոր մեկնաբանություն ընթերցելը բնական երևույթ է դարձել: 

Տվյալ հրապարակման հեղինակը Մաինա Կիաին է՝ ՄԱԿ-ի ազատության ու ազատ խոսքի հավաքագրման գծով հատուկ թղթակիցը: Հրապարակման խորագիրն է «Ազատ և արդար ընտրություններ ոչ միայն ընտրությունների օրը»: Հրապարակմանը կցված է «Ռոյթերս» գործակալության լուսանկարը, որտեղ պատկերված են օրերս Ադրբեջանի ընդդիմության՝ ընտրությունների կեղծման դեմ ուղղված ցույցի մասնակիցները՝ ժողովրդավարության պահանջներ կրող պաստառներով:

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանում ընտրություններն ընթացել են լուրջ խախտումներով, և արդյունքները նույնիսկ հայտնի են դարձել ընտրության օրվանից մեկ օր առաջ: Ապա ասվում է. 
«Ընտրությունները խիստ քննադատության ենթարկվեցին միջազգային հանրության կողմից, սակայն նույն քննադատությունն այս տարի լսելով Կամբոջայում, Զիմբաբվերում, Սվազիլանդում՝ պարզ էր, որ դրանք բավարար չեն: Ընտրակեղծիքները կազմում են միասնական հենք, իսկ այդ քննադատությունը հնացած ու հերթապահ բնութագիր ունի, և ամենակարևորը՝ շատ նեղ է: Անհրաժեշտ է նոր մոտեցում ընտրություններին..Ընտրությունները չեն ընթանում վակուումում, դրանց թափանցիկության աստիճանը որոշելու համար պետք է ստուգենք՝ ինչ է կատարվում ընտրություններից առաջ և հետո»: 
 Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ 

Free and fair elections are not just about polling day


Առհասարակ, հոդվածի առանցքային միտքն է՝ ցանկացած ընտրական գործընթացի մասին անաչառ պատկերացում կազմելու նպատակով անհրաժեշտ է հիմնարար մշտադիտարկում՝ սկսած նախընտրական շրջանից մինչև հետընտրական զարգացումներ և ցույցեր:


Եվ ահա ադրբեջանական haqqin.az լրատվակայքը վերցնում է այս հոդվածը, առանց որևէ հիմնավորման ընտրում «The Guardian-ը դատապարտել է Իլհամ Ալիևին քննադատողներին» վերնագիրը: 


Ավելին, կայքի խմբագիրը վերաձևափոխում է, աղճատում ու խեղաթյուրում է հոդվածը՝ մեջբերելով իմ նշած առաջին նախադասությունը հետևյալ կերպ. 
«Ադրբեջանում մի քանի միջազգային դիտորդների քննադատությունը ոչ մի բանի չհանգեցրեց: Միջազգային հանրությունը սովորաբար սկսում է քննարկել ընտրություններում ոչ այնքան հիմնավորված խախտումները, իսկ նման գնահատականը վկայում է ընտրական գործընթացին մակերեսային վերաբերմունքի մասին»:


Պրոֆեսիոնալ լրագրողը, նույնիսկ լրատվակայքի լուրերի թարգմանիչը կարող է իրեն թույլ տալ խմբագրել, սակայն բնօրինակ տեքստի իմաստը ոչ միայն խեղաթյուրել, այլ հաղորդել բացարձակ հակադիր նշանակություն, սա արդեն, համաձայնեք, միջակության ու հմտությունների պակասի կամ էլ վերևներից եկող պատվերները չափազանց ջանասիրաբար կատարելու ձգտման ցուցիչ է: ;)

Նկատենք, որ նախընտրական և հետընտրական շրջանում Haqqin-ը ցույց տվեց իր իրական դեմքը՝ ընդդիմության վերաբերյալ խիստ հակա և աչառու գրառումներով: Այս թյուր թարգմանությունն այդ շարքի տրամաբանական շարունակությունն է:

Ի դեպ, haqqin-ի հոդվածագրի ուշադրությունից «վրիպել են» Կիաիի այս խոսքերը. 

«Ադրբեջանում, օրինակ, խնդիրները ծագել են ոչ ընտրությունների օրը: Խաղաղ ցուցարարները հարձակման են ենթարկվել շատ ավելի առաջ, քան սմարթֆոններում հայտնվել է ընտրությունների նախորդ օրը ընտրությունների արդյունքների մասին հաղորդող հավելումը»:


Haqqin-ի հանդուգն քայլն անարձագանք չի մնացել Ադրբեջանում: Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ադրբեջանալեզու կայքի հոդվածները պարբերաբար ռուսերեն թարգմանությամբ հրապարակող minval.az լրատվակայքի խմբագրությունը, ուղիղ անուններ չհիշատակելով, գրում է.  


«Տեղական որոշ ԶԼՄ-ներ խեղաթյուրել են The Guardian-ի հոդվածի իմաստը՝ իբր թարգմանելով այն: Մենք որոշել ենք ներկայացնել հոդվածի իրական թարգմանությունն ամբողջությամբ, որտեղ քննադատվում են Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Ցավալի է, որ տեղական ԶԼՄ-ները սկսել են ավելի հաճախ օգտագործել «թարգմանության կարուսելներ», քանի որ ինչպես տեսնում եք հոդվածում չեն քննադատվում «Իլհամ Ալիևին մեղադրողները»»:

Գնահատում եմ Minval.az-ի նախաձեռնությունը, հատկապես նոր եզրի՝ «Թարգմանության կարուսելներ» շրջանառության մեկնարկը: Այս եզրն ավելի քան բնութագրիչ է haqqin.az-ի համար, որի կիքսերի մասին առաջին անգամը չէ, որ խոսում ենք: :)
Եվ սա այն դեպքում, երբ haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը ողողել է ադրբեջանական մամուլը լավ լրատվության բացակայության և ադրբեջանական լրագրության խնդիրների վերաբերյալ փիլիսոփայական ելույթներով: :)
Տես նաև՝

Комментариев нет:

Отправить комментарий