воскресенье, 20 октября 2013 г.

Հողը մարդկանցով է դառնում հայրենիք. վերաբնակեցման գործընթացն Արցախում (interview)



Արցախի ազատագրումից ի վեր վերաբնակեցումը դարձել է առաջնային նպատակներից մեկը: Այնուհանդերձ, շատերը չեն պատկերացնում՝ ինչ է դա, ինչպես է իրականացվում և ինչ նկրտումներից ելնելով:





Այս հարցադրումների պատասխանները փորձեցինք ստանալ Արցախի Քաշաթաղի շրջանի վերաբնակության վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանից: 



_Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Քաշաթաղում վերաբնակություն հաստատել ցանկացող անձը:
_Առաջին հերթին ինձ է դիմում՝ հեռախոսահամարով, սոցցանցով, առերես: Ես իրեն բացատրում եմ, հարցնում՝ արդյոք գյուղատնտեսություն սիրում է, որպեսզի հասկանա՝ ուր է գալիս, մենք հասկանանք՝ տվյալ անձն ինչ է ակնկալում: Միգուցե ենթադրյալ վերաբնակիչը բժիշկ է կամ այլ մասնագիտության տեր, որ ներկա դրությամբ Քաշաթաղին անհրաժեշտ է: Հետո հրավիրում եմ տվյալ մարդուն, մենք ծանոթացնում ենք նրան տեղանքին, գյուղերին, միասին փորձում հասկանալ՝ որտեղ կարող է բնակվել և ինչ է անելու: Հաճախ լինում է՝ մարդն ուզում է հողագործությամբ զբաղվել, հող չունի կամ իր ծննդավայրում հողի մշակման հետ կապված խնդիրներ ունի, դրա համար էլ ուզում է Քաշաթաղի վերաբնակիչ դառնալ:
_Մասնագիտությունը, ինչպես հասկացա, դեր խաղում է:
_Իհարկե, մեզ պետք են բժիշկներ, անասնաբույժներ, ուսուցիչներ, մանկավարժներ:
_Քաշաթաղի վերաբնակչին տուն տրվու՞մ է:
_Եղած բնակֆոնդից հատկացնում ենք, սակայն իհարկե լինում են դեպքեր, որ վերաբնակիչն ինքը պետք է իր տունը կառուցի, մենք անշուշտ օգնում ենք շինանյութերով:
_Ընթացիկ տարում Քաշաթաղում վերաբնակեցման ցուցանիշներով որ գյուղերն են առաջատար:
_Թերևս Իշխանաձոր ու Վակունիս գյուղերը:
_Վերաբնակեցումը միայն կառավարությու՞նն է ֆինանսավորում:
_Ոչ, կա «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամ, բացի այդ էլ անհատներ, որ հաճախ չեն ուզում՝ իրենց անունը հրապարակենք:


Պարոն Մաթևոսյանը, համեստ անձնավորություն լինելով, միշտ խուսափում է իր մասին պատմելուց, մինչդեռ նա վերաբնակիչներին հենց իր կենսակերպով ու իր դիրքորոշմամբ օրինակ է ծառայում. նա տեղափոխվել է Արցախ 1995 թվականին, 1988-ից շարժման շարքերում է եղել: Երբ Աևցախում սկսվել էր վերաբնակեցումը, սեփական նախաձեռնությամբ մասնակցել է: Այստեղ է հանդիպել ապագա տիկնոջը՝ Հասմիկին, 1997-ին ամուսնացել են, ընտանիք են կազմել, այժմ էլ ունեն 3 երեխա: «Երեխաներս այստեղ են ծնվել, նրանք քաշաթաղցի են»,-հպարտորեն նշում է վերաբնակիչը, որն անկեղծորեն կապվել է Արցախի հետ, բոլոր վերաբնակիչներին անուններով գիտի, Քաշաթաղի բոլոր անկյուններն անգիր գիտի: Խոստովանում է՝ համոզված է, որ վերաբնակեցումը շուտով տալու է իրենց ակնկալած փայլուն արդյունքները:




Վերաբնակեցման արդյունքներն ակնառու էին Հակարի գյուղում:

Գյուղն այդպես է կոչվում համանուն գետի անվամբ: 
Կանգ առանք դպրոցի մոտ, որը վերանորոգվում էր, կողքին՝ աշակերտները գնդակ էին խաղում:




Մեզ դիմավորեց տեղի դպրոցի տնօրեն Արմեն Մովսիսյանը՝ տեղեկություններ հայտնելով գյուղի և նրա դպրոցի մասին:


-Ե՞րբ եք սկսել աշխատել այստեղ՝ որպես միջնակարգ դպրոցի տնօրեն:
-1998-ից:
_Վերջին անգամ դպրոցը ե՞րբ է վերանորոգվել:
-2002-2003-ին կապիտալ շինարարություն է եղել, հիմա ընթացիկ նորոգումներ ենք անում:
-Պետակա՞ն, թե՞ բարեգործական միջոցներով:
-Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Օգնել է «Հայ կրթական հիմնադրամը»:
-Քանի՞ աշակերտ ունեք:
-18
-Իսկ դպրոցում քանի՞ աշխատող կա:
-17
-Ի՞նչ խնդիրներ են ծառացած դպրոցի առջև:
-Կարծում եմ՝ դպրոցի շենքի կահավորման խնդիր ունենք:
-Գրադարանի գրքերը բավարա՞ր են աշակերտներին:
-Բավականին մեծ գրադարան ունենք, իմ ուժերով եմ ստեղծել:
-Դասական գրականության պակա՞ս չկա:
-Հայ ու ռուս դասականներից գրեթե ամեն ինչ ունենք, դասագրքեր էլ ստանում ենք պետական ծրագրի համաձայն:
-Դպրոցում կա՞ն խմբակներ:
_Իհարկե, շախմատի ու կարուձևի:
_Դպրոցն ավարտած Ձեր սաները որտե՞ղ են բարձրագույն կրթություն ստանում:
-Վերջին տարիներին հիմնականում բանասերներ ենք տալիս, մեր շրջանավարտները սովորում են հիմնականում ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, նաև Արցախի համալսարանի տարբեր ֆակուլտետներում:
_Ուսուցիչները տեղաբնակնե՞ր են:
_Այո, բոլորը Հակարիից են, միայն մեկ ուսուցիչ ունենք, որ կողքի գյուղից է: Մեր դպրոցի որոշ շրջանավարտներ ևս դասավանդում են:
_Գյուղում բոլորը վերաբնակիչներ են: Աշակերտների գիտակցության մեջ Հայաստան-Արցախ տարանջատում կա՞: Ղարաբա՛ղ բառն է արմատավորված, թե՞ Արցախ:
_Երեխաների գիտակցության մեջ արմատավորված է հայրենիք բառը, նրանց մեծ մասն այստեղ է ծնվել, Արցախն էլ Հայաստան է ու նրանց հողն է:

Դպրոցին մերձ արագիլը բույն էր հյուսել: Տեղացիները ասացին՝ դա լավ նշան է, նշանակում է՝ կյանք կա...
 

Տես նաև՝

Սիրիահայերի վերաբնակեցումն Արցախում նաև հայրենադարձություն է (interview/photo)

Комментариев нет:

Отправить комментарий