вторник, 15 октября 2013 г.

Սիրիահայերի վերաբնակեցումն Արցախում նաև հայրենադարձություն է (interview/photo)





Դեռևս 2012-ի մայիսին առիթ ունեցանք Արցախում զրուցել Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ, որը նշել էլ Կովսական քաղաքում վերաբնակություն հաստատած սիրիահայ 6 ընտանիքի մասին: 


 
Սիրիայում հակամարտությունը մինչ օրս շարունակվում է, սիրիահայերը շարունակում են բնակություն հաստատել Արցախի տարածքում, և այս հանգամանքը քննարկումների տեղիք է տալիս թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում:


Ամբողջական պատկերացում կազմելու նպատակով կրկին այցելեցինք Արցախ, եղանք Քաշաթաղի գյուղերում և զրուցեցինք այստեղ վերջին շրջանում վերաբնակեցված սիրիահայերի հետ:


Մեզ ուղեկցում էր «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արտյուշա Մխիթարյանը: 


_Ի՞նչ քայլեր են արվում սիրիահայերի վերաբնակեցումը խթանելու և գործընթացը դյուրին դարձնելու ուղղությամբ:
_Մեր թիվ մեկ խնդիրը բնակարանների ապահովումն է, մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք: Խնդիրների մեծ մասը բարեգործական միջոցներ է լուծվում: Բերձորում 3 բնակարան «Քաշաթաղ» բարեգործական ընկերությունն է կառուցել, դրանք արդեն բնակեցված են, 2 առանձնատուն կառուցվել է «Հայրենիք» բարեգործական միության միջոցներով, կառավարությունն էլ տանիքի շինանյութն է ապահովել: Ասեմ, որ 1 բնակարան է կանգնեցվել «Ագապե» բարեգործական ընկերության ջանքերով Բերձոր քաղաքում, Իշխանաձորում 9 բնակարանով շենք կառուցել է կրկին «Քաշաթաղ»-ը, տանիքի շինանյութը տրամադրել է կառավարությունը: Կովսականում 12 բնակար ունեցող շենք ենք կառուցում: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոս Արամ Առաջինը նվիրաբերել է 50, 000  ԱՄՆ դոլար,« Օգնիր եղբորդ» հիմնադրամի կողմից ստացել ենք 12 մլն դրամ: Նշեմ նաև Թուֆենկյան հիմնադրամի մասին, որի ջանքերով Քաշաթաղում սիրիահայերի համար ևս մի բազմաբնակարան շենք է կառուցվել:
_Միջավայրին հարմարվելու ընթացքում սիրիահայերն ի՞նչ խնդիրներ են հարկադրված լինում հաղթահարել:
__Նախ մեր տեղաբնակները պետք է գիտակցեն, որ Սիրիայի մեր հայրենակիցները պատերազմից մայր հող են եկել, դրա համար էլ որոշակի արտոնություն ունեն: Մենք պետք է այնպես անենք, որ նրանք չմտածեն Սիրիա հետ գնալու մասին:  Կենցաղ, սնունդ …առաջին անհրաժեշտության ամեն ինչ հոգում ենք: Քաշաթաղ տեղափոխվածները հիմնականում Սիրիայի Ղամըշլի քաղաքից են, աշխատող մարդիկ են, հողով են զբաղվում, հացահատիկային մշակաբույսերին ծանոթ են: Ցավոք, որոշ հատվածներում եղանակային պայմանների պատճառով անցյալ տարի լավ բերք չեղավ:
Հաղթահարելի խոչընդոտ է, բայց կա լեզվի խնդիր,  դա էլ ընթացքում կշտկվի: Սիրիահայերի երեխաները, որ սովորում են տեղի դպրոցներում, հաճախում տեղի մանկապարտեզներ, հայերենը հեշտ սերտում են:








Քաշաթաղի վերաբնակիչներից մեկը՝ Վարդան Պողոսը, որը ծնվել ու մեծացել է Սիրիայում, իր տիկնոջ, դստեր, եղբոր ու  կնոջ հոր հետ եկել է Արցախ. ծնողները դեռ Սիրիայում են: Նա 2012-ի սեպտեմբերին ժամանել է Շուշի, մնացել 2-3 օր, ապա տեղափոխվել Բերձոր: «Այստեղ սիրիահայեր շատ կան, հող կա, դրա համար էլ հաստատվեցի այստեղ: Ես ու մյուս սիրիահայերը դաշտեր ենք հերկում: Սկզբում Բերձորում վարչակազմում հաշվապահություն արեցի, տնտեսագետ եմ մասնագիտությամբ, հիմա էլ շրջանի ղեկավարի օգնականն եմ սիրիահայերի գծով: Կինս մանկապարտեզում հաշվապահ է, երկուամյա աղջկաս կինս ամեն օր իր հետ տանում է մանկապարտեզ»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց վերաբնակիչը:
_Իրականությունն Արցախում համապատասխանու՞մ էր Ձեր պատկերացումներին:
_Հիմնականում այո, բայց դա անհատական է, լավ կլինի՝ ամեն մի սիրիահայ իր փոխարեն պատասխանի: Բայց ասեմ, որ սիրիահայերի մեծամասնությունը, որ սկզբում եկավ, ծանոթացավ Քաշաթաղին, հավանեց, գնաց հետ Սիրիա ու ընտանիքով հետ եկավ բնակվելու այստեղ:


Իշխանաձոր գյուղի նոր բնակիչ, 1988-ին ծնված Հրաչի ծնողները դեռ Սիրիայում են: Նա հայերենին այդքան էլ լավ չի տիրապետում, Վարդանի խորհրդով եկել է, տրակտորներ ու  կոմբայններ է վերանորոգում Իշխանաձորի ու շրջակա գյուղերի համար: Ուզում է մնալ, ամուսնանալ, ընտանիք կազմել: Սիրիա հետ գնալու նպատակ չունի, ընդհակառակը՝ ցանկանում է հաստատվել, իր գործում ինչ-որ աստիճանի հասնել, ապա սպասում է՝ սիրիահայերի համար նախատեսված բնակարանները կառուցեն, և ընտանիքին կկանչի իր մոտ: 

Մեզ տեղաբնակները պատմեցին, որ սիրիահայ ընտանիքները լավ հողագործներ են, նույնիսկ փորձում են լիմոն ու կիվի աճեցնել Արցախում՝ հայոց հողում: Ականատես լինելով նրանց շփումներին տեղացիների հետ՝ հասկացանք, որ պարոն Մխիթարյանի  խոսքերը մոտ են իրականությանը. սա թե՛ վերաբնակեցման, թե՛ հայրենադարձության գործընթաց է:

Комментариев нет:

Отправить комментарий