вторник, 8 октября 2013 г.

Հայկական տարազ, դեկոր, ավանդույթ.հնի նոր մեկնաբանում. Photo Atelier Marashlyan Retro (photo)








Photo Atelier Marashlyan Retro-այս անունը վերջին շրջանում ավելի հաճախ կարելի է հանդիպել սոցցանցերում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում: Հայկական ազգային երաժշտական գործիքներ, ամանեղեն, տարազ, հին  լուսանկարների ոճի ուրույն մեկնաբանում, ազգային տարրերով լի միաջավայր. ահա այս հատկանիշներն են իսկույն աչքի ընկնում լուսանկարները դիտելիս:

Առիթ ունեցա զրուցել 2013-ի ամռանը Երևանում ստեղծված լուսանկարչական ստուդիայի հիմնադիր Էմմա Մարաշլյանի հետ:

_Կներկայանա՞ք մեր ընթերցողներին:

_Ես ծնվել եմ Հայաստանում: Երբ 10 տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Մոսկվա: Ավարտել եմ Սեչենովի անվան բժշկական ակադեմիան: Ստեղծագործել սիրել եմ մանկուց, նկարներս ներկայացվել են մանկական ցուցահանդեսներին: Իսկ լուսանկարչությամբ զբաղվում եմ ավելի քան 7 տարի: Իմ առաջին ուսուցիչն է Ռուսաստանի լուսանկարիչների միության անդամ, պրոֆեսիոնալ լուսանկարիչ Վսեվոլոդ Տոբոտրասը: Դիմանկարչական արվեստի հմտությունները հենց նրա ստուդիայում եմ ստացել: 



_Ինչպես ծնվեց ռետրո ոճում լուսանկարներ ստեղծելու գաղափարը:

_Այժմ մեր ընտանիքի գործունեությունը ուղիղ կամ անուղղակի առնչվում է ազգային ինքնության վերածնման ու պահպանման, արմատներին ու դեպի Հայաստան վերադառնալու հարցերի հետ: Արմատներին վերադառնալու գաղափարներն արծարծվում են նաև իմ աշխատանքներում: Ժամանակին տարված էի բնանկարներով ու մակրոնկարչությամբ, ապա հանգեցի ռետրո ոճի դիմանկար-լուսանկարներին:

Մենք՝ հայերս, ունենք բացառիկ, բազմաճյուղ մշակույթ, ավանդույթներ ու սովորույթներ, սակայն դրանց բաղադրիչների մեծ մասն այժմ խեղաթյուրված է, անարդար կերպով մոռացված, կամ էլ համարվում են ոչ նորաձև կամ էլ ավելի վատ՝ հետամնացության նշան: Իմ կարծիքով՝ ռետրո լուսանկարչության դիմանկարի ճյուղը զարգացնելով՝ մենք կարող ենք օգնել շատ հայերի վերադառնալ արմատներին, նորովի զգալ կապն անցյալի հետ, մենք փորձում ենք հասարակության լայն շերտերին փոխանցել ու տարածել հագուստի մեջ էթնիկ տարրերի կիրառման սկզբունքը, թարմություն մտցնել ընտանեկան կենցաղային մշակույթ: Մենք ինքներս էլ վաղուց էինք ուզում ունենալ 19-րդ դարի վերջի-20-ի սկզբի լուսանկարների նման ազգային տարազներով ընտանեկան լուսանկար ունենալ:
   


__Հավանաբար աշխատանքի ընթացքում հետաքրքիր տեղեկություններ եք հավաքել հայկական տարազի մասին:

_Այո՛, հայկական տարազը, համաձայն կլիմայական փոփոխությունների և տվյալ միջավայրի էթնիկ առանձնահատկությունների, բաժանվել է ըստ դասի, սեռի, ցեղի՝ դառնալով դրանց խորհրդանիշը: Հետաքրքիր են հատկապես գույները: Սևը խորհրդանշում է հողը,  սպիտակը՝ ջուրը, կարմիրը՝ օդը, դեղինը՝ կրակը, ալ կարմիրը՝ իմաստությունը, կարմիրը նաև՝ քաջությունը, երկնագույնը՝ երկնային դատաստանը, ճերմակը՝ ողջախոհությունը: Ասեմ, որ ըստ գույնի ու ձևի՝ տարազից կարելի էր որոշել արդյոք ամուսնացած է աղջիկը, ունի կամ չունի երեխաներ, ունևոր է, թե ոչ: Օրինակ՝ կենաց ծառի պատկերումը նշանակում էր ծաղկող զույգ: Նախշերի մի մասն էլ նախատեսված էր կնոջը չար աչքից պաշտպանելու համար: Ինչ վերաբերում է ռետրո լուսանկարներում միջավայրի ստեղծմանը, ապա այս հարցում ես չեմ հիմնվում միայն հին լուսանկարների վրա, փորձում եմ նորարարություններ, նոր դինամիկ, երբեմն էլ՝ հումորային համադրություններ կատարել:   


_ Համագործակցու՞մ եք որևէ կազմակերպության կամ ստուդիայի հետ:

_Գագիկ Գինոսյանի շնորհիվ ես ու ամուսինս ծանոթացել ենք «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ: Մենք սկսեցինք կենտրոնից հագուստներ պատվիրել ռետրո լուսանկարչության համար, իսկ էսքիզների վրա աշխատում էինք կենտրոնի դիզայներ-կոնստրուկտոր Թագուհի Սիմավորյանի հետ: Վերջերս սկսել ենք համագործակցել Հայաստան տեղափոխված սիրիահայ հայտնի նկարիչ-մոդելյոր Գևորգ Շադոյանի հետ:


__Շա՞տ են այս ուղղության շրջանակներում ստեղծագործող հայ լուսանկարիչները:

_Ցավոք, ռետրո լուսանկարչության ուղղության շրջանակներում ստեղծագործող և ընտանեկան ռետրո լուսանկարներ պրոֆեսիոնալ ստեղծող հայ լուսանկարիչների չեմ հանդիպել: Վատ է, որ 20 տարուց ավել անկախություն ունենալով հանդերձ՝ մենք առաջինն ենք, որ որոշել ենք այս ոճում գործունեություն ծավալել: Ես ինքս հավաքում եմ հայկական տարազին վերաբերող գրքեր, տարազներ, հագուստներ, բացիկներ: Մի անգամ առցանց գտա Ֆ.Օրդենի ու Ա.Սևրուգինի լուսանկարները, որոնք պատկերում են Կովկասի ժողովուրդներին՝ ազգային տարազներով:


_Ի՞նչ խնդիրներ են ծագում ռետրո լուսանկարչությամբ զբաղվելիս ու լուսանկար ստեղծելու գործընթացում:


 _Իրականում ես շատ եմ հուզվում ամեն մի լուսանկար անելուց առաջ, քանի որ շատ պատասխանատու եմ վերաբերում ստուդիայում կատարվող ամեն ինչին: Ֆոտոստուդիա եկող մարդիկ մոդելնել չեն, նրանք չգիտեն՝ ինչպես պահել ձեռքերը, ինչպես կանգնել, ուր նայել: Դա իհարկե բարդեցնում է աշխատանքը: Ես ստիպված եմ լինում հետևել մարդու շարժուձևին, հուշել: Լուսանկարելուց հետո էլ աշխատանքը շարունակվում է, լուսանկարը պետք է ըստ արժանվույն մշակվի՝ գույները, ոճավորումը՝ ըստ ռետրոյի: Ինձ դուր է գալիս հետևել, թե ինչպես է նոր հագուստի ու նոր կերպարի մեջ մարդը փոխվում, սկսում բնավորության նոր գծեր դրսևորել: Ինձ համար կարևոր է նաև լուսանկարչության գործընթացի ժամանակ մոդելի հետ հաղորդակցությունը, դրա ընթացքում բացահայտվում է ինձանից մի մասնիկ ու ներդրվում լուսանկարի մեջ: Եթե վերցնեք լաբորատորիայի մշակումից հետո ստացված լուսանկարը, նրանում կամ ես, իմ ներկայությունը:  :)


Комментариев нет:

Отправить комментарий