четверг, 10 октября 2013 г.

Արցախի գորգագործության վերածնունդը (photo)





Արցախի ԱԳՆ-ն սեպտեմբերի վերջին կազմակերպեց լրագրող-բլոգգերների այց Արցախ, որի շրջանակներում ինձ համար բացահայտեցի, որ Ստեփանակերտում գորգագործության արտադրամաս կա: Ավելին, բազմահարկ մասնաշենքում ինտենսիվորեն շինարարություն է ընթանում, որպեսզի արտադրամասը վերածվի գորգագործության համալիր-կենտրոնի:







«Ղարաբաղ Կարպետ» ՍՊԸ տնօրեն Սևակ Խաչատրյանը պատմեց, որ 2013-ի հուլիսին են հիմնադրվել: Շուշիում իրենց գլխավոր գործարանային համալիրն է, իսկ Ստեփանակերտում նոր են հաստատվում: Մոտ ապագայում ցանկանում են մասնաշենքում հիմնել ներկատուն, լվացքատուն, խուզման կետ, մշակման կետ, որպեսզի գորգի պատրաստման ողջ գործընթացը կայանա մի տեղում: «Ղարաբաղ Կարպետ» ՍՊԸ-ն նաև ապահովվում է տեղաբնակներին մշտական աշխատանքով. Շուշիում արտադրամասը 30 գորգագործ-աշխատող ունի, Ստեփանակերտում՝ 62: Ընդ որում, մեր այցի ժամանակ գորգերի գործման բուռն աշխատանքներ էին ընթանում: Պարզվեց՝ պետությունից պատվեր ունեն, գորգեր են պատրաստում Արցախյան լոտոյի ապագա շահողներիհամար:







_Ապագայում գորգագործության ուսումնական կենտրոն հիմնելու ծրագրեր չունե՞ք:
_Հիմա էլ մեր աշխատողների 80%-ն աշակերտներ են, ակամայից ուսումնական կենտրոն է ստացվում: Համենայն դեպս արժե լուրջ մտածել ձեր նշածի ուղղությամբ: Մեր նորեկներն աշակերտում են հմուտ գորգագործուհիներին: Մեկ տարվա ընթացքում աշակերտը նշանակալից արդյունքներ է գրանցում, եթե սիրով և աշխատասիրությամբ է վերաբերում գործին: Մենք նրա հետ ի սկզբանե էլ կնքում ենք աշխատանքային պայմանագիր:



_Զարդանախշերն ի՞նչ սկզբունքով եք ընտրում:
_Օդից ոչ մի բան չենք հնարում, հետևում ենք հայկական գորգագործության ավանդույթներին: Ունենք հատուկ դիզայներ, Երևանից է ուղարկում, երբեմն էլ օգտվում ենք Վահրամ Թաթիկյանի գրքերում տպագրված գորգանախշերից: Այս հանգամանքը հերթական անգամ ապացուցում է, որ համակարգված փորձում ենք վերածնել հայկական Արցախյան գորգագործությունը:


_Գորգերի շուկայում Արցախյան գորգը կարո՞ղ է արժանի մրցակից լինել:
_Կուզեի խորքից սկսել: Հայաստան աշխարհը, այդ թվում՝ Արցախը, հազարամյակներ շարունակ գորգեր է տվել: Տարածաշրջանում ժամանակին Հայաստանն առաջատար էր, սակայն վերջին տասնամյակների ընթացքում որպես մշակութային ու տնտեսական ոլորտ գորգագործությունը կարծես ընդհատվել էր: Արդյունքում մեկ սերունդ չի տիրապետում դրան, հիմա ուզում ենք վերականգնել, համոզված եմ՝ լավ աշխատելու դեպքում կլինենք շուկայում արժանի մրցակից:
_Մեր հարևան պետությունն ամեն ինչ անում է գորգագործությունը մենաշնորհ դարձնելու համար:
_Ադրբեջանական գորգ հասկացություն չկա, դա ընդամենը քարոզչություն է, խորամանկ կերպով յուրացրել են մեր մշակույթն ու գորգագործությունը, հորինել ադրբեջանական գորգ, այն էլ՝ իր ենթաճյուղերով, որոնք իրականում գոյություն չունեն: Նախ հայկական գորգը մյուս բոլոր գորգերից տարբերվում է, այն ամուր է, ունի կրկնակի հանգույց, հետո զարդանախշերի, գունային համադրությունների տարբերություն կա: Մեզ հիմա պակասում է միայն քարոզչություն, աշխարհին, հասարակությանը ճիշտ ներկայացում: Ղարաբաղյան հայկական գորգերը հայտնի են աշխարհին, դրանք բացառիկ են, պարզապես պետք է հաճախ շեշտել այս հանգամանքը: 




Արտադրամասի ամենաերիտասարդ գորգագործուհին՝ 17-ամյա Հարությունյան Գոհարը, սիրում է հայոց պատմություն, Արցախի պետական համալսարանի ուսանողուհի է, ամիս ու կես է, ինչ զբաղվում է գորգագործությամբ: «Ես լրիվ զրոյից եմ սկսել, հիմա վանդակներ եմ գործում, եկեղեցական գորգի վրա եմ աշխատում, ամեն մի նախշ նշանակություն ունի: Եթե լավ աշխատեմ, մի ամսում կավարտեմ»,-պատմեց Գոհարը: Գոհարը հատուկ ընդգծեց, որ ինտերնետն ընդհանրապես չի ձգում իրեն, ինքը գորգն է սիրում: :)




Վարպետ գորգագործուհի՝ Լենա Առաքելյանը, որն աշակերտներով շրջապատված աշխատում էր, ծնվել է 1963-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Ունի 2 աղջիկ, 1 տղա: Սովորել է գործել 16 գտարեկանից Ստեփանակերտում 1970-ականների վերջին, երբ քաղաքում գորգի արտադրամաս է եղել: 6 տարի է աշխատել այդ արտադրամասում, պատմում է, որ թուրքերն էլ էին գալիս գորգագործության: «Մեր ձեռքով գործած գորգերը էն ժամանակ վերցնում-տանում էին Ադրբեջան, տանում էին Բաքու»,-ցավով նշում է տիկին Լենան: Ամենալավը հիշում եմ Այգեստան գորգը, մեջը ամբողջը նռների նախշեր էր, Լոռի գորգ էլ ենք գործել, վերջերս Տատու պապով, Սայաթ Նովայի նկարներով գորգեր ենք գործել: Վկայեց, որ խիստ է, բայց գործելուց նյարդերը հանգստանում են: Ստեփանակերտում տեսնում է առաջխաղացում, ուրախ է, որ տանը նստած չէ, ունի աշխատանք, այն էլ՝ սիրած զբաղմունք: 




Մեզ որպես գաղտնիք արտադրամասում ասացին, որ իրենց վերևի հարկում շուտով հնարավոր է Versace աշխարհահռչակ ընկերությունն արտադրամաս հիմնի ;) :P










Комментариев нет:

Отправить комментарий