вторник, 12 ноября 2013 г.

Թալիշերեն թալիշների իրավունքներ թալիշների համար, իսկ ո՞վ է պահպանելու դրանք





Նոյեմբերի 11-ին ադրբեջանական «Սալամնյուզ» իշխանամետ լրատվական գործակալությունը հաղորդում է՝ Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնն ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանման ուղղությամբ աշխատանքների շրջանակներում ՄԱԿ-ի կայքում հրապարակել է Մարդու իրավունքներիհամընդհանուր հռչակագրի թալիշերեն տարբերակը: 
 
Ըստ նույն աղբյուրի՝ թարգմանությունը կամավոր կատարել է Ալլահվերդի Բայրամովը, խմբագրել է Աթահան Աբիլովը:

Ալլահվերդի Բայրամովի մասին ինձ այդպես էլ ոչինչ չհաջողվեց պարզել, սակայն Աթահան Աբիլովը բավականին հայտնի է թալիշների շրջանում: Նա իրավապաշտպան է, դեռևս 2008-ին քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել ՌԴ-ում: 2009-ի հունիսին Մոսկվայում նրա վրա հարձակվել ու ծեծել են անհայտ անձինք՝ իր քաղաքական դիրքորոշման համար: 2013-ի հոկտեմբերին նախագահական ընտրություններում նա աջակցել է ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիին: 2012-2013 թթ. նա մի շարք հարցազրույցներ է տվել ռուսական լրատվամիջոցներին՝ խոսելով «Թոլիշի սյադո» թերթիգլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի անարդար դատավարության և սին մեղադրանքների մասին:


Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Աբիլովն ընդգծված պաշտպանում է թալիշների իրավունքները՝ բացեիբաց խոսելով դրանց խախտման մասին:

Այնուհանդերձ, հարց է ծագում՝ ինչու՞ է իշխանամետ լրատվական գործակալությունը հրապարակում նման նորություն, մինչդեռ համանման թեմաներին Ադրբեջանում անդրադառնում է հիմնականում ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Ճիշտ է՝ մարդու իրավունքների թարգմանությունը թալիշերեն հնարավորություն կտա թալիշներին առավել ընդգրկուն պատկերացում ունենալ սեփական իրավունքների մասին, հետևաբար՝ կարթնացնի ինքնագիտակցություն ու ազգային ինքնագիտակցություն: Սակայն, մյուս կողմից էլ, ուշադրություն դարձնենք, որ սա ո՛չ գիրք է, ո՛չ դասագիրք է, ո՛չ գեղարվեստական գիրք է, ո՛չ մամուլի տեսակ է թալիշերենով: Այն ընդամենը պաշտոնական փաստաթուղթ է, որը թարգմանել ու տեղադրել են ՄԱԿ-ի կայքում: Քանի՞ թալիշ է ունակ մուտք գործել ՄԱԿ-ի կայք ու ներբեռնել իր իրավունքների PDF ֆայլը, քանի՞ թալիշ պատկերացում ունի համացանցից այդ աստիճանի: Բնականաբար, բավականին քիչ: Փոխարենը, իշխանամետ գործակալությունը մեծ սիրով հրապարակում է այս նորությունը, որովհետև այն հարմար առիթ է Արևմուտքի աչքերին թոզեր փչելու՝ Ադրբեջանի պատկան մարմինների կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքները, լեզուն, ինքնագործունեությունը հարգելու, հանդուժողականություն ցուցաբերելու շրջանակներում: Դա թույլ կտա այս կամ այն կերպ սիրաշահել Արևմուտքին ու զանազան արևմտյան իրավապաշտպան կազմակերպություններին՝ ստեղծելով իմիտացիա՝ իբր Ադրբեջանում ռեալ աշխատանք է տարվում թալիշների ուղղությամբ, հատկապես որ նախագահական կեղծված ընտրություններից հետո Ադրբեջանն ունի նման անհրաժեշտություն:

Իրականում աշխատանքը կլիներ այն, որ օրինակ թալիշաբնակ գյուղերում դպրոցներ բացվեին, թալիշերենով դասընթացներ անցկացվեին, թալիշերենով դասագրքեր տպագրվեին, թալիշագիտության ամբիոն հիմնվեր, թալիշերենով լրատվամիջոց բացվեր, վերջապես թալիշական տեղանունները բռնի չփոխվեին ադրբեջաներեն արհեստածին տարբերակների: Սակայն Ադրբեջանը չի գնա այս քայլերին, որոնք ունակ են նպաստելու ազգային ինքնագիտակցության զարգացմանը: Ընդհակառակը, արտաքին աշխարհից հնարավորինս մեկուսացնելով թալիշաբնակ տեղանքները՝ պաշտոնական Բաքուն գնում է թալիշ մտավորականության ձերբակալության, թալիշներին ճնշելու և հետապնդելու ճանապարհով: 


Ինչ վերաբերում է թալիշերենով մարդու իրավունքների հրապարակմանը, ապա դա միայն թղթի վրա է մնալու, քանի որ Բաքվի համար միևնույն է՝ ինչ լեզվով գրված իրավունքներ են խախտվում:

Комментариев нет:

Отправить комментарий