четверг, 7 ноября 2013 г.

«Առան, Շիրվան և Ադրբեջան». Հայաստանի համար կարևոր միջազգային հնչեղության միջոցառում






Օրերս ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպել էր «Առան, Շիրվան և Ադրբեջան» միջազգային հնչեղության գիտաժողով, որին ներկա էին տարածաշրջանի բնիկ ժողովուրդների՝ Ադրբեջանում «ազգային փոքրամասնություն» բնորոշումը ստացած թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների ներկայացուցիչներ: Գիտաժողովին մասնակցում էին արևմտյան հեղինակավոր ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ, տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ գիտնականներ և ասպիրանտներ: Գիտաժողովի ընթացքը չխաթարեց անգամ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումը: :)

 
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը տեղեկացրեց գիտաժողովի առանցքային նշանակության և առանձնահատուկ կարևորություն ունեցող զեկուցումների մասին:


_Նախ այսպիսի միջոցառումներին մշակվում են ուղենիշներ, որոնք հետագայում պետք է քննարկվեն և հայտնվեն հայ-իրանական, հայ-թալիշական, հայ-լեզգիական փոխհարաբերությունների հիմքում: Ինչ վերաբերում է կոնկրետ այս գիտաժողովին, ապա այս անգամ հանգամանորեն քննարկեցինք
Ա. Ադրբեջանում էթնիկական ժողովուրդների հարցերի ընդհանրացումը, հնարավոր լուծումների առաջարկներ ու մշակումներ: Քանի որ տեղաբնակ ժողովուրդները հասկանում են՝ չի կարող Ադրբեջանի նման երկրում լինել իրենց իրավունքների պահպանում, խոսքի ազատություն, ազգային պատկանելության նկատմամբ հանդուրժողականության քաղաքականություն, բնականաբար նրանք ձգտում են նվազագույնն ինքնավար պետական միավորման ստեղծմանը: Այս գաղափարն  էլ ավելի ամրապնդվեց գիտաժողովին:
Բ. Իրանի դերը տարածաշրջանում՝ որպես քաղաքական-հասարակական գործոն, հայերի հետ առնչությունները:
Գ. Մենք գրանցեցինք Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների գիտական մակարդակի բարձրացում, մեր իրանագիտության դպրոցի ձեռքբերումների դրսևորման հնարավորություն:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, շարունակելով գիտաժողովի բարձրացրած առանցքային ու արդիական  հիմնախնդիրների թեման, նկատեց.


_Գիտաժողովը մեր գիտական միջոցառումների շարքից է: Դեռևս 2005-ին առաջին թալիշագիտական միջազգային գիտաժողովն էր, շարքը մինչ օրս շարունակվում է, սա էլ մի մասն էր այդ շղթայի: 2005-ից ի վեր գրեթե ամեն տարի ամենաքիչը մեկ գիտաժողով ենք ունենում: Առանցքային քննարկումները ծավալվեցին ներկայիս Ադրբեջանի թե՛ տեղաբնակ ժողովուրդների, թե՛ հենց ադրբեջանցիների խնդիրների շուրջ: Ասեմ, որ մենք դիտարկում ենք որպես գործընկեր այն էթնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնք չեն գնում կեղծ արժեքների, հայատյացության քարոզչության հետևից, հիմնված չեն կեղծ պատմության վրա, մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցելու՝ անկախ նրանց բնակության վայրից, դավանանքից ու քաղաքացիությունից: Այս գիտաժողովներն ապացուցում են, որ հայերը կրողները չեն այն կերպարի, որն ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իր տարածքի բնիկ ժողովուրդների աչքին:
Զեկուցումների տեսքով քննարկվեցին կովկասալեզու ժողովուրդների, թաթերի կամ կովկասյան պարսիկների խնդիրները, և առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Հայաստան ժամանած թաթ ժողովրդի ներկայացուցիչը զեկույց կարդաց Ադրբեջանում ու Դաղստանում թաթերի խնդիրների վերաբերյալ: Նոր ասպարեզներ բացվեցին, որտեղ մենք կարող ենք լուրջ հաջողություն գրանցել Իրանի, Վրաստանի, Դաղստանի, Արևմուտքից՝ Կանադայից ու այլ երկրներից ժամանած գիտնականների հետ բեղուն համագործակցության շրջանակներում:
Ուշագրավ էր գիտաժողովի ժամանակ Իրանի համալսարանի պրոֆեսոր Սալեհի զեկուցումը 16-րդ դարի մի քանի մանրանկարների մասին: Այստեղ պատկերված էր և գրված ներկայիս Ադրբեջանի տարածքի՝ Արանի ու Շիրվանի, շիա դավանող ժողովուրդների դաժան կոտորածների պատմությունը, որ իրագործել էր Օսմանյան կայսրությունը: Սա փաստացիորեն փշրում է այն կարծրատիպային գաղափարախոսությունը, որ մշտապես առաջ են տանում ու քարոզում նույն Ադրբեջանի իշխանությունները՝ «Երկու պետություն, մեկ ժողովուրդ»: Բնականաբար, սա միակ կռվանը չէ այս թյուր մտքի չեզոքացման պարագայում, սակայն նշանակալից է, քանզի հիմնված է միջնադարյան աղբյուրի վրա:



Պարոն Ոսկանյանը նշեց, որ հայկական իրականությանը պետք են մասնագիտացված լրագրողներ, քանի որ գիտաժողովում շոշափված թեմաները լուսաբանելու համար անհրաժեշտ է խորքային մոտեցում և թեմայի իմացություն: Նա կոչ է անում լրագրողներին զգոն լինել համանման թեմաների շուրջ գրելիս, նախապատմություններին ուշադրություն դարձնել, իրանագետներն էլ իրենց հերթին պատրաստ են մեկնաբանել կամ հարկ եղած դեպքում հուշել ու մատնանշել աղբյուրները:


Նկատենք, որ ծագումով Իրանից, արևմտյան տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորները, մեզ հետ զրույցում կարծիք հայտնելով Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, խոսեցին զանգվածային ընտրախախտումների, Իլհամ Ալիևի երրորդ պաշտոնավորման կանխատեսելի բացասական հետևանքների, ինչպես նաև նախընտրական ու հետընտրական անհիմն ձերբակալությունների, մասնավորապես թալիշների ու լեզգիների նկատմամբ կիրառվող հետապնդումների մասին: Շեշտվեց, որ Արևմուտքը բավարար ուշադրություն չի դարձնում այս հիմնահարցերին՝ նվազ չափով բարձրաձայնելով Ադրբեջանի տեղաբնակ ժողովուրդների խնդիրը, երբ անհրաժեշտ է լինում սեփական նկրտումներից ելնելով՝ լծակներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:

Комментариев нет:

Отправить комментарий