воскресенье, 3 ноября 2013 г.

Արցախ.Նոր կյանքի լիցքերով շնչող Կովսականում (interview/photo)

Արցախ կատարած այցելության ամենահետաքրքիր դրվագներից մեկը հենց Քաշաթաղի շրջանի Կովսական, նախկինում՝ Զանգելան քաղաքը տեսնելն էր ու բնակիչների հետ զրուցելը: Քաղաքը Ողջի գետի ափին է: 2013-ի տվյալներով՝ քաղաքում շուրջ 500 տնտեսություն կա:




Ինչպես նշեց Քաշաթաղի վերաբնակության վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, այս շրջանում «Կովսական» անունով կայարան է եղել ու գյուղ դեռևս խորհրդայնացումից առաջ: Խորհրդային տարիներին անունը փոխել են «Զանգելան»: Ազատագրումից հետո վերականգնել են պատմական անունը: 

Նկատենք նաև, որ «Կովսական» անունով գավառ է եղել պատմական Սյունիքի կազմում:
Կովսականի տեղամասային հիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանը Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղից է եկել:  12 տարի է, ինչ բնակվում է Քաշաթաղում: Մեր այցի ժամանակ հիվանդանոցի վերանորոգման ինտենսիվ աշխատանքներ էին ընթանում


-Ե՞րբ են սկսել վերանորոգումը:
-2 ամիս է արդեն:
_Քանի՞ աշխատող կա հիվանդանոցում:
-32, գյուղերն էլ հետը՝ 57 աշխատող:
-Իսկ որտե՞ղ է աշխատում հիվանդանոցի անձնակազմը, և որտեղ ընդունում հիվանդներին վերանորոգման աշխատանքների ընթացքում:
-Տեսնում եք՝ հիվանդանոցի կողքին ոչ մեծ շինություն կա, դրա փոքրիկ սենյակներում, բայց դա իհարկե ժամանակավոր է:
-Դեղորայքի կամ բժշկական տեխնիկայի խնդիր ունե՞ք:
-Դեղորայքի գրեթե չունենք, տեխնիկայի խնդիրն է առաջնային, գրեթե ոչինչ չունենք, քանի որ հին հիվանդանոց է եղել: Այնուամենայնիվ, վստահ ենք՝ կառավարությունն ու բարեգործները գործիքային հետազոտման պարագաներ վաղ թե ուշ կտրամադրեն: Նոր վարչակազմը :
_Լսել եմ, որ Կովսականում ծնելիության աճ է գրանցվել:
_Ճիշտ եք լսել: Կովսականում 40%-ը բազմազավակ մայրեր են, նախորդ տարվա համեմատ ծնելիության աճ ենք գրանցել: Այստեղ առհասարակ խրախուսում են բազմազավակությունը:
_Մանկաբարձուհիներ ունե՞ք:
_Այո՛, մանկաբարձուհին մինչև հիվանդանոցի վերանորոգման աշխատանքի մեկնարկն այստեղ ծնունդներ էր ընդունում: Հիմա անհրաժեշտության դեպքում մոտիկ է, Կապան ենք տեղափոխում, մինչև վերանորոգումն ավարտվի:
_Ո՞ր հիվանդություններ են ավելի տարածված:
-Գիտեք՝ սեզոնային են, երևի թե շնչառական հիվանդություններ, հազՄենք ունենք անհրաժեշտ մասնագետներ՝ նյարդաբան, թերապեվտներ, մանկաբույժ, մեր սիրիացի Արոյանը գաստրոինտերոլոգ է, դրա համար էլ միմիայն շատ բարդ հիվանդության դեպքում ենք հիվանդին ուղարկում Կապան:


Մեզ ուղեկցեցին տեղի` հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դպրոց, որտեղ էլ հնարավորություն ունեցանք տեղեկանալ աշակերտների քանակի, դպրոցի ու գրադարանի իրավիճակի հետ:

Քաշաթաղի վերաբնակության վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը մեր ուշադրությունը հրավիրեց գրադարանին: «Այ, իսկական հերոսը գրադարանավարուհին է, այնպիսի ձեռքի աշխատանքներ ունի, որ հիանալ կարելի է»,—հավաստիացրեց պարոն Մաթևոսյանը:

Եվ իրոք, մենք պարզեցինք, որ Լեռնուհի (Հերիքնազ) Իսոյանը 1995-ին զրկվել է 2 ոտքերից և աջ ձեռքից, առանց ամուսնու (ամուսինը դեպքից հետո լքում է ընտանիքը) մեծացրել իր 2 զավակներին: 1998-ից երեխաների հետ վերաբնակեցվել է Քաշաթաղի շրջանում: Նրա փոքր որդին ծառայում է բանակում, մեծն օրերս է զորացրվել: «Երեխաները սիրում են, գալիս են կարդալու, թողնում ենք` գրքերը տանում են տուն, կարդում են ու վերադարձնում: Գրադարանում հանրագիտարաններ են պետք թե՛ մեծերի, թե՛ մանկական»,—նշեց Լեռնուհին:


Հավալենք, որ մոտ ժամանակներս «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը գրքեր է տանելու Կովսականի դպրոցի գրադարանին:


Դպրոցում ամենանաղմկոտը դահլիճն էր: Այստեղ հանդիպեցինք Տարոն Պողոսյանին՝ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի ձյուդոյի մարզիչին: Նա 1998-ի մայիսից վերաբնակեցվել էր Կովսականում, ամուսնացած է, երկու զավակ ունի:


Նա ցավով նշեց, որ դահլիճի տարածքը նեղ է ու փոքր, տատամների հետ կապված խնդիր ունեն, մարզահագուստի էլ, դրանք բավարար քանակի չեն: «Լավ կլիներ՝ այս ամենը լուծվեր, որովհետև ապագա ունի սպորտը, լավ ցուցանիշներ ենք գրանցել: Կիմոնոներն արդեն 3 տարի է՝ օգտագործում ենք, բարերարներից մեկն է նվիրել»,-վկայեց մարզիչը:


_Պահանջա՞րկ ունի ձյուդոն Կովսականում:
_Շատերն են ուզում գալ, հավատացեք, մի մասին ստիպված ասում եմ՝ գնացեք, հետո կգաք, տեղ չունենք ախր, թե չէ ես սիրով պարապում եմ: Վաղը մյուս օրը այս տղաները զինվոր են դառնալու, մենք ֆիզիկապես պատրաստում ենք ծառայության, կոփում ենք տղաներին: Թեկուզ այդ առումով կարևոր է:
_Փաստորեն, դահլիճի վերանորոգումն անիմա՞ստ է, նո՞ր դահլիճ է պետք:
_Այո,՛ փոքր դահլիճում անհնար է մարզվելը, զրոյից պետք է դահլիճ սարքել, տեղը չափից դուրս փոքր է:


Մինչ մենք զրուցում էինք, ձյուդոյի դպրոցի սաները՝ մեծից փոքր, մարզվում էին, փորձում էին «Երևանից եկած» հյուրերի մոտ լավագույն տպավորությունը թողնել: Ակնառու էր, որ տարիքով փոքր սաների համար մեծ աշակերտների խոսքն անցնում էր, իսկույն լսեցին, շարվեցին, որ իրենց լուսանկարենք: :)


Սաներից ամենամեծը կրում է Մոնթեի անունը: 14 տարեկան այս տղան պատմեց, որ այստեղ է ծնվել, դպրոցն այստեղ է գնացել, 4 տարի է՝ պարապում են, հանրապետական մրցումների են մասնակցել ու լավ ցուցանիշներ ունենք: «Հիմա էլ մեր փորքերին ենք հետևում, օգնում»,-ժպտալով նշեց Մոնթեն:


Ռազմիկ Մարգարյանը, որը 2008-ից պաշտոնավարում է՝ որպես համայնքի ղեկավար, քաղաքի խնդիրների շարքում նշեց խմելու ջրի հարցը:


«Հաստատում եմ, որ ծնելիությունը մեզ մոտ բարձր է, տարեց տարի երեխաներն ավելանում են, դպրոցը հիմա 104 աշակերտ ունի, մյուս տարի ավել է լինելու, կգաք, կտեսնեք»,— գոհունակությամբ նշեց պարոն Մարգարյանը:


Ազատագրված տարածքները վերաբնակեցվում են, վերաբնակիչներն արդեն հաստատվել են, երեխաներ են ունեցել: Այս հողի համար արյուն թափած մարդիկ համոզված եմ՝ պայքարել են հենց նրա համար, որ թեկուզ Կովսականում նորապսակ ուսուցիչների զույգը իրար ձեռք բռնած խաղաղությամբ քայլի դեպի տուն, որ դպրոցի բակում երեխաները խաղան, որ դահլիճում մարզվեն, որ գրադարան հաճախեն ու գիրք կարդան, որ Սիրիայի հայերը այս հողը մշակեն ու իրենց մանուկներին այս մանկապարտեզն ուղարկեն, որ վերաբնակիչն իրեն անվանի կովսականցի ու հային վայել սեղան գցի հյուրերի համար, որ քաղաքը շնչի  նոր Կովսականի նոր կյանքի լիցքերով
  Հ.Գ. Շնորհակալություն Կարեն Վրթանեսյանին լուսանկարների համար:

Комментариев нет:

Отправить комментарий