понедельник, 30 декабря 2013 г.

Ամփոփում ենք 2013-ը. Զորակն, Ռազմինֆո, սահմանամերձ գյուղ, զորամաս, Սարի աղջիկ

Ամփոփում ենք իմ բլոգի երկրորդ տարին :)






Ինչ խոսք, բարդ տարի էր, բայց ավելի շատ ձեռքբերումների, քան ձախողումների: Այս տարի աշխատել եմ շատ, հաջողություններս էլ համարում են աշխատանքիս արդյունքը:

Նախ տարին սկսվեց Զորակն հիմնադրամի դասընթացների փուլն անցնելուց և դասընթացների հաճախելուց, որոնք ինձ տվեցին շատ կարևոր գիտելիքներ ու շատ լավ ընկերներ: Նրանք մինչ օրս իմ կողքին են, հուսով եմ՝ միշտ էլ կողքիս կլինեն:


Հետո սկսվեց Ռազմինֆո լրատվակայքում իմ աշխատանքը: Վերջապես ես ունեցա ստաբիլ աշխատանք այն ոլորտում, որտեղ ուզում էի: Գրում եմ հիմնականում Ադրբեջանի մասին և ինձ դրա համար վճարում են :D ;) 

Առաջին հայացքից աշխատանքը հեշտ թվաց, բայց դա միայն առաջին հայացքից: Անկեղծ կասեմ, Ռազմինֆոյում բնավ հեշտ չէ աշխատելը, բայց աշխատանքի ընթացքում շփվում ես ոլորտի գիտակների հետ, ձեռք բերում անհրաժեշտ մասնագիտական փորձ: Բացի այդ էլ, ունենք լավ կոլեկտիվ, ինչը կոնկրետ ինձ համար կարևոր նախապայման է:  


2013-ին բացահայտեցի ինձ համար անհայտ աշխարհ՝ սահմանամերձ գյուղերը: Այս բացահայտման ճանապարհին առաջին քայլերս կատարեցի Ջորջ Տաբակյանի օգնությամբ, այցելեցինք Բերքաբեր: Հետո Բարեկամավան, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար... և այլն: Սիրեցի գյուղի բնակչին, սիրեցի մթնոլորտը՝ թե՛ ջերմոցներում աշխատող բերքաբերցուն, թե՛ Ներքին Կարմիրի ֆուտբոլ խաղացող ամաչկոտ երիտասարդներին, թե՛ նույնիսկ դժգոհ դեմքով բարեկամավանցուն: :) Գիտակցեցի՝ այս ոլորտում ահռելի աշխատանք կա անելու, և կարծում եմ՝ պարտավոր եմ ստացածս գիտելիքներն ու ներուժս ուղղել նաև այս ոլորտ: Զորակնի շրջանակներում դեռևս մի ծրագրի մասնակցեցի Ներքին Կարմիրում, 2014-ին հուսով եմ նույն թափով կշարունակեմ:

Ռազմինֆոյի շրջանակներում այցելեցի զորամասեր, ցուցահանդեսներ, մոտիկից տեսա ռազմական տեխնիկա, արդեն տարբերում եմ Տ-72 տանկը Տ-90-ից :) Կյանքում չէի մտածի, որ երբևէ սպառազինության մասին կգրեմ: Զորամասերում էլ պատկերացում կազմեցի զինվորի օրվա, խնդիրների, բանակի լավ ու վատ կողմերի մասին:

Այս ամենը բնականաբար արտացոլվեց իմ բլոգի գրառումներում: Ձեռքբերումներ եղան նաև բուն բլոգիս շրջանակներում: Որպես բլոգեր ինձ սկսեցին տարբեր միջոցառումների հրավիրել, այդ թվում՝ Արցախ: Այս տարվա այցելությունս Արցախ անմոռանալի էր, բազում նյութեր գրվեցին ու դեռ գրվելու են: Արցախում ձեռք բերեցի լավ ընկերներ, անհամբեր սպասում եմ արձակուրդիս, որ նետվեմ դեպի Արցախ, անգամ ցուրտ եղանակը չի խոչընդոտի: :)

Եվ վերջապես, տարվա վերջին Անժելա Էլիբեգովայի աջակցությամբ կյանքի կոչվեց Սարի աղջիկը հայկական երգ է նախագիծը: Բրյուսովի PR-ի բաժնի հրաշք աղջիկների շնորհիվ հավաքվեց մեծաքանակ նյութ, կատարվեց լուրջ աշխատանք: 2014-ին նույն թափով շարունակելու ենք:

Հա, այս տարի նաև մկրտվեցի հայ առաքելական եկեղեցում, անձնական նշանակության կարևոր իրադարձություն էր ինձ համար:

Տարին նշանակալից էր այն տեսանկյունից, որ ինձ մոտ նկատում եմ որոշակի աճ, նյութերս որակապես փոխվել են, Ադրբեջանին տարրական հեգնելն արդեն վերածվել է փաստարկումներով ու վերլուծական մոտեցմամբ հրապարակումների: Չգիտեմ՝ միգուցե սխալվում եմ, ընթերցողներս ավելի հստակ կիմանան: Համենայն դեպս, դատելով հարևան երկրի արձագանքներից՝ իրոք քայլ առաջ եղել է:

Բացի այդ, այս տարի վերջապես որոշակի ինքնավստահություն ձեռք բերեցի, որ ինձ շատ էր պակասում, սովորեցի հավատալ սեփական ուժերին, հասկացա, որ այն մտահղացումներն ու գաղափարները, որ ծագում  են գլխումս, անհեթեթ չեն, և մի մասն էլ կյանքի կոչելու արժանի են: 

Չմոռանամ ասել, որ նպատակ  ունեմ բլոգս ավելի լուրջ մի բան դարձնել, նաև՝ տեխնիկական տեսանկյունից:

Շնորհակալ եմ Աստծուց ամեն ինչի համար, մեծ հույսեր ունեմ, որ 2014-ին ինչ որ պետք է կշտկեմ, առաջընթացն ավելի շոշափելի կլինի, կհասցնեմ էլ ավելի շատ մտքեր ի կատար ածել: 

Հ.Գ. Հա, չհարցնեք, անձնականում նորություն չկա, իսկ թե ինչու, տրամաբանական պատասխան չունեմ: :D

Комментариев нет:

Отправить комментарий