среда, 25 декабря 2013 г.

Հայերը՝ Եթովպիայում




Հայ ժողովուրդը դարեր շարունակ ճակատագրի բերումով ապրել ու ստեղծագործել է ոչ միայն հայրենի հողում, այլև նրա սահմաններից դուրս: Աշխարհի որ ծագում էլ որ եղել է հայը, մշտապես թողել է իր հանճարեղ մտքի արգասիքները՝ նշանակալից ներդրում ունենալով տեղի հասարակական-քաղաքական ու հոգևոր-մշակութային զարգացման մեջ: Հայերի ներկայությունն անհերքելի փաստ է անգամ հեռավոր Եթովպիայում…

Եթովպիան (հունարեն՝ «արևաթուխ») գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` սահմանակցելով Սուդանին, Քենիային ու Սոմալիին: Հնում Եթովպիան կոչվել է նաև Հաբեշստան, իսկ ժողովուրդը` հաբեշներ (նման ձևով են Եթովպիան անվանում հին հայկական հեքիաթներում), բացի այդ՝ մի շարք հայ մատենագիրներ եթովպացիներին հիշատակում են՝ որպես «խափշիկ»՝ սևամորթ: Եթովպացիների մասին առաջին վկայությունը հաղորդում է Պատմահայր Խորենացին. «Մի հնագույն ավանդություն պատմում է` ասորեստանցիների կողմից Պրիամոսին ուղարկված օգնական զորքի մեջ է եղել նաև հայազգի Զարմայր զորավարը` եթովպական զորքով»:

Եթովպիայի հնագույն հայկական գաղթօջախը կազմավորվել է 7-րդ դարում (այն իր գոյությունը պահպանել է մինչև 15-րդ դարը), երբ արաբական խալիֆայությունը գրավում է Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը և բազմաթիվ քրիստոնյաներ` այդ թվում հայեր, գաղթում են Եթովպիա: Նրանք հաստատվում են Դեսսինե քաղաքի մոտ, որտեղ կառուցում են Ս. Ստեփանոս եկեղեցին: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նշված բնակավայրը հաբեշական մատենագիրները հիշատակել են՝ որպես «Հայկական կղզի»: Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո հայերի նոր հոսք է ծավալվում դեպի Եթովպիա:

Տեղի մատենագիրները վկայում են, որ հաբեշական արքունիքը մեծ վստահություն էր ցուցաբերում իր մոտ ծառայող հայերի նկատմամբ՝ հաճախ բարձր պաշտոններ տալով նրանց: Այդպիսի հայերից մեկն էր Մատթևոս անունով հոգևորականը, որը 1513 թվականին եթովպական Հեղինե թագուհու կողմից բանակցությունների է ուղարկվում պորտուգալական թագավորի մոտ, ևս երկու հայ` Մուրադ անունով, 17-րդ դարում նշանակվում են Հաբեշստանի դեսպաններ Հնդկաստանում և Ֆրանսիայում: Այնուհանդերձ, հայերի հանդեպ արտոնյալ վերաբերմունքն առավել ակներև էր այն ժամանակ, երբ 17-րդ դարում պորտուգալացիների կողմից Եթովպիան գաղութացնելու անհաջող փորձից հետո եթովպացիները խստիվ արգելեցին սպիտակամորթների մուտքն իրենց երկիր՝ բացառությամբ հայերի:

Ինչ վերաբերում է հայ-եթովպական դավանաբանական փոխառնչություններին,ապա դրանք սերտացել են 5-րդ դարից, երբ եթովպացիները, ասորիները, ղպտիներն ու հայերը դեմ են դուրս եկել Քաղկեդոնի ժողովի պահանջներին՝ պահպանելով իրենց կրոնական ինքնությունը: Եթովպական ուղղափառ եկեղեցում Հայ եկեղեցու հեղինակության բարձրացումը կապված է եթովպական ամենանշանավոր սրբերից մեկի` Մակաբա Էկզիեի (ս. Եվստաթեոս, 14-րդ դար) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է հայկական Ս. Ստեփանոս վանքում: Նա Հայաստան է այցելել երեք անգամ. վերջին այցելության ժամանակ 14 տարի ապրել է Կիլիկիայում և այստեղ էլ մահացել 1358-ին՝ թաղվելով հայկական եկեղեցու բակում: Եվստաթեոսի վարդապետության հիման վրա Զարա Հակոբ թագավորը վերակառուցել է Եթովպական ուղղափառ եկեղեցին, ինչն էլ հնարավորություն է ընձեռել եթովպական քրիստոնեությունը ձերբազատել մահմեդական և հեթանոսական բարքերից: Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված այդ բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչեցին Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան եկեղեցիների մեջ: Այս ճանաչման հետևանքով Հայ եկեղեցու մի շարք սրբեր (ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Հռիփսիմե, ս. Գայանե) և ավանդույթներ տեղ են գտել եթովպական կրոնական գրքերում ու մատենագրության մեջ:

Երկար կարելի է խոսել ու թվարկել այն բոլոր հայերին, որոնք մեծ ազդեցություն են ունեցել եթովպական պետության ու եկեղեցու կայացման գործում: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել կարևոր մի քանի անուն ևս. 1882 թվականին Եթովպիայում հաստատվեց հայազգի Սարգիս Թերզյանը, որը զբաղեցրել է զինվորական ու վարչական բարձր պաշտոններ, գլխավորել Եվրոպա մեկնած մի շարք պատվիրակություններ, նրան Եթովպիայում ընկալում են՝ որպես ազգային հերոսի: Ազգությամբ հայ է նաև եթովպական հիմնի հեղինակը՝ Գևորգ Նալբանդյանը: Համաձայն մի շարք գիտնականների ուսումնասիրությունների՝ չի բացառվում, որ եթովպական այբուբենի հեղինակը եղել է հենց Մեսրոպ Մաշտոցը:

Комментариев нет:

Отправить комментарий