суббота, 14 декабря 2013 г.

Ադրբեջանի սահմանամերձ գյուղի դպրոցի կառուցումը՝ Salamnews-ի անհաջող քարոզչություն







Ադրբեջանական լրատվակայքերն առհասարակ բավականին  հազվադեպ են անդրադառնում իրենց սահմանամերձ գյուղերին, հատկապես Հայաստանին ու Արցախին սահմանակից բնակավայրերին: Անդրադարձներ լինում են միայն այն ժամանակ, երբ օրինակ շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խումբը մշտադիտարկում է անցկացնում, կամ էլ հարկավոր է լինում գյուղի բնակիչներից մեկի անունն օգտագործելով՝ հակահայ բովանդակության սադրիչ պատմություն հորինել (հայ զինվորներն իբր ոչխար են գողացել, սահմանամերձ գյուղի ադրբեջանցի բնակիչներն էլ գնացել են հետ բերելու, հայերն իբր վիրավորել են սահմանամերձ գյուղի խաղաղ բնակչին...):


Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ուշադրությունս գրավեց իշխանամետ դիրքորոշմամբ աչքի ընկնող Salamnews լրատվական գործակալության կայքում տեղ գտած լուրը՝ «Թշնամու հետ սահմանամերձ Ղազախի շրջանի գյուղերում մեկնարկել է դպրոցների շինարարություն»: Կարծում եմ՝ հասկացաք, որ «թշնամին» վերաբերում էր հայերին, Ղազախի շրջանն էլ սահմանակից է մեր Տավուշի մարզին:

Նյութում ասվում է. «"Kaspi MMC ընկերության ջանքերով Բալա Ջաֆարլի, Մազան ու Ղուշչու Այրըմ սահմանամերձ գյուղերում դպրոցների կառուցման աշխատանքներ են սկսվել՝ համաձայն ընկերության գլխավոր հաշվապահ Ռասիմ Հուսեյնովի խոսքերի: Դրանք շահագործման են հանձնվելու 2014-2015-ին»:

Ձմռան ցրտին դպրոցների կառուցման ինտենսիվ աշխատանքներ տանելն ավելի քան տարօրինակ է: Բացի այդ, նյութին կցված երկու լուսանկարներում կանաչ է ու ամառային-գարնանային եղանակ, կարճ թևքերով վերնաշապիկներով աշխատող բանվորներ:

Նայում ենք Ադրբեջանում եղանակի տեսությունը՝ ձմեռ, ցուրտ, տեղումներ, ձյուն: 

Որոնողական համակարգերում ստուգում ենք լուսանկարները: Եվ, օ՜, հրա՜շք:

Լուսանկարներից մեկը, որտեղ պատկերված է արևի լույսի ներքո շինություն, Բաքվի Նարիմանովի շրջանի №259 մանկապարտեզն է: Լուսանկարը վերցված է նախագահի պաշտոնական կայքից, արված է 2011-ի սեպտեմբերի 1-ին:


Իսկ ահա մյուս լուսանկարը վերցված է Arcon ադրբեջանական ընկերության կայքից: Լուսանկարը տեղադրվել է 28.02.2012-ին և կրկին առնչություն չունի վերոհիշյալ թեմայի հետ:

 http://2516.az.all.biz/mvcud-obyektlrin-yenidn-qurulmas-s3382

Փաստորեն, նկարները որևէ կապ չունեն նյութի հետ, մինչդեռ նյութում հատուկ շեշտվում է՝ տեղեկությունը փոխանցում է Salamnews-ի շրջանային թղթակիցը, որը կարող էր խմբագրությանը տրաամդրել գոնե 1-2 լուսանկար՝ դպրոցների կառուցման աշխատանքներից։

Ձմռան ցրտին դպրոցի կառուցման աշխատանքի մեկնարկի մասին լուրն ամենայն հավանականությամբ քարոզչական նպատակներ է հետապնդում: Չի բացառվում նաև, որ գովազդվում է Kaspi MMC ընկերությունը:

Комментариев нет:

Отправить комментарий