вторник, 10 декабря 2013 г.

Սարի աղջիկը տուն է վերադառնում երգ ու պարով (video)








Դեկտեմբերի 9-ին «Նարեկացի» արվեստների միությունում «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի կամավորները կազմակերպեցին երգի տարբերակների տեսագրումներ: Մասնավորապես, Ռուբեն Մաթևոսյանի՝ 70-ականներին կատարած երգի ներքո պարեցին պարուհի և բեմադրիչ Ալլա Լաչինյանի սաները, իսկ հայտնի թառ նվագող, հայ ազգային երաժշտությունն ու նվագարանները միջազգային հարթակներում նորովի հնչեցնող Միքայել Ոսկանյանը դաշնակահարի հետ ներկայացրեց ինքնատիպ կոմպոզիցիա՝ ջազային էլեմենտներով: 
Ինչ վերաբերում է պարին, ապա այն կյանքի կոչելուն օգնեցին 3 պարուհիներ՝ Անահիտ Արշակյանը, Լուսինե Տոնոյանը, Մերի Բրուտյանը։

Միքայել Ոսկանյանը մեզ հետ զրույցում պատմեց.

_Որպես հայ ազգային երգն ու երաժշտությունը դրսում ըստ արժանվույն ներկայացնող արվեստագետ՝  ի՞նչ կարծիքի եք «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի թույլ և ուժեղ կողմերի մասին:

_Կարծում եմ, որ շատ կարևոր նախաձեռնություն է.... մենք պետք է տեր լինենք մեր արժեքներին : Ուժեղ է արդեն, որ կա նման նախագիծ , որ առաջ է քաշել այս հարցը: Թույլ կողմերի մասին դեռ վաղ է խոսել, որովհետև դեռ անցնելու ճանապարհ կա:

_Իսկ ի՞նչ կասեք երգի մասին. երգի մեղեդային կառուցվածքը հուշու՞մ է հայկականությունը: Ինչո՞վ է առանձնահատուկ այս երգը՝ ըստ Ձեզ:
_Այո՛, միանշանակ հայկական մեղեդային կառուցվածք ունի, հայ երաժշտական լադային համակարգի մեջ բազմաթիվ օրինակներ կան: Իր այդ լադային կառուցվացքը որոշակի  ընդհանուր գծեր ունի նաև արևելյան այլ ազգերի լադային համակարգերի հետ, կարծում եմ հենց դա է երբեմն շփոթության տեղիք տալիս:

-Ի՞նչպես ու որքա՞ն ժամանակում ստեղծեցիք երգի Ձեր տարբերակը՝ Ձեր մշակումը: Հնարավոր է՞ ապագայում Ձեզանից լսենք նաև այլ մշակումներ՝ ավելի մեծ թվով երաժշտական գործիքների մասնակցությամբ:

_Մեզանից պահանջվեց 15 րոպե... երգը շատ հարազատ էր ու հեշտ եղավ իրագործել այդ մշակումն իմ ընկերոջ՝ դաշնակահար Արման Պեշտմալջյանի հետ միասին : Հետագայում , իհարկե, հնարավոր է այս տարբերակի ավելի նվագախմբային հնչողությամբ կատարումների իրագործումը, այդ միտքը միանգամից ծագեց մեզ մոտ:


Ալլա Լաչինյանը ևս խոսեց նախագծի ու երգի մասին իր տպավորություններից.

_Ի՞նչ կարծիքի «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի մասին, ինչու՞ համաձայնեցիք միանալ:
_ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ազգ գոյություն ունի նախ և առաջ իր մշակույթի շնորհիվ , իսկ մենք կամաց-կամաց այն մոռացության ենք մատնում : Եթե յուրաքանչյուր մարդ իր լուման ներդներ մեր մշակույթի պահպանման գործում , ես համոզված եմ ՝ մենք կլինեինք ավելի ուժեղ և միասնական : Ինձ համար այս նախագիծը հրաշալի հնարավորություն էր իմ հոգու խոսքը արտահայտելու և իմ հնարավորությունների սահմաններում մի փոքրիկ մասնիկը թողելու մեր մշակույթի պատմության մեջ :

_ Բա՞րդ էր պար բեմադրել երգի ներքո: Արդյոք մենք ունեցե՞լ ենք հին հայկական ազգային պար՝ այս երգի համար:
_ Առհասարակ հայկական մեղեդիները պարային են ,առավել ևս՝  «Սարի աղջիկը»: Ես պատկերացրել եմ պարն այս երաժշտության առաջին իսկ նոտաները լսելուց : Հայկական ազգային պար այս երաժշտության ներքո չի եղել , քանի որ երգը լիրիկական է , սակայն հնարավոր է , որ հնում եղել են բեմադրական պարեր , ուղղակի մեզ չեն հասել :

_ Այլ ոճերում այս երգի կատարում պատկերացնու՞մ եք, և ըստ այդմ՝ տարբեր ոճերի պարեր այս երգի ներքո տեսնու՞մ եք:

_Իհարկե տեսնում եմ , հատկապես՝ ջազ ոճում : Կարծում եմ յուրաքանչյուրը իրեն հոգեհարազատ ոճում կարող էր այս երգը տեսնել և կատարել , քանի որ այն շատ հիշվող է ` թե ՛ մեղեդին , թե խոսքերը:

Հ.Գ. 
«Սարի աղջիկը հայկական երգ է» նախագիծն արդեն ունի իր կայքը՝ sari-aghjik.com.
Էջում սիրողական վիդեոների մրցույթ լինելու, սպասվում են նոր ֆլեշմոբեր ու անակնկալներ, ինչպես նաև նոր կատարումեր հայ հայտնի երգիչ-երգչուհիների կողմից:

Комментариев нет:

Отправить комментарий