вторник, 7 января 2014 г.

Իլհամի 1 մլն դոլարը՝ ադրբեջանցիների «էպոսի» հիման վրա նոր ֆիլմի համար

Հետևելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին՝ հունվարի 5-ին Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել: Ըստ դրա՝ բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի՝ «Դեդե Քորքութի» (Գորգուտի) ստեղծման համար նախագահի ռեզերվային ֆոնդից հատկացվելու է 1 մլն ադրբեջանական մանաթ (1 մլն 270 հազար 668 ԱՄՆ դոլար):




Նկատենք, որ դեռևս 1975-ին՝ խորհրդային տարիներին, Ադրբեջանում նկարահանվել էր համանուն, 2 մասից բաղկացած ֆիլմ:

Եթե այս չափի գումար տրամադրվում է նախագահի անձնական ֆոնդից, այն էլ՝ նախագահի հրամանագրով, ուրեմն Ադրբեջանում՝ թեկուզ միայն իշխանությունների մակարդակով, կարևորվում է այս թեման:

Եվ իրոք, ոչ վաղ անցյալում՝ 2013-ի դեկտեմբերի 13-ին, Իլհամ Ալիևն անձամբ է բացել Բաքվում Դեդե Քորքութի արձանն ու համանուն նորակառույց զբոսայգին: Դեկտեմբերի 27-ից էլ ակտիվանում է Դեդե Քորքութի անունը կրող ադրբեջանական հիմնադրամը, որը հիմնականում գործում է Ռուսաստանում: Մամուլը գրում է, որ հիմնադրամի ջանքերով միջոցառումներ են կազմակերպվում, մեդալներ են շնորհվում:

Այսինքն, թեման պահվում է ուշադրության կենտրոնում…և ինչու՞

Ադրբեջանում Դեդե Գորգութի քիթաբը համարում են իրենց «հնադարյան ազգային էպոսը», ինչը բնականաբար իրականությունից հեռու է, քանի որ էպոսը գրվել է 15-16-րդ դարերում: Այն իրենցն են համարում նաև թուրքմենները, ղազախները, ղրղզները, օղուզական ցեղերը: Էպոսն իր բովանդակությամբ համապատասխանում է քոչվոր կենսակերպ վարողների գրվածքներին:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ էպոսում շատ են բռնության, արյունահեղության ու սպանությունների կոչերը, օրինակ՝ հայրը որդուն օրինակ է բերում շատ գլուխներ կտրած իր եղբորն ու դաստիարակին: Ընդ որում, էպոսում ընդունում են, որ Փոքր Ասիան քրիստոնեաբնակ է եղել, տեղաբնակներին բնութագրում են որպես «գյավուրներ»:

Բացի այդ, Ադրբեջանում էպոսի նկատմամբ հակասական վերաբերմունք կա: Այսպես, խորհրդային տարիներին՝ մասնավորապես 1940-ականներին, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները հավաստիացնում են՝ էպոսը չի համապատասխանում «իրական ադրբեջանցու կերպարին»՝ որպես նախնի համարելով միդիացիներին: Մինչ օրս էլ Ադրբեջանում միդիացիներից ծագման ցնորամիտ վարկածի համախոհները մերժում են այս էպոսն ու առհասարակ թյուրքական ցեղերի հետ ունեցած առնչությունները:

Հատկանշանական է, որ Ադրբեջանի անկախացումից հետո էպոսի կարիքը սուր զգացվեց և այն վերդարձվեց ասպարեզ Հեյդար Ալիևի թեթև ձեռքով: 2000 թվականին Ադրբեջանում նույնիսկ հանդիսավոր կերպով նշվեց էպոսի 1300-ամյակը: «Դա մեր ազգային ազատության, պետական անկախության տոնն է»,-շեշտեց Հեյդար Ալիևը հանդիսավոր արարողության ժամանակ: Ադրբեջանցիները չեն զլացել և այդ օրվա ողջ ելույթը թարգմանել են հատուկ մեզ համար հայերեն: ;)

Հեյդար Ալիևի քայլը տրամաբանական էր. նոր կազմավորվող պետությունն ու կազմավորումը չավարտած ժողովուրդն ուներ համախմբման և ազգային ինքնագիտակցություն ձևավորելու կարիք, ինչին կարելի էր նպաստել ընդհանուր նախնիների, արմատների (թեկուզ և կեղծ) վերհանման և ժողովրդի հիշողության մեջ վառ պահելու միջոցով: Ավելին, էպոսն իրենցը հռչակելով հանդերձ՝ Հեյդար Ալիևն իր խոսքում այնուամենայնիվ ընդգծում է դրա թյուրքական ծագումը, իսկ այդ շրջանում Ադրբեջանին պետք էր քաղաքական-դիվանագիտական, ինչու չէ նաև բարոյահոգեբանական տեսանկյունից թյուրքական ցեղերին և Թուրքիային հնարավորինս մոտ լինելու իմիտացիա ստեղծելը:

Նշածներս ներկայումս անհրաժեշտ են թերևս նաև Իլհամ Ալիևին, հատկապես հոկտեմբերի նախագահական ընտրություններից հետո ստեղծված մթնոլորտում:

Комментариев нет:

Отправить комментарий