воскресенье, 26 января 2014 г.

Արմենի շնորհիվ մենք բանակն ավելի մոտ զգացինք


Հունվարի 19-ին ադրբեջանական դիվերսիային դիմագրավելիս հերոսի մահով զոհվեց հայ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Փառք հերոսին ու փառք նրան դաստիարակած ծնողներին:





Թշնամին ըստ արժանվույն պատասխան ստացավ՝ հաջորդ օրերին իրար հետևից հայտնելով կոծկած զոհերի ու վիրավորների անունները:

Մի կողմ դնելով կատարվածի զգացմունքային կողմը և ողջ պատկերը ամբողջացնելով՝ թվում էր՝ արտառոց ոչինչ չկա, քանի որ ամեն տարվա սկիզբ սահմանին լարված է, ամեն տարվա սկիզբ, ցավոք, մենք սահմանին կամ վիրավոր կամ զոհ ենք ունենում՝ բնականաբար թշնամին էլ չի խուսափում կորուստներից: Թվում էր՝ մեկ-երկու օր կհիշենք-կխոսենք, Արմենի արարքը կգովենք և կմոռանանք, կանցնի-կգնա, կզբաղվենք ամեն մեկս մեր անձնական հոգսերով: Բայց…

Հասարակությունը սկսեց հետաքրքրվել՝ ով էր Արմենը, ինչով էր զբաղվում, ինչ կատարվեց սահմանին: Մամուլն էլ սկսեց բավարարել հասարակության հետաքրքրվածությունը, ընդ որում՝ Արմենի, Արմենի ընտանիքի և հունվարի 19-ի գիշերվա կատարվածի վերաբերյալ հոդվածներ հայտնվեցին նույնիսկ այն լրատվակայքերում, որոնք սովոր են լսարան հավաքել բացառապես սկանդալային իրադարձություններ լուսաբանելու միջոցով:

Հասարակությունն ունեցավ հերոս, ժամանակակից հերոս, որի կարիքը շատ էինք զգում: Այն մարդիկ, որոնք ազգի համար գլոբալ իմաստով օրինակ են՝ Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն, Դուշման Վարդանը, Վազգեն Սարգսյանը. վաղուց չկան, և նրանց օրինակ բերելիս բարդ է բացատրել այն ժամանակաշրջանն ու ժամանակի պահանջները, որում բնակվել ու գործել են այս հերոսները: Իսկ Արմենի դեպքում շարքային հայ երիտասարդը գիտակցում է, որ հերոսությունը հեռու եթերային հասկացություն չէ, որ միայն ֆիլմերում ու գրքերում է, այլ հերոսությունն իրական է, հերոսը՝ Արմենն էլ էր իրական, իր նման հագնվում էր, իր նման խոսում, իր նման գրում Օդնոկլասսնիկում և ֆեյսբուքում, իր նման պոստ պահում: 

Հայ երիտասարդը հասկանում է, որ բանակը այն անտանելի, հեռու տեղը չէ, որտեղ «մարդն անիմաստ էրկու տարի ծախսում ա», որ ինքը կարևոր է իր երկրի համար, իր երկրի ու իր ընտանիքի անվտանգության պաշտպանը հենց ինքն է: «Թույն այֆոն» ու «թույն մեքենա» հասկացությունների հիմքի վրա ստեղծված արժեհամակարգում փոփոխություն նկատվեց. երիտասարդությունը հարցնում և խոսում էր Արմենից և Արմենի հերոսական քայլից: Վերջապես նկատելի էր, որ բացի առօրյա հոգսերից, ֆինանսական խնդիրներից զատ՝ մարդիկ մտահոգվում էին զինվորի մասին: Հերոսը «պոստ պահող տղու» հավաքական կերպար Արմենն էր: 

Ասածիս ապացույցը տարբեր վայրերում երիտասարդների ջանքերով ինքնաբուխ կազմակերպված մոմավառություններն էին, լռության րոպեները ֆեյսբուքում: Արմենի հիշատակին նվիրված էջը հավաքել է ավելի քան 18 հազար հետևողներ՝ առանց խնդրելու, պահանջելու կամ լայքել համոզելու: Ամենահուզիչ պահն այն է, երբ 14-17 տարեկան հայ երիտասարդներն աշխարհի տարբեր ծայրերից բանաստեղծություններ ու երգեր են ձոնում Արմենի հիշատակին: 

Ես միշտ նախանձով էի նայում, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց ամեն մի սպանված կամ զոհված զինծառայողի հիշատակին քարոզչական էջեր բացում, քարոզչական պաստառներ ստեղծում, իսկ մենք սահմանին հանուն մեր անվտանգության և հանգիստ քնելու զոհված զինծառայողներից շատ քչերի անունը գիտենք: Հուսով եմ՝ Արմենի շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կհասկանա, թե որքան կարևոր է հենց հասարակության համար նման մարդկանց ճանաչելը և հենց նման մարդկանցով հպարտանալը, ինչպես և զինվորի համար է կարևոր զգալը, որ իր թիկունքում իր մասին մտահոգ մարդիկ են, որ գնահատում են դիրքերում անցկացրած իր ամեն մի օրը:

Բացի իր կյանքի գնով ծառայակիցներին փրկելուց՝ Արմենի քայլի շնորհիվ հասարակությունն ավելի մոտիկ զգաց բանակն ու զինվորին:

Комментариев нет:

Отправить комментарий