суббота, 29 марта 2014 г.

ՄԱԿ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել թալիշ խմբագիր Հիլալ Մամեդովին



Օրերս Իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային դաշնությունը՝ FIDH-ը, ինչպես նաև Կտտանքների դեմ հանձնաժողովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել «Թոլիշի սյադո» («Թալիշի ձայն») թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին, որին 2013-ի սեպտեմբերի 26-ին դատապարտել են 5 տարի ազատազրկման։


Այդպիսով սույն կազմակերպությունները հաստատել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը, ըստ որի՝ Մամեդովի ձերբակալության և ազատազրկման համար Ադրբեջանի պատկան մարմիններն այդպես էլ բավարար բացատրություններ չեն ներկայացրել, իսկ դատավարության ընթացքում դատավորն անհայտ պատճառներով հրաժարվել է ընդունել Մամեդովի փաստաբանների ներկայացրած տեսագրությունները, ուստի Մամեդովի նկատմամբ դատավճիռը հետևանք էր վերջինիս կողմից ազատ խոսքի իրավունքի արտահայտման։

Կարևոր է նաև, որ ՄԱԿ-ը շեշտել էր՝ Մամեդովի բանտարկությունը փորձ է խոչընդոտելու նրան Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների մասին բարձրաձայնելու։

Նկատենք, որ Արևմուտքը վերջին շրջանում սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ մասնավորապես թալիշների խնդրին։ Կարծում եմ՝ այս հարցում երկրորդական չէր 2014-ի փետրվարի 19-ին Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովի (Հումմաթզոդայի)՝ Բրյուսելումկայացած, Եվրախորհրդարանի կազմակերպած «Խաղաղությունը և համակեցությունը ՀարավայինԿովկասում» խորագրով հակամարտությունների վերաբերյալ համաժողովի ժամանակ հնչած ելույթը։

Հիշեցնենք, որ Հիլալ Մամեդովին 2013-ի դեկտեմբերի 27-ին դատապարտել էին 5 տարի ազատազրկման: Հիլալ Մամեդովին ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։ 2014-ի հունվարի վերջին հայտնի էր դարձել՝ հունվարի 23-ին բռնություն է իրագործվել Ադրբեջանի պետական պատժիչ ծառայության N17 կալանավայրում: Նրան իր կամքին հակառակ ճաղատացրել են, ձեռքից խլել են դեղերը, փաստաթղթերը, որոշ ժամանակով նույնիսկ զրկել են խմելու ջրից:

Այսօր հայտնի է դարձել, որ Մամեդովին հաջողվել է բանտից նամակի գրել իր ընկերներից մեկին։ Տե´ս նամակը։ Hilal Məmmədovdan (zindandan) Mirzə Xəzərə göndərdiyi məktub

Թալիշներն Առաջավոր Ասիայի հնագույն, խոշոր իրանական էթնոսներից են: Լեզուն, որով խոսում են թալիշները, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի հյուսիս-արևմտյան՝ թաթ-թալիշյան ենթախմբին: Ադրբեջանում թալիշները հիմնականում բնակվում են հարավ-արևելյան հատվածում՝ դավանելով իսլամի շիական ուղղությունը, իսկ Իրանում՝ հյուսիս-արևմտյան հատվածում բնակվող թալիշները սուննի են: Ընդհանուր առմամբ թալիշական բնակչությունն առավել խիտ է Կասպից ծովի հարավ-արևմտյան շրջաններում։

Թալիշներին հաջողվել էր հիմնել սեփական պետությունը 1993-ի հունիսին ներկայիս Ադրբեջանի հանրապետության հարավում՝ 7 շրջաններում։ Հանրապետությունում վերահսկողությունն իրականացնում էր Լենքորանում տեղակայված ռազմական բրիգադի շտաբը։ Փաստացիորեն դադարել է գոյություն ունենալ 1993-ի օգոստոսին։
Ադրբեջանի իշխանությունները մշտապես նվազեցված են ներկայացնում թալիշների թվաքանակը՝ 110-120 հազար, իրականում նրանք մոտ 1-1.5 մլն են միայն Ադրբեջանի տարածքում։

Տե´ս նաև՝

Ադրբեջանում թալիշ խմբագրին բռնության են ենթարկել կալանավայրում



Комментариев нет:

Отправить комментарий