вторник, 15 апреля 2014 г.

Հերթական միջազգային կազմակերպության կոչն Ադրբեջանին՝ թալիշ խմբագրին ազատ արձակելու




«30 օր ազատության համար» լրագրողների ու իրավապաշտպանների կազմակերպությունը, որը նորահայտ նախաձեռնություն է, և ապրիլի 4-ից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրենց ծավալած գործունեության պատճառով ազատազրկված 30 լրագրողների ազատ արձակմանն ուղղված քայլեր է ձեռնարկելու, օրերս անդրադարձել է ազգությամբ թալիշ, «Թոլիշի սյադո» («Թալիշի ձայն») թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին, որին 2013-ի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում դատապարտել են 5 տարի ազատազրկման։

Տե´ս հղումը. 30 days for Freedom. Hilal Mammadov

Պարզվում է՝ Մամեդովն ընդգրկված է այդ 30 լրագրողների շարքում, որոնք, ըստ կազմակերպության, զոհ են գնացել սեփական տեսակետի բարձրաձայնմանն ու լրագրողի առաքելության կատարմանը։

Նշենք, որ սույն նախաձեռնությունը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շեշտելով՝ Հիլալ Մամեդովին բանտարկել են զուտ ազգային փոքրամասնությունների (Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների) իրավունքները պաշտպանելու համար։ Ընդ որում, կազմակերպությունը հիշեցրել է նաև նույն պատճառով բանտարկված, «Թոլիշի սյադոյի» նախկին խմբագիր Նովրուզալի Մամեդովի մասին, որը ցիտում եմ «ձերբակալվել էր 2008-ին, 2009-ին մահացել բանտում տանջահար արվելու հետևանքով»։ Նամակում կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Մամեդովին և Ադրբեջանում իրենց կատարած աշխատանքի պատճառով անհիմն ձերբակալված մյուս լրագրողներին։

Նախաձեռնության նամակում ընդգծված է՝ Հիլալ Մամեդովի դատավարությունն անցկացվել է միջազգային իրավունքի մի շարք նորմերի կոպիտ խախտումներով։

Նկատենք, որ Արևմուտքը վերջին շրջանում սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ մասնավորապես թալիշների խնդրին։ Կարծում եմ՝ այս հարցում երկրորդական չէր 2014-ի փետրվարի 19-ին Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովի (Հումմաթզոդայի)՝ Բրյուսելումկայացած, Եվրախորհրդարանի կազմակերպած «Խաղաղությունը և համակեցությունը ՀարավայինԿովկասում» խորագրով հակամարտությունների վերաբերյալ համաժողովի ժամանակ հնչած ելույթը։


Հիշեցնենք, որ Հիլալ Մամեդովին 2013-ի դեկտեմբերի 27-ին դատապարտել էին 5 տարի ազատազրկման: Հիլալ Մամեդովին ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։ 2014-ի հունվարի վերջին հայտնի էր դարձել՝ հունվարի 23-ին բռնություն է իրագործվել Ադրբեջանի պետական պատժիչ ծառայության N17 կալանավայրում: Նրան իր կամքին հակառակ ճաղատացրել են, ձեռքից խլել են դեղերը, փաստաթղթերը, որոշ ժամանակով նույնիսկ զրկել են խմելու ջրից:

Տե´ս նաև

ՄԱԿ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել թալիշ խմբագիր Հիլալ Մամեդովին

Комментариев нет:

Отправить комментарий