среда, 16 апреля 2014 г.

Նախիջևանի բնակչին ձերբակալել են Հայաստանի հետ սահմանին




Ադրբեջանական «Ազադլըգ» թերթի ու Musavat լրատվակայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իրավապաշտպաններից մեկը՝ Հաքըմէլդոսթ Մեհթիևը տեղեկացրել է՝ ապրիլի 12-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը, փաթաթվելով սպիտակ սավանով ու ձեռքին սպիտակ դրոշ, փորձել է անցնել Հայաստանի հետ սահմանը, սակայն սահմանապահները ձերբակալել են նրան։ Ներկա դրությամբ նա ազգային անվտանգության ծառայության գրասենյակում է։ 

Իրավապաշտպանը հաղորդել է նաև քաղաքացու նման քայլի պատճառների մասին։ Պարզվում է՝ Շարուրի շրջանի ոստիկանության սերժանտներից մեկը սպառնացել է Մամեդովի տիկնոջը, խլել նրա պահած գումարները, բացի այդ ստիպել է հանդիպել իր հետ։ Նման հանդիպումներից մեկի ժամանակ էլ Մամեդովի որդին հետևել է մորը, ապա հարձակվել սերժանտի վրա ու ծեծել նրան։ Մամեդովը մի քանի անգամ բողոքի հայց է ներկայացրել ոստիկանության սերժանտի դեմ, սակայն ապարդյուն, ապա սպառնացել է՝ Հայաստան կգնա, եթե իր հերթական բողոքը անտեսեն։ 


Մի կողմ թողնելով այն հարցը՝ որքանով է այս պատմությունը համապատասխանում իրականությանը, և արդյոք ամեն մի ադրբեջանցի, ով սպառնում է Հայաստան անցնել, իրականում կգնա այդ քայլին, Ադրբեջանում հետաքրքիր միտում է զարգանում։ Ադրբեջանի՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, իշխանությունների անարդարությունների զոհ դարձած քաղաքացիները, տեսնելով, որ օրինական ճանապարհով իրենց խնդիրները չեն լուծվում, որպես ճնշում գործադրելու հավանական տարբերակ սկսել են դիտարկել «մենք Հայաստան կանցնենք» սպառնալիքը կամ նախազգուշացումը։ Եվ նրանց հետ չի պահում անգամ ադրբեջանական պետական քարոզչության «արյունարբու բարբարոսների, թշնամիների հետամնաց ու աղքատ, դատարկվող երկիր Հայաստան» քարոզչական թեզը։ Այս միջադեպերը ճիշտ լույսի ներքո ներկայացնելու դեպքում Ադրբեջանի միջազգային հեղինակությանը հնարավոր է հարվածներ հասցնել, հատկապես որ համանման պատմություններով արդեն զբաղվում են իրավապաշտպանները։

Տե´ս նաև

Ադրբեջանի թալիշաբնակ շրջանի բնակիչը ևս ցանկանում է Հայաստան տեղափոխվել



Комментариев нет:

Отправить комментарий