четверг, 8 мая 2014 г.

Եկեղեցու մոտ աղավնիներ պետք է լինեն. սահմանապահ Մովսես գյուղի աղունիկ թռցնողը




Մայիսյան անձրևից հետո նոր գույներ ստացած սահմանապահ-սահմանամերձ Մովսես գյուղի եկեղեցու գմբեթին նշմարվում են երկու աղավնիներ, մեկը՝ ճեփ-ճերմակ, մյուսը՝ տեղ-տեղ շագանակագույն փետուրներով:

Աղավնիները մի քանի պտույտ են կատարում օդում, ապա վերադառնում եկեղեցուն կից բակերից մեկը, որտեղ էլ նրանց խնամում է 52-ամյա Ղուկաս Խաչատրյանը: Նա ծնունդով Մովսեսից է, ինչպես և նախնիները, մանկուց մի աղավնի է պահել, հետո երբ Մովսեսում եկեղեցի են հիմնել, որոշել է աղավնիներին պահել եկեղեցուն հնարավորինս մոտ:
Մովսես գյուղի եկեղեցին՝ անձրևից հետո

«Եկեղեցու մոտ միշտ պետք  ա աղունիկներ լինեն, արդեն մի տարի ա պահում եմ: Աղունիկները շատ խորհրդավոր թռչուն են, միակն թռչունն են, որ ջուր խմելուց երկինք չեն նայում, մյուս թռչունները կտուցով ջուր վերցնելիս նայում են վերև՝ Աստծուն, իսկ աղունիկն արդեն էնքան մոտ ա Աստծուն, որ վերև չի նայում, ինքն արդեն Նոյին ապացուցել ա, որ հավատարիմ ա: Աղունիկները դիմացկուն են, չեմ մրսում ու չեն հիվանդանում»,-ժպտալով պատմում է Մովսես գյուղի աղունիկ թռցնողը:

Նա ունի 7 աղավնիներ, որոնց խնամելն առանձնակի ջանքեր չի պահանջում: Աղավնիներն ուտում են արևածաղիկ, ցորեն, հացի փշուրներ: «Հրաշք թռչուն են աղունիկները, կեր են ուտում կամ իմ բռից կամ դպրոցական երեխեքի: Իրենք ինքնուրույն են շատ, իրենց համար բույն են սարքել գառաժումս, արդեն 2 հատ ձագ էլ ունեն»,-գոհունակությամբ հավելում է Ղուկասը:

Ավտոտնակի մթության մեջ իրենց ձագուկներին կերակրում էին երկու աղավնիներ: Աղունիկ թռցնողը շոյեց նրանց, գրկեց ու դրեց ուսիս: «Հաջողություն կբերի»,-հավաստիացնում է նա:

_Ոչ մեկին չեմ մերժում, ով ուզում է սիրել իրենց, թռցնել, տալիս եմ,-նշում է Ղուկասը:

Իսկ երբ հարցրի, թե ինչ կցանկանա ամենաշատը, աղունիկ թռցնողն առանց վայրկյան իսկ մտածելու, պատասխանեց. «Սահմանամերձի գյուղացին կրակոցից չի փախնում, փախնում ա իշխանավորի վերաբերմունքից, վերջ տվեք էդքան կուսակցություններ բացելը, ժողովրդին եք բաժանում իրարից, մի քիչ ժողովրդի մասին մտածեք»:


Աղավնիները կրկին օդ են բարձրանում, և շուրջը լցվում է բարությամբ…



Լրագրող Հասմիկ Մելիքսեթյանն աղունիկ է թռցնում



Աղունիկները՝ ավտոտնակում

Լուսանկարները՝ Սոսե Մուրադյանի


Հ.Գ. Շնորհակալ եմ Էջմիածնին, Բագրատ Սրբազանին և Տեր Արամ քահանային Տավուշ կատարած ուխտագնացությունը կազմակերպելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий