пятница, 16 мая 2014 г.

Հայրենասիրության քարոզչությունը հայոց զինված ուժերում՝ մի զորամասի օրինակով



 


Տարածաշրջանի միակ հաղթող բանակի՝ հայոց զինուժի զինծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, նաև՝ զենքի և սպառազինությանը տիրապետման հմտությունները խիստ կարևոր են՝ հաշվի առնելով Արցախյան հակամարտության առկայությունն ու հակառակորդի թիրախ հանդիսացող սահմանապահ գյուղերը պաշտպանելու անհրաժեշտությունը: Սակայն պակաս կարևոր չէ նաև զինծառայողի հոգեբանական պատրաստվածությունը, այն է՝ մարտական բարձր ոգին, ինչն էլ ապահովում է այս կամ այն զորամասի հրամանատարական կազմը՝ պարբերաբար հնչող կոչերի, խորհուրդների, զրույցների միջոցով: Այս հարցում նշանակալից են նաև հայրենասիրական, ազգային-ազատագրական երգեր սովորելն ու խմբային երգելը, ինչպես և համանման բովանդակությամբ թերթերի ու գրքերի ընթերցումը:

Այնուհանդերձ, գաղափարների քարոզումն առավել դյուրին է տեսողական ընկալման ճանապարհով, երբ մատուցված պատկերը կամ արտահայտությունն առանց տևական ժամանակ և ջանքեր ծախսելու, հաճախակի աչքի առաջ լինելու շնորհիվ ակամայից արտատպվում է հիշողության մեջ, ապա նաև մտածելու տեղիք տալիս: Խոսքը տվյալ պարագայում զորամասում փակցված պաստառների, նկարների, գրությունների, տեղադրված արձանների, հուշարձանների մասին է, որոնք զինծառայողների ուշադրության կենտրոնում ակամայից հաճախ են հայտնվում ողջ օրվա ընթացքում՝ շնորհիվ տեղադրվածությանը:

2014-ի մայիսի 2-4-ը Վեհափառի, Բագրատ Սրբազանի, Տեր Արամ Քահանայի, Տավուշի ՏԻՄ ներկայացուցիչների ջանքերով կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Տավուշի սահմանապահ-սահմանամերձ գյուղեր: Ուխտագնացության շրջանակներում այցելեցինք նաև Տավուշում զորամասերից մեկը, որի օրինակով էլ փորձենք քննարկել զինծառայողների հայրենասիրական և մարտական ոգու բարձրացմանն ուղղված քայլերը:

Այսպես, զորամասի մուտքի մոտ բանակի հիմքում կանգնած Հայոց Սպարապետի` Վազգեն Սարգսյանի լուսանկարն է, դրան կից գրված է.
«21-րդ դարը մերն է լինելու: Հայոց բանակի սպան պետք է ամենաարտոնյալ խավը լինի հանրապետությունում: Դա ոչ այնքան սպային է պետք, որքան հասարակությանը»:

Սրանք Սպարապետի հայտնի խոսքերն են, ժամանակավրեպ չեն, ուղղված են թե՛ զորամասի այցելուին, թե՛ այնտեղ ծառայություն անցնող զինվորին: Այցելուին հիշեցնում են՝ որքանով է կարևոր զինվորի դերը հայաստանյան հասարակության մեջ, իսկ զինվորին հուշում են՝ արժե պատվով ծառայել, համապատասխան կոչում ունենալ, դառնալ սպա և որոշակի դիրք ունենալ հասարակության մեջ: Ուղերձները թերևս սրանք էին:
 




Զորամասի մուտքից դեպի աջ հայկական եռագույնի ներքո հառնում է Արցախյան պատերազմի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարը, դրա աջ և ձախ կողմերում՝ 4-ական ոսկեգույն կիսանդրիներ: Դրանք ներկայացնում են Արցախյան պատերազմի հերոսներին՝ կրկին Սպարապետին, Թաթուլ Կրպեյանին, Մովսես Գորգիսյանին, Մոնթե Մելքոնյանին և այլոց: Յուրաքանչյուր կիսանդրու պատվանդանին հերոսի անուն-ազգանունն է, ծննդյան և մահվան թվերը: Արձանները բացի ճանաչողական գործառույթից զինծառայողների հիշողության մեջ թարմ են պահում այն մարդկանց կերպարը, որոնք էլ պետք է օրինակ ծառայեն և ոգեշնչեն նրանց: Ակամայից զուգահեռներ են տարվում Տավուշի սահմանամերձ գյուղերի և Արցախի ազատագրված տարածքների միջև, որտեղից հակառակորդն ավելի մոտ է և ավելի ակտիվ:






Զորամասում փակցված են նաև բանակին վերաբերող հայտնի հայերի խոսքերը: Կարևոր է նշել՝նրանց շարքում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զորամասում առանձնացրել են նախարարի հետևյալ խոսքերը.

«Զինվորականի համար պատիվն ու հայրենիքը նույն բարձրության վրա են»։

Նշանակալից է, որ զինծառայողներին ոգի է տալիս իրենց հետ նույն ժամանակ ապրող , նրանց կողքին և նրանց հետ նույն միջավայրում գործող պաշտոնյան: Առանցքային է այն հանգամանքը, որ զինվորը, բացի անցյալի հերոսներից ու լեգենդներից, իր կողքին ունենա ժամանակակից, իր կենցաղը, իր մտածելակերպը, իր մտահոգություններն ու իր ձեռքբերումները տեսնող և գիտակցող մեկին, որից ևս կարելի է օրինակ վերցնել և որի խոսքը կարող է հեղինակավոր լինել իր համար: Հակամարտության կողմ հանդիսացող երկրի համար խիստ կարևոր է, որպեսզի ռազմական գերատեսչությունների ղեկավարները ոչ թե շինծու, այլ իրական վարկանիշ ունենան զինծառայողների շարքերում: Հարևան Ադրբեջանում նույն միտումը չեմ նկատել, այնտեղ արհեստականորեն փորձում են անգամ զորամասերում տարածել Հեյդար և Իլհամ Ալիևների պաշտամունքը, ինչը շատ դեպքերում ծաղրի առարկա է դառնում:




«Հաղթանակի ճանապարհը փշածածկ է, և այն պատվով հաղթահարում են միայն նրանք, որոնց թևավորում են հայրենասիրության զգացումը և նպատակի ազնվությունը»։

Մյուս պաստառի խոսքերի հեղինակը հռչակավոր մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանն է: Եվ ահա, ամբողջացնելով մինչ այս դիտարկած քարոզչական միջոցները՝ ակնհայտ է դառնում հետաքրքիր մի օրինաչափություն. 
1. Երկրորդ աշխարհամարտի ռազմական գործիչ և նրա խոսքերը 
2. Արցախյան պատերազմի ռազմական գործիչներ ու հերոսներ՝ կիսանդրիների տեսքով 
3. Պաշտպանության ներկայիս նախարարի, ներկայիս ռազմական գործչի խոսքեր: 

Այսինքն՝ հայոց պատմության 2 կարևորագույն պատերազմների հերոսներ և ներկայիս, հեղինակություն ունեցող հրամանատար՝ նախարարը, ըստ իս՝ ճիշտ շեշտադրումներ, ճիշտ ընտրված կերպարներ և նրանց ճիշտ ներկայացման ձևը զինվորներին, որպեսզի շարքային զինծառայողը գիտակցի՝ իր թիկունքին են և իրեն ուղղորդում են ըստ էության 3 պատմական փուլում (ճիշտ է՝ Սեյրան Օհանյանն Արցախյան պատերազմի մասնակից է, սակայն այս պարագայում դիտարկում ենք նոր փուլում)՝ պայմանականորեն բաժանենք հեռու անցյալ, անցյալ և ներկա, հայրենիքի համար կռված, առաջնորդի հատկություններով աչքի ընկնող դեմքերը:




«Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդայինում, և սեր ամեն ինչում»։

Սրանք էլ պատկանում են հայ միջնադարյան մատենագիր, Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալուն, նա քարոզում է սեր ու միասնություն: Այսինքն՝ պատերազի հերոսների ու ռազմական գործիչների կողքին տեսնում ենք մտավոր-հոգևոր խավի ներկայացուցչին, որն ամրապնդում է զինվորի հավատը: Բացի այդ էլ, եթե հետևենք նախանշած ժամանակային բաժանմանը՝ կստացվի հետևյալ պատկերը՝ շատ հեռու անցյալ, հեռու անցյալ, անցյալ, ներկա: Զինծառայողին ներշնչվում է, որ նա պաշտպանում է հարուստ անցյալ և պատմություն ունեցող ազգի հայրենիքի սահմանները:



Հայ եկեղեցու մասին ճանաչողական ցուցանակ է փակցված նաև զորամասի դահլիճում, որը միտում ունի թե՛ հավատն ամրապնդելուն, թե՛ զինծառայողների գիտելիքների պաշարի հարստացմանը:


Ուժեղ է նա, ով որ ճանաչում է հակառակորդին, նրա թե՛ թույլ, թե՛ ուժեղ կողմերը, ոչ թե նախընտրում է ինքնախաբեությունը: Ուստի, դահլիճում կարելի է տեսնել հակառակորդի մասին տվյալներ ևս, այդ թվում՝ անվտանգության պարտադիր կանոնների պահպանումը, ինչը թույլ կտա խուսափել հակառակորդին տեղեկություններ ու տվյալներ փոխանցելուց: Ուշադրություն դարձրեք՝ հակառակորդը ներկայացված է մեզ հետ համեմատության միջոցով, սա ևս քարոզչական կիրառվող քայլ է, երբ երևույթների այս կամ այն կողմերն ավելի են ընդգծվում համապատասխան բաղդատման օգնությամբ:



Բախտորոշ ճակատամարտերի ցուցանակում սկիզբը Հայկի և Բելի մարտն է, ապա հիշատակվում է Տիգրան Մեծը, խոսվում է նաև Ավարայրի և Սարդարապատի հերոսամարտի մասին: Վերոհիշյալ ժամանակային բաժանումն ավելի է ընդլայնվում:


«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Դահլիճի վերնամասում՝ ամենաերևացող հատվածներից մեկում, փակցված են մեծն Մեսրոպ Մաշտոցի խոսքերը:


Դահլիճում մեծ տեղ է հատկացված Գարեգին Նժդեհի և՛ լուսանկարներին, և՛ խոսքերին: Կարծում եմ՝ ավելորդ է նշելը, թե որքան կարևոր է Նժեհի կյանքը, կերպարը, գործունեությունը գիտենալը: Հայաստանին նրա օրոք սպառնում էր տարածքային կորստի նույնպիսի վտանգ, ինչպես և Արցախի դեպքում էր, և նա արեց անհնարինը: Զինծառայողի համար ավելի լավ օրինակ դժվար թե գտնվի: 

Զորամասում առանձնացրել են Նժդեհի հիմնականում այն խոսքերը, որոնք բնորոշում են ուժ և հայրենասիրությունը հասկացությունները:





«Ուժեղինն է աշխարհը, ազատությունը և ամեն ինչ»։
 Գարեգին Նժդեհ

«Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն է»։
Գարեգին Նժդեհ

Այսպիսով, օրվա ողջ ընթացքում զինծառայողին զորամասի արտաքին ու ներքին տարածքներում ուղեկցում են հայրենասիրություն, միասնություն, գիտելիք, կամք, քաջություն, առաքինություն և հավատ քարոզող պաստառներ, գրություններ ու ցուցանակներ: Եվ ամենակարևորը, դիպուկ ու արդյունավետ քարոզչությունը ճշմարտության և իրականության վրա հիմնված քարոզչությունն է. հայկական զինուժի զորամասերում մատուցվում է հենց նման քարոզչություն: 

Ես անշուշտ չեմ կասկածում մեր յուրաքանչյուր զինծառայողի հայրենասիրության, ուժի և կամքի, մարտական բարձր ոգու վրա, այնուհանդերձ, կողքից դրանք միշտ թարմ պահելը չի խանգարի:   

Հ.Գ. Ինձ շատ դուր եկան ընտրված պաստառները, ցավոք, շատ բան չհասցրի լուսանկարել: Միայն թե ինձ թույլ տամ մի փոքրիկ նկատառում. Վազգեն Սարգսյանի խոսքերը ներկայացնող մեծ ցուցատախտակում գրության տառատեսակն անընթեռնելի է հեռավորության վրա:












1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить