воскресенье, 18 мая 2014 г.

Զինվորի ժամացույցը





2014-ի մայիսի սկզբին Մայր Աթոռի ջանքերով մի խումբ ուխտավորներ այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ գյուղեր, այդ թվում՝ սահմանամերձ զորամասերից մեկը: Թե՛ հրամանատարական կազմը, թե՛ զինվորները դիմավորեցին դիմավորեցին մեզ ժպիտով ու ոգևորությամբ: Սկզբում զինվորների մեծ մասը, տեսնելով լուսանկարչական ապարատներն ու ձայնագրիչները, ամաչում էին և խուսափում զրուցելուց կամ էլ բոլոր հարցերին տալիս նույն պատասխանը՝ «ճիշտ այդպես», սակայն որոշ ժամանակ անց սկսեցին անկեղծանալ, պատմել զորամասի անցուդարձից, ապագայի իրենց ծրագրերից, անգամ սիրած աղջիկների, դիրքերում անցկացրած պահերի մասին:



Երբ զրուցում էի մի խումբ զինծառայողների հետ, ինձ մոտեցավ մեծ ու թախծոտ աչքերով մի զինվոր, հայացքը հառեց ձեռքիս կապած ժամացույցին, որի վրա պատկերված էր Արցախի խորհրդանիշը՝ Տատն ու Պապը, ապա ցածր ձայնով, նայելով ուղիղ աչքերիս մեջ, ասաց.

_Վաճառե՛ք Ձեր ժամացույցը:
_Կներե՞ք…,-անակնկալի եկած արձագանքեցի ես:
_Վաճառե՛ք Ձեր ժամացույցն ինձ, ես կգնեմ:
_Բայց այն չի վաճառվում, վաճառքի համար չէ:
_Ես միշտ շատ եմ ուզեցել հենց էդպիսի ժամացույց ունենալ, ցանկացած գումարով պատրաստ եմ գնել Ձեզանից,-արդեն ավելի հաստատակամ ու համարձակ ձայնով ասաց նա:
Հուզվեցի…չգիտեմ, անբացատրելի մի հուզմունք էր…այդ պահին առանց բառ իսկ ասելու քանդեցի ամրակները, հանեցի ժամացույցն ու պարզեցի զինվորին:
_Չէ՛, լավ էլի, ես կգնեմ,-հետ գնաց նա ու չէր ցանկանում ընդունել:
_Նվիրում եմ, սրտանց, շատ եմ խնդրում, որ ընդունեք այն:
_Լավ, շնորհակալ եմ,-ժպտաց զինվորն ու թախիծը մեղմացավ նրա աչքերում:

Էլի ինչ-որ բան էր ուզում ասել, բայց մեզ կանչեցին դեպի ավտոբուսները, հեռանալու ժամանակն էր…

Այդ ժամացույցը նվեր ստանալու առաջին իսկ օրից ինձ հաջողություն էր բերել, դարձել էր յուրահատուկ մի թալիսման ինձ համար: Ես այնքան հպարտ էի, որ հայկական զինուժի զորամասում զինծառայողի ցանկությունը ոչ թե հերթական Այֆոնն է, այլ ազատագրված տարածքների խորհրդանիշը կրող ժամացույցը:


Հուսով եմ՝ այդ ժամացույցը քեզ ևս հաջողություն կբերի, հայ զինվո՛ր, և քո մեծ աչքերում թախիծի փոխարեն երջանկության լույսեր կվառվեն:


Комментариев нет:

Отправить комментарий