суббота, 24 мая 2014 г.

Դիմավորե՛ք. Made in Armenia. հայկական մատչելի ու որակյալ արտադրանք (photo)

-Ես Արթուր Սիմոնյանն եմ, ծնվել եմ քաղաք Երևանում, ապրել եմ քաղաք Երևանում և ապրելու եմ քաղաք Երևանում իմ 5 երեխաների հետ:



Ահա այսպես է ներկայանում Երևանի Տիգրան Մեծ 20 հասցեում տեղակայված «Արտադրված է Հայաստանում» հագուստի խանութի տնօրենը:



-Խանութը հիմնվել է մեկ տարի առաջ, համատեղ ՍՊԸ է եղել: Հետագայում խանութի տնօրինությունը հանձնվել է ինձ: Մենք աշխատում ենք ժամը 11:00-20:00, ունենք 30 րոպե պարտադիր ընդմիջում, միգուցե բիզնեսին խանգարում է, բայց օգնում է, որ երեխեքը միասին հաց ուտեն, զրուցեն, ճանաչեն իրար. չէ՞ որ մի ընտանիք ենք,_ժպտում է իմ զրուցակիցը:



Ի դեպ, մենք հենց ընդմիջմանն էինք հասել, և ստիպված էինք եղել հարևան խանութներում սպառել մոտ կես ժամ: J





Պարոն Սիմոնյանը գոհ է հաճախորդների քանակից.
_Կամաց-կամաց ավելանում է մարդկանց հոսքը, գալիս են մշտական հաճախորդները՝ իրենց հետ բերելով նորանոր մարդկանց, առևտրի ծավալները գնալով ավելանում են: Ավելի լավ է լինելու, խանութի տեսականին անընդհատ թարմացնում ենք:

Խանութի տնօրենը գոհունակությամբ նշում է հայկական այն ընկերությունների անունները, որոնք ներկայացված են իր խանութում.
_Տրիկոտաժից արտադրանքը մատակարարում են «Մելանտե», «Տոսպ», «Ագնեսա» ընկերությունները, կոշիկներ՝ «Լյուքսը», անշուշտ ունենք Եղվարդի հայտնի բոթասներից, Հարությունից  ստանում ենք «Հայ ջինսերը»,  սրբիչներ՝ «Տուկան» միավորումից, որը հումքը Թուրքմենստանից է բերում, բայց մնացյալ արտադրական գործընթացն իրականացվում է Հայաստանի տարածքում: Համագործակցում ենք նաև «Հասույուտ» ԱՁ-ի հետ, որը տրամադրում է մանկական տակաշորեր, երկտեղանի սպիտակեղեն, բարձեր և այլն: Ինչպես նկատեցիք, հատուկ ուշադրություն ենք դարձնում մանկական հագուստին և պարագաներին:

Տարիքով մեծ ընկեր ունեի, մահացել է, հիմա իր դուստրը զարդեր է արտադրում, իր ձեռքի աշխատանքները ևս ներկայացնում ենք խանութում,-նշում է խանութի տնօրենը:

Ներկայումս բանակցություններ են ընթանում հայկական մանկական խաղալիքներ արտադրող ընկերության, ինչպես և «Բելեյզիա» արտադրական միավորման հետ, ցանկանում ենք նաև էլ ավելի ընդլայնել «Լյուքսի» տեսականին մեր խանութում:







_Շատ գովելի է, որ հստակ ծրագիր ունեք առաջ շարժվելու:

_Իմ այստեղ հայտնվելը պատահական չէ, ես տնտեսագետ-իրավագետ եմ, եղել եմ ժամանակին Լենինյան հանրախանութի առևտրի գծով բաժնի վարիչ: Եթե չունենայի հստակ ծրագիր, հաստատապես չէինք կարող աշխատել:

-Իսկ ինքներդ կրու՞մ եք Ձեր խանութի հագուստները:

_Հա, ես էլ եմ մեծ սիրով կրում, այլ կերպ չէր կարող լինել:

Զրույցի ընթացքում բնականաբար չշրջանցեցինք նաև թուրքական հագուստի թեման: Պարոն Սիմոնյանը բավականին իրատեսական և կառուցողական մոտեցում ցուցաբերեց այս հարցում:

_Գիտեք՝ ես չեմ փորձում մեղադրել Թուրքիայից ապրանքներ բերող մարդկանց, ի վերջո լինենք իրատես, չմոռանանք Հայաստանի աշխարհագրական դիրքն ու քաղաքական գործոնները. Չինաստանից և այլ հեռու երկրներից ապրանք ներկրելը սովորական առևտրական մարդու համար մեղմ ասած մատչելի չէ: Բոլորս էլ ուզում ենք հայրենական արտադրանք վաճառել ու գնել, դրա համար էլ մենք պետք է ստեղծենք, շատ աշխատենք, բարդ է, բայց պետք է ստեղծենք ու այնպես անենք, որ մեր երեխաներն էլ այս երկրում ստեղծեն, պետք է մարդկանց կարողանանք այլընտրանք առաջարկել թուրքական կամ այլ երկրում արտադրված հագուստի դիմաց: Այսպես ասեմ՝ որտեղից ինչ լավ բան կարող ենք, բերենք, տնկենք մեր հողում, որ աճի:


Վերջում նա երկու կարևոր բան մաղթեց Հայաստանին ու հայ ժողովրդին՝ խաղաղություն և արտագաղթի կասեցում: «Միշտ ուրախություն եմ ուզում տեսնել հայերի աչքերում»,-մեղմ ժպտալով մեզ մինչև դուռը ճանապարհեց հայկական որակյալ արտադրանքը միջին աշխատավարձ ստացող հայի գրպանին հասանելի արժեքով ներկայացնող, իր սկզբունքներին և գաղափարներին հավատարիմ բազմազավակ հայրը՝ հիշեցնելով. «Անհամբեր սպասում ենք հունիսի 1-ին. ակցիա ենք անելու, երեխաներին փուչիկներ ենք բաժանելու»: 

Հ.Գ. Ես գնեցի Գյումրիում արտադրված զուգագուլպաներ և հայկական «Տուկան» ընկերության սրբիչներ, գոհ եմ ;)


1 комментарий: