пятница, 16 мая 2014 г.

Հայկական թառն ու հայ էթնիկ ջազը հնչեցին Նյու Յորքում. Miqayel Voskanyan & Friends Band (video)




 2013-ին  «Միքայել Ոսկանյան և ընկերներ»  էթնիկ ջազային խումբը նամակ ստացավ   «Made in New York Jazz» մրցույթի կազմակերպիչներից Պարզվեց՝ մրցույթի հիմնադիր Միխայիլ Բրովկինը ծանոթացել էր խմբի գործունեությանը համացանցում, հետաքրքրվել  և  ուղարկել մրցույթին մասնակցելու հրավեր:  Խումբը որոշեց մրցույթին մասնակցել՝ Հայաստանը ներկայացնելով Միքայել Ոսկանյանի հեղինակած  Take six  ստեղծագործությամբ:



Առցանց՝ Օնլայն քվեարկությունը տևեց շուրջ մեկ  տարի. մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 250 կատարող աշխարհի ամենատարբեր երկրներից: Հայկական  խումբը, մասնակցելով «small band» անվանակարգում, քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը:


2013-ի աշնանը մրցույթն ավարտվեց: Մրցույթի ժյուրին ընտրեց լավագույն եռյակը և այն բոլոր խմբերին, ովքեր պետք է մասնակցեին 2014-ի մայիսին Նյու Յորքում կայանալիք գալա համերգին: Մրցույթի ժյուրիներն են հայտնի շեփորահար Ռենդի Բրեքերը, սաքսոֆոնահար Ջո Լովանոն և թմբկահար Լենի Ուայթը՝ համաշխարհային ջազի այսօրվա կենդանի լեգենդները:


«Made in New York Jazz» մրցույթի հրավերքը չէր ապահովում որևէ ֆինանսական աջակցություն: Խումբը, չկարողանալով բաց թողնել Նյու Յորքում հայկական էթնիկ ջազը և հայկական ազգային նվագարանը՝ թառը, ներկայացնելու հնարավորությունը, դիմեց ՀՀ Մշակույթի Նախարարությանը, որն էլ հոգաց ճանապարհածախսի հետ կապված խնդիրները: Նյու Յորքում խմբի կեցությունը, սնունդն ու տեղաշարժն ապահովեց COAF (Children of Armenia Foundation) հիմնադրամը: Աջակցություն ցուցաբերեցին նաև  AGBU-ն և Armenian Network NY-ը, որոնք ակտիվորեն  տեղեկություններ  էին տարածում  Նյու Յորքի գալա համերգում խմբի ելույթի մասին:


Վերջապես մայիսի 1-ին խումբը մեկնեց Նյու Յորք: Մայիսի 3-ին BMCC Tribeca Performing Arts Center համերգասրահում կայացավ Made in New York Jazz Gala Concert-ը: Գալա համերգին մասնակցում էին երաժիշտներ Ռուսաստանից, Հունգարիայից, Չերնոգորիայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից և իհարկե ԱՄՆ -ից վերոհիշյալ ժյուրիի հայտնի անդամները:


Հայկական խումբը ներկայացավ երեք ստեղծագործությամբ: Նախ նվագեց Արման Պեշտմալջյանի  «Խոնավ քար» , հետո Միքայել Ոսկանյանի «Դնգլդվա» ստեղծագործությունները, այնուհետև՝ Չերնոգորիայից ժամանած երաժիշտների հետ  համատեղ նվագեց Խուան Տիզոլի հայտնի «Քարավան» ջազ ստանդարտը: Խմբի մենակատարներից  սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը նվագակցեց մրցույթի հաղթող Անիտա Վիտալեին, իսկ պերկուսիոնիստ Էդուարդ Հարությունյանը նվագեց հունգարական խմբի հետ:


Խմբի ելույթը գրավեց և հետաքրքրեց թե՛ հանդիսատեսին, թե՛ մյուս մասնակիցներին և ժյուրիի անդամներին: Ավելին, փորձերի ժամանակ համերգի բոլոր մասնակիցները իրենց հետաքրքրությունն էին ցուցաբերում հայկական էթնիկ ջազի, հայկական ռիթմերի և հատկապես թառ նվագարանի նկատմամբ՝ շեշտելով գործիքի հնչողության յուրահատկությունը:


Գալա համերգը եզրափակվեց բոլոր մասնակիցների ու ժյուրիի անդամների մասնակցությամբ jam session-ով, որտեղ ամեն մեկը  ցուցաբերեց իր ջազային  իմպրովիզացիոն կարողությունները:

Համերգից հետո խմբին մոտեցել և իր գովասանքի խոսքն է ասել  Լենի Ուայթը՝ նշելով, որ  Միքայել Ոսկանյան և ընկերները համերգի ամենահետաքրքիր խմբերից մեկն էր: Նման մակարդակի ջազ երաժշտի  կարծիքը արդեն իսկ լուրջ ձեռքբերում է:

Համերգից հետո խմբի ղեկավար Միքայել Ոսկանյանին տարբեր առաջարկներով դիմել են պրոդյուսերներ, երաժիշտներ և փառատոնների կազմակերպիչներ տարբեր երկրների:

Նյու Յորքում անցկացրած 7 օրվա ընթացքում խումբը DROM ակումբում ևս մեկ համերգ է ունեցել Նյու Յորքյան հայ համայնքի համար, այցելել է հայկական եկեղեցի, ծանոթացել թեմի առաջնորդի հետ, նաև՝ մասնակցել Նյու Յորքի  հայտնի ջազ ակումբների jam session-ների:



«Միքայել Ոսկանյան և ընկերներ»  խումբը որակյալ երաժշտության սիրահարներին  արդեն իսկ ծանոթ անուն է:  Մոտ 2 տարի հայկական երաժշտական աշխարհում գործունեություն ծավալելով՝ խումբը մեծաքանակ համերգներ է ունեցել Երևանում, համերգով հանդես է եկել Գյումրիում, մասնակցել  Kavkaz Jazz Festival -ին, Radio Van Awards-ի կողմից արժանանացել է տարվա լավագույն խումբ մրցանակին և ունեցել  համատեղ նախագծեր տարբեր  երգիչների հետ:

Հիշեցնեմ նաև, որ Միքայել Ոսկանյանը գործուն մասնակցություն է ունեցել հայկական երիտասարդական «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծին՝ ներկայացնելով թառի կիրառմամբ սեփական իմպրովիզային կոմպոզիցիան, որն էլ շատ սիրվեց հանդիսատեսի կողմից: 






Комментариев нет:

Отправить комментарий