вторник, 24 июня 2014 г.

Արցախի ամենաերիտասարդ գյուղապետերից մեկը 3 երեխաների հայր է (photo)





-Կալիֆորնիայից ընկերս էր եկել, տունս տեսավ, ասեց՝՝ գիտես Ամերիկայում սենց սիրուն կանաչ տարածքով տան համար մի միլիոն դոլար կտան, ասեցի՝ դե տուր, առ, ինքը հարցրեց՝ ինչ ես անելու էդ մեկ միլիոնը, ասեցի՝ հենց էդ տանս հետևում դրա նման ու ավելի լավ մի հատ նոր տուն կսարքեմ:

Այս խոսքերով էր մեզ դեպի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ ուղեկցում Արցախի ամենաերիտասարդ գյուղապետերից մեկը՝ 34-ամյա Գեղամ Գրիգորյանը, որի մեծագույն հպարտությունն իր կինն է, 3 երեխաները, ինչպես և սեփական ձեռքերով բարեկարգած տունը:







_Մեծ  տղաս՝ Գոռը,  12 տարեկան է, միջնեկը՝  Գեորգին՝ 8, իսկ Մանեն՝ 3: Կնոջս՝ Զարինեի հետ միասին  սովորել  ենք  Շուշիի  Հումանիտար  քոլեջում.  ես՝  Մշակույթի, կինս՝  Տարրական  դասավանդման  մեթոդիկա  բաժնում: 2007-ին  Ստեփանակերտից  տեղափոխվել  ենք  Բերքաձորի  համայնք  մասնագետների  վերաբնակեցման  պետական  ծրագրով, որտեղ  իմ  ընտանիքի  համար  կառուցվել  է  առանձնատուն  իր  տնամերձ  հողակտորով,-պատմում է Գեղամը, իսկ ես այդ պահին լուսանկարում եմ հրաշք Մանեին իր սիրած բացված վարդի հետ:

_Գյուղը  ներկայումս ունի  53 տնտեսություն, 214 հոգի  բնակիչ:  Իմ  ղեկավարման  տարիներին  գյուղում  անցկացվել  է  շուրջօրյա  ջրամատակարարում, կոյուղի, վերանորոգվել  են  համայնքային  և  ներհամայնքային  ճանապարհները. գյուղն ապահովվել  են  համացանցով: 2010-ին  կառուցվել  է  նոր  դպրոցի  շենքը Համահայկական հիմնադրամի միջոցներով:

Երիտասարդ գյուղապետը խոսեց նաև առկա խնդիրներից.

_Մանկապարտեզ դեռ  չունենք, բայց  ուզում  ենք  ունենալ, քանի որ երեխաաների  թիվը  արդեն  շատանում  է, չունենք  նաև մարզադահլիճ  դպրոցի  կարիքների  համար,  և  ամենագլխավորը՝  ոռոգման  համակարգի  հիմնովին  վերակառուցման  խնդիր կա: Ունենք  58  հեկտար  ոռոգվող  2 կարգի  վարելահող, իսկ ոռոգման խնդրի լուծումն  իմ  կարծիքով  խթան  կհանդիսանա  տեղական   բանջարաբոստանային   արտադրանքի  ծավալը  շատացնելու  համար:

Բոլոր ճանաչողները գովասանքի խոսքեր են ասում այս անձնվեր գյուղապետի հասցեին, որ այսքան երիտասարդ տարիքում բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել և շարունակում է հոգալ թե՛ սեփական ընտանիքի, թե՛ գյուղի ժողովրդի մասին:















Մի տեսակ ներքին անդորր ու ջերմություն կա այս գյուղում: Ցավոք, ժամանակի սղության պատճառով ստիպված էինք շուտ հեռանալ՝ մեզ հետ տանելով այդ ներքին անդորրից, արևից ու Մանեի ժպիտից մի կտոր՝ կրկին այցելելու ակնկալիքով:

Комментариев нет:

Отправить комментарий