понедельник, 7 июля 2014 г.

Ճապոնիայի ներդրումներն Ադրբեջանի՝ Արցախի հետ սահմանային շրջաններում

Հետաքրքիր է ուսումնասիրել Ադրբեջանի հարաբերություններն այլ պետությունների հետ, հատկապես այլ երկրների ներդրումներն Ադրբեջանի այս կամ այն համակարգում


Ուշագրավ է, որ դեռևս 2000 թվականից Ճապոնիան հանդիսանում է Ադրբեջանում գյուղատնտեսական և ենթակառուցվածքային մի շարք կարևոր նախագծերի հիմնական ֆինանսավորողը:

«Բույսերի արմատները և մարդու անվտանգությունը» գրանտային ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունն ապահովելու է Ադրբեջանի՝ Արցախի Շահումյանի շրջանին սահմանակից Գյոյգյոլի (Խանլարի շրջան) Ուչբուլահ և Քեշքու գյուղերի ջրամատակարարումը: Ադրբեջանում Ճապոնայի դեսպանն օրերս շեշտել է՝ սա արդեն երրորդ նախագիծն է, որ Ճապոնիան ֆինանսավորում է Գյոյգյոլում:

Հարկ է նշել, որ նույն գրանտային ծրագրի շրջանակներում Ճապոնիան Ադրբեջանի արևմտյան՝ Հաջըգաբուլի շրջանում 115.131 ԱՄՆ դոլարի ներդրում էր կատարել՝ շուրջ 7 հազար հոգու սպասարկող բուժկետ կառուցելով, որի բացումը կայացավ 2013-ի փետրվարի 1-ին:

Հավելենք, որ «Բույսերի արմատները և մարդու անվտանգությունը» ծրագրի նոր նախագծերի իրականացման համաձայնագիրը Ճապոնիայի կառավարությունը և Ադրբեջանի պատկան մարմինները ստորագրել են դեռևս 2012-ի մարտին: Ընդհանուր առմամբ Ճապոնիան սույն ծրագրով Ադրբեջանում կատարել է մոտ 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ավելի վաղ՝ 2009-ին կնքվել էր 6 նախագծի ֆինանսավորման համաձայնագիր, որը ենթադրում էր՝ Ճապոնիան աջակցելու է Ադրբեջանի Գախի, Քյուրդամիրի, Սաաթլըի, Շամախու շրջաններում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ջրամատարարման բարեկարգմանը:

2010-ին Ճապոնիան գրանտային ծրագրի միջոցով աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանում Շաքի գետի մաքրման աշխատանքներին
Նկատենք նաև՝ 2006-ին Ճապոնիան 3.3 մլն ԱՄՆ դոլար էր ներդրել Ադրբեջանի գյուղատնտեսության ոլորտում:

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության ոլորտին, ապա 2013-ի օգոստոսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևը հանդիպել էր Ճապոնիայի ռազմական նախարարի տեղակալ Մասահիսոի Սյատոյին։ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում համաձայնություն էր ձեռք բերվել երկկողմ պայմանագրի մանրամասների շուրջ հանգամանորեն քննարկման ուղղությամբ։ Մինչ օրս պաշտոնական տվյալներ չկան՝ արդյոք պայմանագիր կնքվել է, թե ոչ:


Հետաքրքիր է, որ գրեթե նույն բնույթի՝ գյուղատնտեսության և ենթակառուցվածքների բարելավվման ուղղված ծրագրեր Ճապոնիայի կառավարությունն իրականացնում է նաև հարևան Վրաստանում:

Комментариев нет:

Отправить комментарий