пятница, 29 августа 2014 г.

Գանձասարի գիշերը (պատմվածք)



Դարպասները թեթև ճռնչյունով բացվում են, և կեսգիշերվա լռությանը կենդանություն են տալիս Գանձասարի քանդակների թեք կողերին բեկվող լուսնալույսի շողերն ու այդ լռությունը փոքր-ինչ խախտող քահանայի և սարկավագի ոտնաձայները, որոնք ամառային տապին մաշկին նրբորեն քսվող քամուց էլ ավելի մեղմ են ու անձայն: Ուխտավորները, երկար ճանապարհից հոգնած, գլխով բարևելով ներս են մտնում և ասես մոռանալով վանքի անձեռակերտ պատկերը, փորձում հնարավորինս արագ հասկանալ, թե յուրաքանչյուրը որ խցում է գիշերելու: Ուխտավորների խմբից առանձնանում է մեկը, որ թերևս մոլորված տեսք ու տխուր հայացք ուներ, սառն էր ու ինքնամփոփ, թե՛ ինքն էր խուսափում մյուսների հետ շփվել, թե՛ մյուսներն էին խորշում զրույցի բռնվել Արցախի սարերում հայտնված այդ տարօրինակ անձի հետ, որ չգիտես ինչ էր կորցրել այստեղ: Նա բարձրացնում է գլուխը. առաջին հայացքից Գանձասարը թվում է սովորական մի վանք, որի նմանները շատ են հայոց աշխարհում. քար, խաչքար, քար, խաչ, քանդակ, էլի քար ու քար, քարե բեկորներ, մամուռ, տապանաքարեր, էլի քար, որոնք սակայն իր համար ավելի հասկանալի էին ու ավելի ցանկալի, քան մարդիկ:

Երկար դեգերումներից ու տևական մտորումներից հետո որոշել էր հետևում թողնել ամեն ինչ, թողնել իր հնամաշ ու քրրքված գրքերը, իր ասֆալտը, իր փոշին, հասնել լեռներ, բացել նոր էջ, սպիտակ, մաքուր, չգրված, նոր թանաքով տողեր գրել իր նոր ձեռագրով, տողերը դարձնել պարբերություն, պարբերությունները՝ էջեր, էջերը կարել ու դարձնել գիրք, որի ամեն մի գլուխ լավ ավարտ է ունենալու: Խոստացել էր՝ ինչ էլ լինի, էլ չի արտասվելու:
Պակասում էր մի բան, ամեն վայրկյան այդ պակասն ավելի սուր էր, դատարկ էր ներսը, շուրջը, առջևում, մութ էր ամենուր, միգուցե հասկանար՝ ինչ է փնտրում, միգուցե իր փնտրածը գտներ հենց այս անտառապատ լեռներում: Միգուցե հենց այս քարերը խոսեին իր հետ, գուցե ստվերները հուշեին ճանապարհի սկիզբը, գուցե քանդակներում բեկվող լույսերը ցրեին խավարը…և ահա, եկեղեցուն ու հոգևորականներին երբևէ մոտ չլինելով, միացել էր ուխտավորների խմբին՝ իրեն անծայրածիր լեռներում կորցնելու կամ գտնելու, մոռանալու ու մոռացվելու, ներվելու ու ներելու, սկսելու ու սկսվելու համար:

***************

Ուխտավորը դանդաղ, առանց շտապելու մոտենում է եկեղեցուն: Եվ այդ պահին միմյանց դեմ առ դեմ կանգնած էին նա ու Գանձասարը՝ որ անգամ այդ խորհրդավոր լռության մեջ միմյանց խոսքեր ունեին ասելու: Գանձասարը բացել էր թևերը, պատրաստ իր գիրկն ընդունելու: Վանքի պատերից փչող զովն այնքան դուրեկան է թվում տապ եղանակին: Դուրեկան զովը դառնում է սառնություն, որից հաճելի դող է անցնում նրա մարմնով: Ուխտավորի ձեռքերն ինքնաբերաբար դիպչում են խաչերով ու հայերեն տառերով պատված, փոքր ակոսներով լցված անհարթ պատին: Ափը վայրկյաններ անց տաքանում է: Չէ՛, էլ սառը չէ, տաք է եկեղեցին. ճակատն է մոտեցնում պատին, տաքությունից աչքերը փակվում են, քունը տանում է: Թվում է՝ այդ պահին իրեն ամենամոտն ու իր կարիքը զգացողը, իր հետ ամենաջերմը հենց եկեղեցին է, որը կկարոտի, եթե իր ափն այլևս չշոյի ակոսներով խաչերը:
                                                           
***************

Ուխտավորը մենություն էր փափագում: Բակում ոչ ոք չկար. միայն կենտրոնում բարձրացող ծառի տակ միայն մի սարկավագ էր գլխիվայր պառկել, ոտքերը դրել փայտե նստարանի մեջքին ու շարականներ էր մրմռում փակ աչքերով:
Ուխտավորը մի քայլ առաջ գցեց ու ինքն էլ պառկեց խոտի վրա: Կկոցած աչքերով անշարժացել էր, ձեռքերը սփռել, անթարթ նայում էր մերթ աստղերին, մերթ սարերի ուրվագծերին, մերթ եկեղեցուն: Խոտը թեթև թաց է, լույսի արձակումների ներքո նույնիսկ հնարավոր է նշմարել նրա կանաչի երանգը: Խոտը ցածր էր, դրա համար էլ մատներով խորը բռնելիս ափի մեջ մուգ շագանակագույն հողի շերտն է մնում, որից նոր կտրած նռան հոտն է գալիս:
Երկար նայելիս եկեղեցին ու երկինքը միասեռ են դառնում ու աստղերի շարանն ասես շարունակվում է գմբեթի նիստերի ու քանդակների վրա: Իր վեհությամբ ու սլացիկությամբ Գանձասարը չի ճնշում ու չի իշխում մենակյաց ուխտավորի խառնիճաղանջ մտքերին, դրանք սլանում են եկեղեցու ժանյականման քանդակների, կարճ մարմիններով լուսապսակով կերպարների, նույն այդ աստղերի գծած ուղիով ու հասնում վերև, շատ վերև, շատ մոտ ամպերին: Արդեն ավելի ըմբոստ դարձած քամին այնժամ հավաքում, մաքրում, ասես դասավորում է դրանք  իր աչքի առջև, կտրտում ու հանում կսկիծների ու թախիծների շղթաները: Աստղերն անգույն են դառնում, լուսինը չի երևում։ Ուխտավորը մատներով խաղում է խոտի հետ ու շարունակում ըմբոշխնել սպասված անդորրը։ Եկեղեցու դռան վերնամասում քանդակված բաց երախներով առյուծները թվում է ժպտում են իրեն:
Սրբազանի ձայնից իսկույն ոտքի է կանգնում, աստղային տեսիլքը բախվում է գմբեթին ու ծորում ներքև: Խոկման ժամն է, պետք է ներս անցնի:

***************
Քայլում է ներս՝ փորձելով ոտքերով չկանգնել եկեղեցու ներսում հատակին ագուցված տապանաքարերի վրա, ապա հետևելով Սրբազանին՝ կիսախավարի մեջ ուղղվում դեպի խորանը: Ուխտավորները հավաքվել, իրեն էին սպասում: Սրբազանը կանգնում է խորանի մոտ, իսկ սարկավագները տեղ են զբաղեցնում աջ ու ձախ կողմերում: 
Սրբազանը սկսում է խոսել, և այնժամ ուխտավորը հասկանում է՝ վանքի ներսում իր վերքերն այնքան բաց են, վիրակապերը քանդած են, հոգին պարզ մի հայելի է: Երբևէ չէր զգացել իրեն այդքան խոցելի, բայց միաժամանակ այդքան բնական: Ժամանակի, իրականության ու տեսիլքների եզրագծերը ձուլվում են: Սարկավագները միանում են Սրբազանի երգին, ձայնային անուշ ելևէջներում հնչում են «Սուրբ Սուրբ», «Հայր մեր», «Ամեն»: Եվ անսպասելիորեն, օդ բարձրացող վերջին ելևէջների հետ ուխտավորը գմբեթի գոլորշանման լույսերում նշմարում է ճերմակազգեստ, եթերային մի կերպարի՝ հրեշտա՞կ է, Սու՞րբ է, Աստվա՞ծ: Խոկման պահին արդեն անկարևոր են իրականն ու անիրականը...
Ահա Աստված դիպչում է պատերին, հետո սյուներին, հետո գմբեթին, ապա իջնում, բռնում Սրբազանի ձեռքը, մի՞թե Սրբազանը չի նկատում: Աստված անցնում է վառված մոմերի կողքով, մոտենում բացված սուրբ գրքին ու անէանում, վերանում, տարրալուծվում ուխտավորի աչքերում՝ դառնալով արցունքի կաթիլներ: Բայց նա խոստացել էր, որ էլ չի արտասվելու: Արցունքներն ընդվզում են, անկառավարելի են, անպատճառ, անտրամաբանական, խորքից: Աչքերն էլ չեն տեսնում, Սրբազանի աչքերն էլ են փակ, և ուխտավորին մի պահ թվում է՝ իր մարմինն էլ չկա, վերև է, թեթև է, միայն աչքերն են արցունքներից փակվում ու բացվում: Բայց խոստացել էր, որ չի արտասվելու: Էլ չկա ցավ, չկա կսկիծ, կարոտ, ոչինչ չի զգում, չի զգում ծնկները, ձեռքերը, գլուխը, պարանոցը, իսկ շունչը բացվել է, քթանցներից ներս հոսում են խնկով հարստացած օդի ալիքներ: Նա խորը շունչ է քաշում ու նայում շուրջը. խոնարհված ուխտավորների հազիվ նշմարվող մարմինները խաչքարեր են հիշեցնում, որոնք ասես սփռվել են ժայռի բեկորից կերտված եկեղեցու՝ Սրբազանի շուրջ: Թվում է՝ ինքն էլ այդ նույն խաչքարերից է, այո´, հենց այն նույն խաչքարերից, որ խրված են բակում՝ հողի մեջ, թվում է ինքն էլ նույնքան կառչած այդ հողից, թվում է՝ ինքը, ուխտավորներն ու Սրբազանը նույն բազմադարյան քարից են ստեղծվել: Առավել իրական գեղեցկություն նա կյանքում չէր տեսել, շուրթերը պապանձվել էին հրաշք տեսարանից. աղոտ լույսը խաղում է մի ուխտավորի մարմնից ու գլխաշորից մյուսը,  դիպչում գետնին փռված գորգի հանգույցներին, ապա գետնի ողորկ սալաքարերին, այնուհետև մոմակալների ոսկուն, խառնում է բոլոր գույներն ու երանգները, առկայծում, կերտում թրթռուն լուսաստվերներ՝ հիշեցնելով Աստծո ներկայության մասին: 
Կատարյալ խաղաղություն է իջնում, մի պահ, լոկ մի պահ շուրջը քարանում է ամեն ինչ, լուռ են ու էլ չեն օրորվում ճրագները, կանգնել է  քամին, տերևների սոսափյունը չի լսվում: Միայն անհայտ աղբյուրից լույսի մի ծվեն նեղ պատուհանից ներս է ընկել ու իջել է ուղիղ աղոթքի համար խաչված իր ափերին: Ներդաշնակ են բնությունը, եկեղեցին, մարդիկ, երկինքն ու երկիրը:
Եվ ահա ուխտավորի բազուկներում ուժ է հոսում, այնքան կենդանի ու այնքան ամուր, ուժը ջերմությամբ ողողված երակներով հասնում է սրտին, շունչն էլ ավելի խորն է ու ազատ, կապանքներ չկան, արցունքների աղին հալչել է: Սրբազանն ավարտել է աղոթքը:
Ուխտավորն ուղղում է ուսերը, գլուխը բարձրացնում ու ոտքի կանգնում՝ թոթափելով մամռոտած բեռը: Մյուսները ևս ելնում են, նրանց շարժումից մոմի լույսերը շարունակում են օրորվել: Ուխտավորներն այլևս օտար չեն, նրանց հայացքներում աղոթքի մասնիկներ են բույն դրել:
Ուխտավորը քայլում է առաջ, ոտքերն իրենք են տանում, Սրբազանը բացում է թևերն, ինչպես որ եկեղեցին էր բացել, և նրանք անձայն փարվում են միմյանց: Սրբազանը տաք էր, ինչպես Գանձասարի խաչառատ պատերը: Ուխտավորը զգում է ճակատին Սրբազանի ջերմ համբույրը, աչքերով ժպտում է նրա աչքերի մեջ այնպես, ինչպես վերջին անգամ մանկության տարիներին էր ժպտացել, ապա ոտքերը հաստատակամ գետնին դնելով քայլեր գցում դեպի ելքը։ Բոլոր հարցերի պատասխանները կան, եկեղեցու դուռը լայն բացված է...
Հոգիներ նորոգող Արցախը, Գանձասարը՝ հառնած երկնքի ու երկրի միջև, եկեղեցուց դուրս եկող արահետը...նրանք նոր հորիզոն են բացում:

*******************

Մի քանի ժամից արևածագ է, կյանքի նոր մի արևածագ, իսկ հողից արդեն խաղողի հոտ է գալիս:

Комментариев нет:

Отправить комментарий