четверг, 28 августа 2014 г.

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչին ջերմոց գնելու ակցիան շարունակվում է (video)

Այս օրերին «Զորակն» հիմնադրամը դրամահավաք է կազմակերպել մի մարդու ջերմոց գնելու համար, ում մասին կցանկանայի մի քանի խոսք ասել։ Հայկազ Վարդանյանն ապրում է սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, ունի հրաշք կին ու երեխաներ։ 2013-ին, երբ կամավորական գործունեություն էինք ծավալում Ն.Կարմիրաղբյուրում, իրենց տանն էինք մնում։ Իր նման հյուրընկալ, անկեղծ, համեստ ու բարի մարդ շատ քիչ եմ հանդիպել իմ կյանքում։ Մեղքս ինչ թաքցնեմ, մեղր շատ եմ սիրում ու կարող եմ ուտել այնքան, ինչքան տան։ Իմանալով այդ մասին՝ Հայկազ ձյաձյան գիշերվա կեսին բերել տվեց իրենց ունեցած ողջ մեղրը, որի համը մինչև հիմա բերանումն է մնացել։ :) Մեզ համար մի հարսանիքի սեղան էր գցել ու պահանջում էր, որ հնարավորինս երկար մնանք։ :) Հետո իմացա, որ նա նախկին զինվորական է, զրուցեցինք բանակից ու գյուղի կյանքից։ Մինչև հիմա ադրբեջանցիների կրակոցների ներքո հող է մշակում, շատ է սիրում գյուղը, իր աշխատանքը, հայրենիքը։ Նա ծառայել էր  1993-ի փետվարի 1-ից-1996-ի նոյեմբերը։ Մեջբերում եմ իր խոսքերը.

Ամենածանր օրը 1992-ի դեկտեմբերի 29-ի 30-ի գիշերն էր. թշնամին մտել էր գյուղ, մի բարձունք գրավել: Բարձունքը կարևոր էր, քանի որ բոլոր գյուղերի վրա էր խոյանում, հսկում էր: 12 օր մնաց իրենց տրամադրության տակ: Հունվարի 13-ին հորեղբորս տղան, որ Կիրովականի զորամասում էր ծառայում, հանկարծակի 3 հատ ԲՄՊ-ով եկավ, հարձակում կազմակերպեցին ու մի օրում հետ բերեցին բարձունքը: Շատ հիշվող ու նշանակալից հաղթանակ էր: Պատմում էին, որ թուրքերը փախչում էին: Մենք, Պառավաքարը, Մովսեսը, Այգեպարը փրկվեցինք այդ բարձունքի շնորհիվ:

Հետաքրքիր բան ասեմ. երբ զինվորը սահմանագծում է՝ դիրքերում՝ զենքը ձեռքին, ինքը շատ հանգիստ է, գիտի՝ թշնամին ինչ շարժ ունի, ինչ է անում, գիտի, որ եթե հանկարծ մի քայլ առաջ գա, պատասխան է ստանալու: Իսկ երբ զինվորը տանն է, շատ անհագիստ է, ուշքումիտքը սահմանն է, մտածում է՝ ինչ է անում թշնամին, ինչով կարող է ծառայակիցներին օգնել այդ պահին: Այնպես որ, ավելի լավ է՝ զինվորը սահմանին լինի 


******************************************************************************



Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղացին ըստ էության նույն գործն է անում, ինչ և դիրքապահ զինվորը, փաստացի՝ սահմանապահ է։ Հայկազ Վարդանյանն իր այգին մշակում է թշնամու կրակոցների տակ. հողամաս իր ամեն գնալը պակաս ռիսկ չէ, քան եթե թշնամու թիկունք մտներ... Ընդ որում առանց որևէ երաշխիքի, որ վերջում կկարողանա կյանքի համար վտանգով աճեցրած բերքը հավաքել, երբ սահմանում իրավիճակը հերթական անգամ սրվի։ 
Իր հոգսերը որոշ չափով կարող ենք թեթևացնել՝ օգնելով, որ կաթիլային ոռոգմամբ մինի-ջերմոց տեղադրի տնամերձ հողամասում՝ մասամբ դիվերսիֆիկացնելով ռիսկերը։

Sahman Development Projects Սահման. Զարգացման Ծրագրեր ՀԿ-ն այդպիսի ջերմոցներ տեղադրելու մեծ փորձ ունի, ունի փորձված մատակարար, որը 450000 դրամով 100ք.մ. մակերեսով ու կաթիլային ոռոգմամբ ջերմոցներ է պատրաստում, որոնցից Տավուշում տարեկան 2-3 անգամ բերք են ստանում։ 

Գնի մեջ ներառված են նաև տրանսպորտային ծախսերը։ Բացի այդ «Սահմանի» մասնագետը գյուղատնտեսական խորհրդատվություն է տրամադրում սկսնակ ջերմոցապաններին։

Եթե ցանկանում եք օգնել Հայկազ Վարդանյանին մինի-ջերմոց ձեռք բերելու հարցում, զանգահարեք «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանին (093 332 178) կամ բլոգեր և լրագրող Սամվել Մարտիրոսյանին (093 240 724), կամ գրեք info@zorakn.org հասցեով։



Տե´ս նաև

Սահմանապահ գյուղի եկեղեցին մաքրեցին կամավորներն ու գյուղի երիտասարդները (photo)


Комментариев нет:

Отправить комментарий