вторник, 7 октября 2014 г.

Նախիջևանն ու Աջարիան համագործակցում են տնտեսության, տուրիզմի ու կրթության բնագավառում

Հոկտեմբերի 4-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովն ընդունել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ Ավթանդիլ Բերիձեին:


Հանդիպման ընթացքում Թալիբովը շեշտել է կրթության ու առողջապահության բնագավառներում կողմերի համագործակցության ընդլայնման համար առկա հեռանկարները: Բերիձեն էլ իր երախտագիտությունն է հայտնել Նախիջևանի «Դուզդաղ» բժշկական կենտրոնում Աջարիայի երեխաներին ՆԻՀ-ի հաշվին բուժում տրամադրելու համար:

Նկատենք, որ կողմերի համագործակցության մասին տեղեկություններ կան դեռևս 2012-ի հունվարից, երբ այդ ամսվա վերջին Նախիջևանի ու Աջարիայի ղեկավարները համաձայնագիր են կնքել էկոնոմիկայի, տուրիզմի ու մշակույթի բնագավառում համագործակցելու ուղղությամբ:
Կարևոր է նաև նշել, որ 2012-ի հուլիսի վերջին կայացել է Աջարիայում 5աստղանի նոր հյուրանոցի բացումը, որին ներկա էր նաև Նախիջևանի քաղաքապետ Վուղար Սաֆարովը: Այդ օրը հայտնի է դարձել, որ ադրբեջանցի ներդրողները 10 մլն դոլար են փոխանցելու աջարացիներին՝ ևս մեկ 5աստղանի «Լոնդոն» հյուրանոցի կառուցման համար:


2014-ի հուլիսի վերջին Վասիֆ Թալիբովն աշխատանքային այցով մեկնել է Աջարիա, որի ընթացքում խոսել է Աջարիայի տնտեսության մեջ նախիջևանյան ներդրումների մասին: Հատկանշական է, որ Թալիբովը հանդիպել է Բաթումի պետական համալսարանի ռեկտորի հետ՝ համալսարանին նվիրելով նոր համակարգիչներ: Ընդ որում, Բաթումի և Նախիջևանի համալսարանները ևս համագործակցում են, Բաթումի համալսարանում կա «Աջարիայի ու Նախիջևանի բարեկամության  լսարան», իսկ Թալիբովը կրում է Բաթումի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը: 
2014-ի օգոստոսի 23-ին Բաթումիի կենտրոնում տեղակայված Divan հյուրանոցում կայացել է Բաթումիի անապահով ընտանիքների երեխաներին Նախիջևանում բուժվելու ուղեկցման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Բաթումիում Ադրբեջանի գլխավոր կոնսուլը նկատել է՝ նման այց կազմակերպվում է երրորդ անգամ: Բացի այդ էլ, մեկ օր առաջ՝ օգոստոսի 22-ին, Նախիջևանի երեխաներն իրենց հերթին այցելել էին Բաթումիի առողջարաններ:

Комментариев нет:

Отправить комментарий