понедельник, 13 октября 2014 г.

«Իսլամական պետության» դրոշն Ադրբեջանի ընդդիմադիրների ցույցին՝ իշխանության սադրանք


Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանում կայացել է ընդդիմադիր Ազգային խորհուրդ խմբավորման կազմակերպած ցույցը, որի մասնակիցները կոչ են արել իշխանություններին ազատ արձակել 110 քաղբանտարկյալների: Ցույցի ընթացքում իշխանությունները թերևս ընտրել են սադրանքի ուրույն մի մեթոդ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում 2013-ի ամռանից մինչ օրս առավել քննարկվող թեմաներից է Ադրբեջանի քաղաքացիների մեկնումը Սիրիա և անդամակցումը տեղի իսլամիստական խմբավորումներին: 

Եվ ահա ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները, այդ թվում՝ Haqqin.az կայքը, գրում են, թե իբր մի խումբ ակտիվիստներ փորձել են ցույցի ժամանակ բարձրացնել Սիրիայում և Իրաքում գործունեություն ծավալող «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դրոշը, և թե նրանք Ազգային ճակատից են:


Ուշագրավ է, որ Ադրբեջանում լայն տարածքում ունեցող Sancaq սոցցանցային էջի հեղինակները, ընթերցողները, ինչպես և համացանցային ֆորումների մասնակիցները պնդում են, որ իրականում դրոշը բարձրացրել է ոչ սթափ վիճակում կասկածելի մեկ անձ, դրոշը հակառակ կողմով է պահել, և վերջինս իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ էր: 



Ըստ սույն աղբյուրների՝ հենց այդ պատճառով էլ բավականին մոտ կանգնած ոստիկաններն առժամանակ չեն միջամտել սադրիչի գործողություններին, մինչև որ լրագրողներն ու հետաքրքրված անձինք լուսանկարեն ու տեսագրեն վերջինիս, ապա նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ՝ դեպքի վայրում թողնելով դրոշը:




Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ են հրապարակել Սիրիայում և Իրաքում ակտիվացած «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման հետ Ադբեջանի քաղաքացիների փոխառնչությունների մասին։ Օրինակ՝ համացանցում տեսագրություն էր տարածվել, որտեղ, ադրբեջանական մամուլի հավաստիացմամբ, ներկայացված են Թուրքիային սահմանակից Սիրիայի Հալեպի շրջանի Քոբանի քաղաքի վրա հարձակվող իսլամիստ զինյալներ, որոնց թվում կան նաև ադրբեջանցիներ։  Բացի այդ, հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արասթուն Օրուջլուն հայտնել է՝ «Իսլամական պետությունը» լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ «Այդ խմբավորման կազմում մարտնչող ադրբեջանցիները ստանում են զենք-զինամթերք, փորձ ձեռք բերում, կապեր հաստատում։ Եթե Ադրբեջան վերադառնան նման պատրաստվածության անձինք, դա իրական սպառնալիք կարող է լինել։ ԻՊ-ի կազմում հարյուրավոր ադրբեջանցիներ կան, նրանց մի մասը հաստատապես հետ է վերադառնալու, ուստի Ադրբեջանը չպետք է դուրս մնա միջազգային հակաահաբեկչական կոալիցիայից, քանի որ միայն կոալիցիայի կազմում լինելով է հնարավոր տեղեկություններ ստանալ ԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցիների մասին»,-նկատել է փորձագետը։

Комментариев нет:

Отправить комментарий