понедельник, 13 октября 2014 г.

Ադրբեջան է ժամանելու ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն



ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սույն թվականի հոկտեմբերի 13-ին ժամանելու է Ադրբեջան՝ պաշտոնական այցով: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ Շոյգուի այցի հիմնական նպատակն Ադրբեջանի ՊՆ-ի հետ համագործակցության 2015 թվականի ծրագրի ստորագրումն է: Բացի այդ էլ, ծրագրված են հանդիպումներ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հետաքրքիր է, որ Շոյգուի հետ հանդիպմանը նախորդել է Ադրբեջանի վարչապետ Արտուր Ռասուլզադեի` ՊՆ-ում անցկացրած հատուկ խորհրդակցությունը: Այն վերաբերել է զինված ուժերում բարեփոխումներին, մասնավորապես՝ Ադրբեջանի ունեցած սպառազինության արդիականացման խնդիրներին, իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է դարձել սեպտեմբերի սկզբին կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսից հետո, հնարավոր է արդիականացնի իր տանկերը ՌԴ-ում, ՌԴ-ից գնի Բալ-Է առափնյա հրթիռային կայաններ և այլ տիպի սպառազինություն: Չի բացառվում, որ ՌԴ-ի ու Ադրբեջանի ՊՆ-ների համագործակցության նոր ծրագրում շեշտը դրվի հենց սպառազինության գնման և արդիականացման վրա:
Հավելենք, որ վերոհիշյալ խորհրդակցությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը, վարչապետի օգնականը, պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, կապի նախարար Ալի Աբբասովը, հողի սեփականության գծով պետական հանձնաժողովի նախագահ Ղարիբ Մամեդովը, պաշտպանության նախարարի տեղակալն ու այլ պաշտոնյաներ:


Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի մայիսին Սերգեյ Շոյգուի հրավերով Միջազգային անվտանգության 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր՝ Շոյգուի հետ քննարկվել են Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման հեռանկարները, Ուկրաինայի ներքին իրավիճակը:

Комментариев нет:

Отправить комментарий