вторник, 4 ноября 2014 г.

Ադրբեջանում Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերանը սպառնում է ինքնասպանությամբ



Ադրբեջանում Արցախյան պատերազմի հաշմանդամ, վետերան Նիզամի Դաշդամիրովը հերթական բողոքի ցույցն է անցկացնում Մինգեչաուրի շրջանի գործադիր իշխանությա գրասենյակի մոտ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az պորտալը:

Ըստ աղբյուրի՝ պատերազմում երկու ոտքը կորցրած վետերանը իր բողոքը ներկայացնող պաստառ է պատրաստել, որտեղ ասվում է, թե ինքն ի վիճակի չէ անգամ ուտելիք հայթայթել իր համար, և եթե իրեն չօգնեն, ինքնասպանություն կգործի:

Հայտնի է, որ Դաշդամիրովը երեք երեխաների հայր է, տառապում է շաքարախտով, չի կարողանում անհրաժեշտ բուժումը ստանալ, քանի որ ողջ ընտանեկան բյուջեն ծախսվում է երեխաներին կերակրելու համար:

Haqqin.az-ը նշում է, որ իր թղթակցին հաջողվել է կապ հաստատել Մինգեչաուրի գործադիր իշխանության հետ, որտեղից էլ անհայտ պաշտոնյան հեռախոսազրույցում ասել է, թե վետերանը բողոքելու տեղ չպետք է ունենա, քանի որ իրենց աշխատավարձից ավել թոշակ ու նպաստ է ստանում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանները շատ դեպքերում իրենց բողոքի ձայնն արտահայտում էին ինքնասպանության սպառնալիքի կամ ինքնահրկիզման միջոցով:

Ինքնահրկիզման միտումը տարածվեց 2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում կատարած Զաուր Հասանովի մահվան պատճառով, երբ Ադրբեջանում միառժամանակ բողոքի ցույցեր սկսվեցին, սոցցանցերում տարածվեցին Ալիևի վարչակարգի դեմ ուղղված կոչեր: Որոշ ժամանակ անց այս ալիքը հանգեց, սակայն վետերանների ինքնահրկիզման դեպքերն ավելի հաճախակի դարձան:


Այսպես, հուլիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի ընդունարանի մոտ Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ էր արել իրավապահ մարմինների ներկայացուցիչների և իր հարազատների աչքի առջև։

2014-ի փետրվարին վետերան Մալիք Մեջիդովը Սումգայիթ քաղաքի գործադիր իշխանության նստավայրի մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել: Նա բենզին է լցրել իր վրա, անցորդներին հաջողվել է ժամանակին խլել կրակայրիչն ու կանխել ինքնահրկիզումը:

«Ղարաբաղի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է, որ Բարդայի շրջանի իշխանությունները փորձում են կոծկել հունվարի 28-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 2-րդ կարգի  հաշմանդամ ՄաարիֆՎելիևի ինքնահրկիզման փաստը։

2014-ի հունվարի 27-ին Եվլախում ինքնահրկիզվել էր վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Նիզամի Քերիմովը:


Ադրբեջանի Խազարի շրջանի Բուզովնա ավանում հուլիսի 20-ին Արցախյան պատերազմի վետերան, 1971-ին ծնված Նուրիև Ջոշգուն Էյվազօղլուն իր հարազատների աչքի առջև բենզին էր լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։


Նկատենք, որ 2013-ի օգոստոսի 25-ից մինչև 2014-ի օգոստոսի սկիզբն Ադրբեջանում ինքնահրկիզում է կատարել 10 հոգի, որոնցից 5-ն Արցախյան պատերազմի վետերաններ են:

Комментариев нет:

Отправить комментарий