суббота, 31 января 2015 г.

Ադրբեջանցիները կռվում են Սիրիայում, ոչ թե Ղարաբաղում. ադրբեջանցի պաշտոնյա




Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մոտ երկու տարի է, ինչ փորձում է իր գլխացավանքներից մեկը՝ Սիրիա մեկնող ադրբեջանցի զինյալների խնդիրը կիրառել հօգուտ իրեն: Սկզբնական շրջանում տեղեկատվական դաշտում հայտնվեցին լուրեր, թե իբր Սիրիայից վերադարձած ադրբեջանցիները, ունենալով ռազմական փորձ ու հմտություններ, լծվելու են «Ղարաբաղի ազատագրման գործին»: Այնուհետև երբ իսլամիստ զինյալների կողմից սպառնալիքներն Ադրբեջանի իշխանություններին տարածում գտան, բացի այդ Ադրբեջանի որոշ վայրերում իսլամիստները սկսեցին ակտիվանալ, ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց նյութեր լցնել դաշտ՝ «Մեր կռիվը Սիրիայում չէ, մեր կռիվը Ղարաբաղում է» ուղերձով:

Իրավիճակի լրջության և սույն քարոզչության անարդյունավետության մասին են  թերևս վկայում Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլըի վերջին հարցազրույցում տեղ գտած մտքերը: Վերջինս հարցադրում է անում. «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչու են մեկնում Սիրիա: Եղիր քո պետության զինվորը: Եթե մեր երիտասարդության ներկայացուցիչներն ուզում են պատերազմել, մենք ունենք բռնազավթված տարածքներ և պայքարի համար վայր, նրանք կարող են մեր թշնամու դեմ կռվել»:

Կարծում եմ՝ ավելորդ է բացատրել, թե «բռնազավթված տարածներն» ինչ են, ու «թշնամին» ով է Ղուրբանլըի համար:


Այդուհանդերձ, դժվար թե սույն խոսքերը որևէ շոշափելի արդյունք տան ու ազդեցություն ունենան ադրբեջանցի ծայրահեղականների վրա, հատկապես հաշվի առնելով այն հագամանքը, որ ըստ ադրբեջանական մի շարք մեդիա ռեսուրսների՝ վերջիններս ծաղրում են Արցախյան պատերազմի ադրբեջանի վետերաններին, ինչպես և Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներին իրենց սոցցանցային գրառումներում: Բացի այդ, համաձայն նույն ադրբեջանական, ինչպես և միջազգայի մամուլի հրապարակումների՝ ադրբեջանցի իսլամիստների գերնպատակներից մեկն Ադրբեջանի աշխարհիկ իշխանության՝ Ալիևի վարչակազմի տապալումն է ու Ադրբեջանի տարածքում իսլամական ճշմարիտ պետության ստեղծումը: 

Комментариев нет:

Отправить комментарий