воскресенье, 3 мая 2015 г.

Exclusive! Genealogy-ն տարազներ կրելուց հետո կիսվել է իր տպավորություններով (interview/photo)










Ապրիլի 26-ին Հայաստանն այս տարվա Եվրատեսիլին ներկայացնող Genealogy  խմբի անդամները լուսանկարվեցին Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած հայկական ավանդական հագուստներով: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը նշեց, որ ուրախ կլինի տեսնել հայ վարպետների ձեռքերով ստեղծած ու հայկական ավանդական ասեղնագործությունը կրող տարազները տաղանդավոր հայ երիտասարդների հագին: Նարեկածինը, որն իր հերթին տրամադրել էր հայկական զարդերը, շեշտեց, որ վզնոցներն ու ականջօղերն ավարտուն տեսք տվեցին խմբի տարազային կերպարներին՝ ինքնատիպ հմայք հաղորդելով նրանց, իսկ լուսանկարչուհի Էմմա Մարաշլյանը հայտնեց, որ խմբի նկարահանման օրը Մարաշլյանների ֆոտոտուդիայում տիրում  էր ջերմ ու ազգային շնչով լի մթնոլորտ: 
Մեր հարցերին սիրով պատասխանեցին նաև Genealogy-ի անդամները:


-Ի՞նչ էին զգում Genealogy խմբի անդամները, երբ կրում էին Տերյան կենտրոնի ստեղծած հայկական տարազները Մարաշլյան ֆոտոստուդիայում ֆոտոնկարահանման ժամանակ: Արդյոք նրանք առաջին անգա՞մ էին տարազ կրում:

“Genealogy” խմբի անդամ Ինգա Արշակյան- Բեմում պարբերաբար հնարավորություն ունեցել եմ կրելու հին հայկական տարազներ եւ յուրաքանչյուր անգամ հագնելիս նույն զգացողությունն եմ ունենում: Տարազ հագնելիս հայացքդ եւ ներսդ է փոխվում, քանի որ համապատասխան հագուստը, կոշիկը, գլխի հարդարանքը եւ զարդերը կարծես ամբողջովին վերափոխում են մարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին` իբրեւ հին մշակույթի մի պատառիկ, եւ երջանկություն է, որ մինչեւ մեր օրերը հասել են այդ պատառիկները եւ մենք դրանց կրողներն ենք այժմ:

“Genealogy” խմբի անդամ Ստեֆանի Թոփալյան- Ես առաջին անգամ էի կրում տարազ եւ երբ ինձ օգնում էին ընտրել, կրել այն, միանգամից հասկացա, որ տարազ կրելու համար բանիմաց մարդիկ են պետք, որ օգնեն ցանկացողներին ճիշտ ընտրություն կատարել: Դա ինձ համար շատ հատուկ եւ հաճելի պահ էր: Ես վստահ եմ, իմ տատիկն ու պապիկը շատ կհպարտանային ինձնով:
“Genealogy” խմբի անդամ Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան- Հայկական ազգային տարազով առաջին անգամ էի: Այդ հագուստն այնքան գեղեցիկ է ՝գլխի հարդարանքները, զարդերը եւ ամբողջը հայկական նախշերը: Իսկապես ոգեւորիչ էր,  հոգեպես կապվեցի իմ նախնիների հետ: Ես տեսել էի իմ նախնիների լուսանկարները այդ տեսակի տարազներով եւ դա, իրոք, շատ բան է նշանակում ինձ համար: Մայրիկիս մի լուսանկար ուղարկեցի, նա ասաց, որ տատիկիս եմ նման. շատ հուզիչ պահ էր:
“Genealogy” խմբի անդամ Թամար Կապրելյան- Ինձ համար մեծ պատիվ էր կրել հայկական ազգային հագուստ՝ տարազ: Ինձ տարբեր հագուստներ առաջարկեցին եւ շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ընտրելու հենց Խարբերդի տարազը. պապիկս Խարբերդից էր:
“Genealogy” խմբի անդամ Եսայի Ալթունյան- Առաջին անգամ էի կրում տարազ. այնքան հպարտ զգացի: Տարազն այնքան էլեգանտ էր ու գեղեցիկ, որ մի պահ մտածեցի` նույնիսկ շատ տարիներ առաջ հայ ժողովուրդն արդեն  ուներ իր հագուստի ճաշակն ու նորաձեւության զգացումը:
“Genealogy” խմբի անդամ Վահե Թիլբյան- Ես նախկինում էլ կրել եմ տարազ հայկական  պարեր պարելիս, երբ դեռ Եթովպիայի հայկական դպրոցում էի սովորում: Դպրոցն ուներ երգչախումբ, եւ մենք բոլորս կրում էինք տարազ համերգների ժամանակ: Երբ նայեցի ինձ հայելու մեջ, իսկապես զգացի իրական հայկական ոգին: Դա ինձ հիշեցրեց իմ հայկական արմատների մասին. դա շատ զգացմունքային պահ էր, որ կմնա հիշողությանս մեջ:

-Ո՞վ և ինչո՞ւ  որոշեց հայկական տարազներով ֆոտոնկարահանում ունենալ:
Մասնակիցների համար այս անակնկալը, հանդիպումն ու հնարավորությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն էր կազմակերպել: Ֆոտոպատմության նկարահանումը միտված է հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանը, ինչպես նաեւ աշխարհին ներկայացնելու հայկական տարազի առանձնահակություններն ու յուրահատկությունը:

-Խմբի անդամները կկրեն տարազ կամ տարազի առանձին բաղադրիչներ իրենց առօրյա հագուկապու ՞մ:
          Genealogy խմբի անդամներն իսկապես մեծ բավականություն ստացան ողջ նկարահանման ընթացքից: Նրանք մեծ ոգեւորությամբ ծանոթացան հայկական տարազների ստեղծման պատմությանը, օգտագործված սիմվոլների նշանակությանը: Չի բացառվում, որ հնարավորության պարագայում նրանք ապագայում եւս օգտագործեն տարազի առանձին բաղադրիչներ:

-Ինչպիսի՞ արձագանքներ կան Եվրոպայում Genealogy խմբի ու նրանց երգի վերաբերյալ:
Face The Shadow երգը բավական լայն տարածում ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրատեսիլյան երկրպագուների շրջանում: Այն յութուբում ունի ավելի քան 1 մլն 300 հազար դիտում: Հուսանք, որ երգը մրցութային օրերին կգնահատեն նաեւ Եվրատեսիլի այս տարվա ժյուրիի անդամները, իսկ երկրպագուները՝ ակտիվ կքվեարկեն:

-Մաղթում ենք լավագույնը, և հուսով ենք` հայկական տարազներով լուսանկարները հաջողություն ու հաղթանակ կբերեն:
Շնորհակալություն: Genealogy խումբն առաջնորդվում է Հավատարիմ արմատներին կարգախոսով եւ վստահ ենք, որ արմատներին հավատարիմ լինելուն միտված յուրաքանչյուր քայլ հաջողության գրավական կլինի:

Զրուցեց ՝ Անի Մարգարյանը


Комментариев нет:

Отправить комментарий