четверг, 16 июля 2015 г.

Երբ ադրբեջանական սուտը հայերի մասին մերկացնում է նույն Ադրբեջանի մամուլը





Դեռևս 2014-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունեց մի կարևոր հրամանագիր, որով ըստ էության սահմանափակվում էր ԶԼՄ-ների աշխատանքը՝ հատկապես առաջնագծի իրադարձությունների, բանակի ու սահմանամերձ գոտու թեմաներով: Նմանատիպ մոտեցումը փաստորեն հանգեցրեց նրան, որ Ադրբեջանի բանակի զոհերի իրական թվի համար սկզբնաղբյուր սկսեցին ծառայել սոցցանցային գրառումները, բլոգերների, ադրբեջանալեզու՝ ոչ այնքան մեծ թվով ընթերցողներ ունեցող, քիչ թե շատ անկախ կայքերի հրապարակումները, սակայն արդեն ոչ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները: Սույն իրադարձությունների զարգացումը հասցրել է նրան, որ օրերս Ադրբեջանի ՊՆ՝ անգամ Հայաստանին ու հայերին վերաբերող տեղեկությունը կասկածի տակ է դրվում նույն ադրբեջանական մամուլում, ինչը մինչ այդ չէր նկատվում:

Այսպես, օրերս Ադրբեջանի կայքերը լուրեր էին տարածել, թե իբր ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի ադրբեջանական մարզի սահմանամերձ Ալիբեյլի գյուղում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել՝ «հայկական կողմից արձակված կրակի հետևանքով»:  Մասնավորապես, կայքերը գրել էին. «խոշոր տրամաչափի զենքերի կրակոցից վիրավորվել են 12-ամյա Նարմին Հանբաբաևան, 8-ամյա Թունջայը և 44-ամյա Դուրդան Նագիևան, երեքին էլ տեղափոխել են հիվանդանոց»: Եվ ահա այս տեղեկությանը, ըստ իշխանամետ ԱՊԱ լրատվական գործակալությանը, հետևել էին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ հայերին ուղղված հերթական սպառնալից խոսքերը, թե ադրբեջանցի զինվորներին հրաման է տրվել պատասխանել հայերին: Թվում է, թե սովորական դարձած իրավիճակ, ինչը, ցավոք, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:

Սակայն, ադրբեջանական արևմտամետ, քիչ թե շատ անկախ «Թուրան» լրատվական գործակալությունը փորձել է սեփական հետաքննությունն անցկացնել՝ պարզելով, որ ըստ Ադրբեջանի ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ նույն օրը՝ հուլիսի 13-ին, Թովուզի շրջանի նույն գյուղում միևնույն անուններով 3 բնակիչ վիրավորում է ստացել շինարարական աշխատանքների ընթացքում պայթած փամփուշտի պատճառով:
Այսպիսով, ստացվում է՝ սահմանամերձ գյուղում գրանցված դժբախտ պատահարն ադրբեջանական որոշ կայքեր ներկայացրել են որպես «հայերի ձեռքի գործ», իսկ պաշտպանության նախարարը դրա հիման վրա հայտարարություն է արել, ավելին՝ հրամանել հայերին համարժեք պատասխան տալ: Սա այն եզակի դեպքերից է, երբ Ադրբեջանի ՊՆ բանսարկություններն ու հայերի թեմատիկայով ստահոդ լուրերը բացահայտում է հենց ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսը:

Արդյունքում, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու պաշտպանական գերատեսչության տրամադրած տեղեկության նկատմամբ թերահավատության աճ գրանցվեց՝ դատելով ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանություններից, վստահության խնդիր ծագեց նաև ի սկզբանե լուրը տարածած մի շարք ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ: Կարելի է ենթադրել նաև, որ ադրբեջանցի ընթերցողների մի մասը՝ առաջին, մյուս մասը՝ հերթական անգամ բախվեցին հայկական գործոնի շահարկման հետ սեփական լրատվադաշտում ու պաշտոնական կառույցի կողմից: Խնդիրն այն էր, որ լուրը «հայկական կրակոցների», «խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակող հայերի»՝ ադրբեջանական հակահայ քարոզչության կերպարն էր պարփակում, որը հարկի եղած դեպքում բազմիցս կիրառվում է ադրբեջանական մեդիա դաշտում, իսկ այժմ, փաստորեն, նմանատիպ լուրերը միանշանակ կերպով չեն ընկալվի ադրբեջանցիների շարքերում: 

Կարծում ենք՝ սա վերջին դեպքը չի լինելու…

Комментариев нет:

Отправить комментарий