понедельник, 10 августа 2015 г.

Ադրբեջանում սկանդալ է հասունանում. հերթական լրագրողի սպանությունը




Օգոստոսի 8-ին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ադրբեջանցի հայտնի լրագրող, ակտիվիստ, ադրբեջանական քիչ թե շատ անկախ ռեսուրսներ Obyektiv TV-ի, Ann.az կայքի, «Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի» աշխատակից, 31-ամյա Ռասիմ Ալիևը:

Սույն կասկածելի մահը սպառնում է հերթական բիծը թողնել Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա: Ուստի Ադրբեջանի ոստիկանությունը շտապել է ձերբակալել Ադրբեջանի իշխող վարչակարգի քննադատ լրագրողի սպանության մեջ առաջին կասկածյալ համարվող, Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլային ակումբի խաղացող Ջավիդ Հուսեյնովի եղբայր, 21-ամյա  Էլշան Իսմայիլովին: Հետաքննությունը պնդում է, թե հենց Հուսեյնովին ուղղված քննադատություններից հետո է սպանվել ադրբեջանցի լրագրողը:

«Գաբալա»-ն իր հերթին աճապարել է հեռացնել ֆուտբոլիստին և իր խորը ցավակցությունները հայտնել սպանվածի հարազատներին: Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի հասարակական-քաղաքական վարչության պետի տեղակալ Ալի Հասանովը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով մինչև հետաքննության ավարտը խուսափել ենթադրություններ անելուց՝ միաժամանակ հավաստիացնելով, թե լրագրողի սպանության գործն իրենց հատուկ վերահսկողության ներքո է:


Հարկ է հավելել, որ Ռասիմ Ալիևի հուղարկավորության ժամանակ արդեն հնչել են տեսակետներ, որ վերջինս իշխող վարչակարգի զոհն է: Եղել են կարծիքներ, որ նրա մահը բժիշկների մեղքն է կամ էլ պատվիրված սպանություն է: 

Комментариев нет:

Отправить комментарий