суббота, 22 августа 2015 г.

Տերյան կենտրոնի տարազները շունչ հաղորդեցին Զվարթնոցին (photo)


Օրերս Զվարթնոցի ավերակները վերակենդանացան...

Կայացավ լուսանկարահանում՝ Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած տարազներով: Հետաքրքրվողները մեծ թիվ էին կազմում. ներկա էին Իտալիայից հյուրեր, մոտենում էին անցորդները, այցելուները, զբոսաշրջիկները, լուսանկարում, հարցեր տալիս:
Լուսանկարիչ Արմեն Մխոյանի ջանքերով և Շուշան Ստեփանյանի դիմահարդարման օգնությամբ ստացանք իշխանուհու կերպար, որ փորձում է վերակենդանանալ և վերակենդանացնել երբեմնի հզոր Զվարթնոցը: 
Լուսանկարահանման ժամանակ կիրառվեցին կրելի հագուստներ՝ տարազային էլեմենտներով, գլխազարդ, մետաղե զարդեր, նկարված և ասեղնագործած գոգնոցներ, կանաչ վերազգեստ՝ Ուրֆայի ասեղնագործությանը հատուկ ծաղկային զարդանախշերով՝ նկարված տարբերակով: 
Դատելով լուսանկարների տարածումից և մեկնաբանություններից՝ Տերյան կենտրոնի վարպետների ձեռքերով կյանքի կոչված հայկական տարազի հմայքն անտարբեր չի թողել շատերին: 


«Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն 2000-ականների սկզբից ի վեր մինչ օրս ծավալում է մշակութային, գրական, կրթական, հրատարակչական, ազգագրական, ազգապահպան, գիտահետազոտական, հայագիտական, հոգևոր արժեքների տարածման և քարոզման լայն գործունեություն:

«Տերյան մշակութային կենտրոնը» լայն զանգվածներին հայտնի է գերազանցապես որպես հայկական ազգային հագուստներն ու հայկական ավանդական ասեղնագործությունը վերականգնող, հնի հիմքի վրա նոր ոճավորված հագուստներ ստեղծող կենտրոն: Սերտորեն համագործակցելով ազգագրագետների հետ, ժամանակի ընթացքում կուտակելով մեծ քանակությամբ գիտական գրականություն և հոդվածներ, հիմք ընդունելով աշխարհի տարբեր թանգարաններում պահվող հայկական հին հագուստները՝ կենտրոնը մշտապես ձգտում է ներկայացնել խիստ որակյալ տարազներ՝ համապատասխան ժամանակին հայ մարդու կենսակերպին ու աշխարհայացքին, որոնք կյանքի են կոչվում կենտրոնի վարպետների տևական աշխատանքի և ջանասիրության շնորհիվ, և որոնք էլ դառնում են մեր մշակույթի խորքն ու էությունն արտացոլող հայելիներ:

Կենտրոնի մասնագետների ձեռքերով արդեն իսկ ստեղծվել են թանգարանների օրիգինալ նմուշների կրկնօրինակներ հանդիսացող, 16-20-րդ դարի սկզբի հայկական միջավայի ազգային հագուստների (տղամարդու և կանացի) վերականգնված տարբերակները՝ համապատասխան շրջանների (Վան/Վասպուրական, Արցախ/Սյունիք, Երևան և այլն), որոնք կրում են հայկական ավանդական ասեղնագործության կարատեսակներով ստեղծված զարդանախշեր: Կենտրոնը, կազմակերպելով իր վերականգնված տարազների հավաքածուի պարբերական ցուցադրություններ, հասարակության տարբեր շերտերին ճանաչելի և սիրելի է դարձնում հայկական տարազը: Բացի այդ, ներկայացնելով նաև դրանց հիմքի վրա ստեղծված ոճավորված հագուստները՝ նպաստում է, որպեսզի հայկական ազգային հագուստի տարբեր տարրերը մուտք գործեն արդի հայի կենսակերպ և ժամանակակից մտածողության տեր հայը կարողանա դրանք կրել մեր օրերում տարբեր առիթների: Կենտրոնն իր գործունեության առաջնային արդյունքներից է համարում այն հանգամանքը, որ տարազի նկատմամբ հետաքրքրությունն արդեն իսկ աճել է մեր հասարակության շարքերում, ինչն անզեն աչքով նկատելի է:

















Комментариев нет:

Отправить комментарий