среда, 10 августа 2016 г.

Տիկնիկներն արթուն են պահում մեր ներսի հեքիաթը. հայ տիկնիկագործ




Մեծ հայկական աչքերով, ինքնավստահ Կեկելը, Փարաջանովյան նռներով աղջիկները, մրգերի սինիով կենսուրախ կինտոն ու անմեղ հայացքով հյուրերին ընդունող Փոքրիկ Իշխանն օրերս բնակություն հաստատեցին «Հուշկապարիկ» խանութ-ցուցասրահում։ Նրանց հեղինակ, նկարիչ-տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը, որը ծնվել ու մեծացել է Վրաստանում, ընդգծում է, որ իր ստեղծած տիկնիկների հագուստները կարվում են հին կտորներից, իսկ դեմքերի արտահայտությունը չի կրկնվում։

—Յուրաքանչյուր արվեստագետի կյանք ունի ներքին պայթյուններ, տիկնիկներն ինձ գրավեցին կավագործի, կոշկակարի, դերձակի և շատ այլ մասնագիտությունների համակցության համար։ Բացի այդ, տիկնիկներն օգնում են արթուն պահել ներքին հեքիաթը, մեր մեջ բնակվող երեխային, որը պարզապես քնած է, չի վերանում։

—Ի՞նչ տեխնիկայով եք աշխատում։
—Սկզբնական շրջանում՝ հասարակ կավով, որ նախատեսված է ափսեների, կժերի, կենցաղային իրերի համար, այնուհետև անցում կատարեցի պոլիմերային կավին։

—Հետևո՞ւմ եք Ձեր տիկնիկների ճակատագրին։
—Բոլոր տիկնիկներն ունեն իրենց կենսագրությունը, պատմությունը։ Վաճառքից հետո միշտ ցանկանում եմ իմանալ, թե ինչպես են վերաբերում իմ տիկնիկին։


—Խոսենք հայ տիկնիկագործության խնդիրների մասին։ Կան հայկական մշակույթի տարբեր ճյուղեր, որոնք մոռացության եզրին են, կամ խիստ դանդաղ է ընթանում դրանց վերածնման գործընթացը։ Տիկնիկագործության առումով կարծես թե արդեն ունենք ինքնըստինքյան ձևավորվող դիմագիծ։
—Տիկնիկագործությունը Հայաստանում նոր ձևավորվող ճյուղ է, կան արդեն արվեստագետներ ու վարպետներ, ուստի կարծում եմ՝ անհրաժեշտ է ստեղծել Տիկնիկների թանգարան, որպեսզի վերնիսաժային կարգավիճակից տիկնիկագործությունը վերածվի դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացող ճյուղի, դրա պոտենցիալը կա։ Ես ինքս պատրաստ եմ  իմ հավաքածուից մի մեծ մաս տրամադրել Հայաստանում ապագայում գործող տիկնիկների թանգարանին։

—Ունե՞ք արվեստանոց։
—Տանը փոքրիկ անկյունում ստեղծել եմ իմ արվեստանոցը, ես սովորաբար մտքում էսքիզ եմ անում, բայց ստեղծման ընթացքում տիկնիկն է հուշում հագուստը, գույնը, խառնվածքը։

—Կուզենայի՞ք դասավանդել։
—Հաճույքով, Թբիլիսիում ուզում էինք Փարաջանովյան խմբակ ստեղծել, որտեղ կուզենայի դասավանդել տիկնիկագործություն։ Երբ արվեստում դիմագիծ ես ձեռք բերում, պետք է դասավանդես, փոխանցես քո հմտությունները։ Տեսնենք, խմբակի ստեղծումը դեռևս ծրագիր է։

—Վրաստանում որպես հայ տիկնիկագործ ազա՞տ եք շնչում։
— Իմ կերպարների ճնշող մեծամասնությունը հայ է, բայց գնահատում են մեր արվեստը, խոչընդոտներ չեն ստեղծում Վրաստանում, արվեստի լեզուն հասու է բոլորին՝ անկախ ազգությունից։


—Ամեն տիկնիկագործ ժամանակի ընթացքում որևէ տարբերվող, շեշտված բնութագրող գիծ է ունենում։
—Իմ տիկնիկը ո´չ հագուստ, ո´չ տեխնիկա է ներկայացնում, այլ՝ հոգեվիճակ, կենցաղ, հավաքական կերպարներ են՝ նռներով աղջկա, հպարտ քայլող Կեկելի, էստի համեցեք կանչող կինտոյին։ Կենցաղային խնդիրներից զուրկ են իմ տիկնիկները, կոնկրետ հոգեվիճակի արտացոլում են, ունեմ նաև Հայոց ցեղասպանության թեմատիկային վերաբերող տիկնիկներ, որոնց պատրաստման համար մեծ ջանքեր են հարկավոր եղել։


Հաճելի զրույցից հետո բարձրահասակ ու թիկնեղ, բայց նուրբ հոգով երիտասարդ արվեստագետը շտապում է հեռանալ իր թիֆլիսյան արվեստանոց՝ թիֆլիսահայերի երբեմնի կյանքն ու կենցաղը ներկայացնող նոր կենդանի տիկնիկներ արարելու, որոնցից յուրքանչյուրը փորձելու է գեղեցկության նշույլ հաղորդել մեր՝ արագ ռիթմով, մեխանիզացված կյանքին։ 

Комментариев нет:

Отправить комментарий