суббота, 3 сентября 2016 г.

Հայկական գուլպան պետք է մոռացությունից փրկել. գուլպայագործ վարպետ



Շարունակում ենք հարցազրույցների շարքը «Հուշկապարիկ» խանութ-ցուցասրահի հետ համագործակցող հայ վարպետների հետ։ Մեր զրուցակիցն է գուլպայագործ վարպետ, շյուղագործ Հասմիկ Սողոմոնյանը։



_Ինչու՞ գուլպա, տիկին Հասմիկ։

_1915 թ. Հայոց ցեղասպանությանը հաջորդած գաղթից հետո նախնիներս, հաստատվելով Արևելյան Հայաստանում ու արտերկրում, զբաղվել են ձեռագործով կամ դերձակությամբ կամ էլ ունեցել են արվեստանոցներ։ Տատիկս ու մայրս շատ շնորհալի կանայք էին, գործում էին, կարում էին։ Կարծում եմ՝ հենց սերնդեսերունդ եմ ժառանգել։ Մայրիկս ունակ էր ցանկացած զարդանախշ գործվածքում վերարտադրելու, բավականին բարդ գործ է, ինչի ունակությունն էլ իրենից եմ ժառանգել, իսկ ահա գործելուց գուլպաների հատուկ բարձրությունը, ոտքերի մատների հարմարությունն ամենը կապված է հաշվարկի հետ, ինչն էլ տատիկիցս եմ ժառանգել։ Ինքս փոքր տարիքից սկսել եմ գործել։


_Հայկական գուլպաները ներկայումս առավել հուշանվերայի՞ն են, թե՞ կիրառելի։

_Հիմնականում կիրառելի են, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում, ուստի գործելուց անպայման հաշվի եմ առնում կիրառման հարմարությունը։

_Կա՞ հետաքրքրություն օտարերկրացիների շրջանոււմ։

֊_Այո ու բավականին մեծ, գնահատում են թե՚ թելի, թե՚ աշխատանքի յուրահատկությունն ու որակը, ես կիրառում եմ բարձր որակի հակաալերգիկ բուրդ, ամեն գուլպայի իր թելի որակը պիտի ապահովես, որպեսզի զարդանախշերն ըստ արժանվույն երևան։

_Ի՞նչ խնդիրներ են առկա ոլորտում։

_Նախ՝ սպառումը, ինչը կապված է թերևս հենց քարոզչության ու գովազդի իսպառ բացակայության հետ, քանի որ քչերն են իրազեկված հայերի շրջանում, գուլպաները պետք է փրկել մոռացությունից։ Մյուս խնդիրը՝ բավականին հաճախ չնչին վարձատրությունը, ինչը նույնիսկ թելի արժեքը չի ապահովում, դա կրկին աշխատանքի բարդության ու յուրահատկության մասին իրազեկվելուց է գալիս։

_Երբևէ դասավանդե՞լ եք գուլպայագործություն։

_Գիտեք՝ իմ գուլպաներն առանց կարի են, բարդ են գործվում, մի քանի անգամ աշակերտներ պահել եմ, բայց կամքի մեծ ուժ ու մեծ համբերություն է հարկավոր, ուստի քչերն են մինչև վերջ գնացել։

_Գուլպան հայ տարազային շատ կարևոր բաղադրիչ է։ Ներկա դրությամբ տարազը զգալի տեմպերով վերականգնվում է, իսկ գուլպաները՞...

_Պարային համույթներից շատ բան է գալիս, իսկ էնտեղ պարզապես շերտավոր սովորական գուլպաներ են կիրառում, դա կոպիտ սխալ է, գուլպան պետք է համապատասխանեցնել ամեն շրջանի տարազին։ Ես վերականգնում եմ ճիշտ գուլպան, բայց այն անհրաժեշտ է կիրառել ավելի մեծ մասշտաբներով։

_Հայկական գուլպաներում կա՞ տիրապետող գունային համակարգ։

_Կան կապույտի հատուկ երանգներ, օրինակ՝ էլեկտրիկ կապույտը, որ չի կիրառվել, ինչպես և կանաչի հատուկ երանգները։ Շատ են օգտագործել կարմրի, օխրայի երանգները, օրինակ՝ բալագույնը։ Գունային համակարգով մոտ են եղել հիմնականում գորգերին։

_Փորձու՞մ եք արդիականացնել կամ սեփական մոտեցումը ներդնել գուլպայում։

_Ունեմ գուլպաներ, որ Արցախի Սումախի աղաքսակի զարդանախշերով են և գունային համակարգով, կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել։

_Այլ ի՞նչ տեսակի գուլպաներ եք հաճախ գործում։

_Վանա գուլպաներ, իմ ազգականներից մեկի հին Վանա գուլպաների նախշերից եմ նայել ու դրանց տեխնիկան էլ եմ վերականգնում։

_Մեկ զույգ գուլպան որքա՞ն ժամանակում եք ավարտում։

_Նվազագույնը՝ 10-15 օր, բարդությունը կայանում է նրանում, որ սխալի դեպքում այդ հսյակայան գործը պետք է հետ քանդել ու սկսել կրկին։

_Ի՞նչ կմաղթեք հայ մշակույթը վերածնող արվեստագետներին։


_Ամենակարևորը՝ լինեն գնահատված ու հասկացված։

Комментариев нет:

Отправить комментарий