среда, 8 февраля 2017 г.

Հայ արվեստաբանին Չինաստանում մետաքսի ճանապարհ են անվանել








Չինացիները ոչ միայն իրենց մշակույթն են պահպանում ու գնահատում, այլեւ հայտնի են նաեւ իրենց լայն հետաքրքրություններով օտար մշակույթի նկատմամբ: Այդպիսի մի հետաքրքրություն մղեց Նանկինի համալսարանի արվեստաբաններին, որ հայ արվեստաբանի հրավիրեն Չինաստան՝ դասախոսություններ կարդալու: ՀՀ-ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ, հայ մշակույթի արդիականացման ուսումնասիրող Անի Մարգարյանը տպավորություններով լի օրերս է վերադարձել Չինաստանից: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ սեպտեմբեր ամսին իր իսկ հիմնած «Հուշկապարիկ» խանութ-ցուցասրահ այցելած զբոսաշրջիկներին ընդունել եւ ներկայացրել է հայ 120-ից ավելի վարպետների աշխատանքներ. «Ինձ համար շատ կարեւոր է, որ նրանք իմանան, ճանաչեն հայկական մշակույթը եւ առավելապես իմանան, որ այն մեռած չէ: Հայկական մշակույթ ասելով՝ պետք չէ հասկանալ միայն միջնադար, կամ դրանից առաջ՝ վաղ քրիստոնեական շրջանը: Ներկայիս մշակույթը, որը ամուր հիմնված է հնի վրա, նոր է, մոդեռն է եւ հետաքրքիր է ցանկացած էթնոսի: Մեր վարպետների գործերը ցուցադրելով, պատմելով նաեւ մեր պատմությունը, պարզվեց, որ նրանք Չինաստանի Նանկինի համալսարանի պրոֆեսորներ են՝ հենց արվեստի գծով, իրենց հետ էր նաեւ համալսարանի դեկանը եւ որոշում կայացրեցին հրավիրել ինձ իրենց համալսարան, որ դասախոսությունների միջոցով եւ խանութ-ցուցասրահի հետ համագործակցող վարպետների ձեռքի աշխատանքով, անգլերեն լեզվով դասախոսություն կարդալ, որի նպատակն էր հայկական մշակույթի եւ հայկական տարազի ճանաչումը՝ չինացի ուսանողներին»: Դասախոսությունը՝ «Հայկական ավանդական հագուստը, որպես ներշնչանք հայ դիզայներների համար» թեմայով է կարդացել հայ արվեստաբանը, որտեղ, առաջին հատվածում բացատրել է, թե առհասարակ ի՞նչ է հայկական տարազը, հայ մշակույթում ի՞նչ տեղ է այն զբաղեցնում: Երկրորդ հատվածում ներկայացրել է, թե ինչպես է մեր օրերում վերականգնվում տարազը, ինչու եւ ինչպես սկսվեց տարազի վերականգնման գործընթացը եւ ի՞նչ անհատներ, վարպետներ ունենք: Անի Մարգարյանը պատմեց, թե ինչպես Չինաստանում շատերը չգիտեին մեր երկրի մասին, բայց երբ մետաքսի ճանապարհով բացատրել է, շատ հեշտ է ընկալվել. «Նույնիսկ իմ անունն էին այդպես դրել՝ մետաքսի ճանապարհ՝ իտե իլու: Իմ արտաքինն էր իրենց շատ հետաքրքիր, երկար մազեր, մեծ աչքեր, թուխ մաշկ, եւ քանի որ նրանք շատ նրբագեղ են, իսկ մեր կազմվածքը ջութականման, ինձ նաեւ՝ ջութակ»: Արվեստաբանի խոսքերով՝ չինացիներին առավելապես հետաքրքրել էր այն հանգամանքը, որ Հայաստանը քարտեզի վրա գրեթե չնշմարվող երկիր լինելով, ունի բազմազան մշակույթ. «Բնականաբար, բացատրեցի, որ այն կապված է մեր պատմության հետ, քանի որ հին ազգ ենք եւ բազմադարյան պատմության ընթացքում քարտեզը բազմիցս փոխվել է: Բացի այդ էլ, հայերը բնակվել եւ ստեղծագործել են ոչ միայն Հայաստանում, այլեւ հայկական գաղութներում: Սա ազդել է նաեւ տարազի վրա. Վասպուրականինը՝ բազում գույներով, խայտաբղետ, բարդ ձեւվածքներով, Կարինի տարազը երկու եւ երեք գույնից ոչ ավելի, Արցախի տարազը՝ կանաչի ու կարմիրի կոնտրաստը, մետաղի գերակայությամբ եւ ասեղնագործության գրեթե բացակայությամբ: Նաեւ տարազի մաս կազմող արծաթյա զարդերը, ինչը չի կարելի ասել չինական տարազի մասին՝ նրանցը մի գծով է զարգացել»: Անի Մարգարյանին դուր էր եկել, որ չինացիները հետաքրքրվել էին նաեւ հայկական ասեղնագործությամբ. «Հատկապես՝ Ուրֆայինը, քանի որ ծաղկային մոտիվները շատ են նրա մեջ, իսկ ծաղիկը, բնությունը, թռչունները չինական արվեստում շատ մեծ տեղ են գրավում: Ամբողջը սիմվոլիկա է եւ այդ սիմվոլների լեզուն մեզ միացնում է»: Արվեստաբանը ներկայիս հայ դիզայներներից Արամ Նիկոլյանի օրինակը ներկայացնելով Չինաստանում՝ նշել է, որ ինչպես հայ դիզայները Ուրֆայի հայկական ասեղնագործության մեկ ծաղիկը, ստեղծել է մեկ ամբողջական հավաքածու, որը հանգիստ մրցունակ կարող է լինել՝ թե՛ իր ձեւվածքներով, թե՛ իր մտահղացմամբ, չինացի դիզայներների աշխատանքների հետ: Գերագույն մեր մինուսը, ըստ Անի Մարգարյանի, կտորն է. «Մենք չունենք թեթեւ արդյունաբերություն, երկիրը շրջափակման մեջ է եւ Հայաստան մուտք է գործում թուրքական, մոլդովական կտորներ, եթե չինական էլ կա, ապա ամենաստորին արտադրանքը, որը ես իմ այցի ժամանակ չտեսա, որակական առումով, այն շուկան, որ ես մտա, այնտեղի արտադրանքը շատ բարձր որակի է, այն, ինչ որ այստեղ է մտնում, ցավոք, շատ վատ որակի արտադրանք է: Երբ որ Հայաստան ներմուծվում է Եվրոպայից կտորներ՝ միանգամից աշխատանքի ինքնարժեքը բարձրանում է եւ մրցունակ կարող են լինել դրսի շուկայում»: Հայկական մշակույթը օտար ազգին ներկայացնելիս՝ Անի Մարգարյանը հաշվի էր առել, որ այն պետք է զրոյից՝ հանգամանալից բացատրել, հնարավորինս մատչելի. «Ինձ հետ կային ոչ միայն վերականգնված տարազներ, այլեւ ոճավորված տարազ, որոնք էթնիկ ակցենտով էին եւ կրելի: Մեր հագուստը, մշակույթը շատ հետաքրքիր է իրենց, մասնավորապես՝ էթնիկ տարրերով մեր մոդեռն հագուստը: Կարծում եմ ստացվեց, քանի որ առաջարկներ ստացա նույն դասախոսությունը շատ ավելի հեղինակավոր չինական հաստատություններում ներկայացնելու: Շնորհակալ եմ ողջ պրոֆեսորական անձնակազմին, որ հրաշալի ծրագիր էին պատրաստել եւ տեսա այն, ինչ հոգու խորքում կցանկանայի տեսնել, դա հուշանվերային խանութներն էին, ասեղնագործությունը: Հետաքրքիր էր, որ երկրի տարբեր հատվածներում ունեն գյուղաքաղաքներ, որտեղ ամբողջությամբ խանութների հսկայական շարքեր եւ տնակներ էին, որտեղ ապրում եւ ստեղծագործում են ասեղնագործուհիներ տոհմական ընտանիքներով եւ խանութներ՝ որտեղ իրացվում էր արտադրանքը»: Նա նշեց, որ չինական շուկայում բավական լավ է սպառվում իրենց ձեռքի աշխատանքները եւ ստեղծագործողները տարրական կեցության հարցի մասին չեն մտածում, քանի որ կա նաեւ պետության տոտալ աջակցություն եւ սեփական աշխատանքի նկատմամբ հատուկ վերաբերմունք. «Չին մի երիտասարդ ասեղնագործուհի ինձ ցույց տվեց մի փոքր կախազարդ ասեղնագործ, որը նա արել էր 2 տարում, ասաց, որ ես կարող էի ավելի արագ անել, բայց ես վախենում եմ, որ կկորցնեմ իմ շնորհքը, եթե ես բարեխիղճ վերաբերմունք ցույց չտամ իմ աշխատանքի նկատմամբ ու եթե ես ունակ եմ իմ աշխատանքը անել բարձր մակարդակով 2 տարում, ուրեմն ես դա կանեմ հանգիստ, ճիշտ, ինչպես որ հարկն է՝ ցուցաբերելով ծով համբերություն եւ կամք: Այ նման մոտեցում կարելի է սովորել»: Նրանք այնպես էին ծրագիրը կազմել, որ հայ արվեստաբանը առիթ է ունեցել հանդիպել չինացի մոդուլավորողների հետ, որոնք մեծ անուն ունեն երկրից դուրս. «Ինձ հրավեր էր ուղարկել չինացի հայտնի հագուստի մոդելավորող Մաուս Ջին, որը հագուստի խանութներ ունի ոչ միայն Չինաստանի տարբեր քաղաքներում, այլեւ Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում եւ Եվրոպայի այլ քաղաքներում: Նա համարվում է բավական հաջողակ դիզայներ, եւ նրա արտադրանքը մեծ սպառում ունի դրսում: Նա առաջիններից է եղել, որ չինական հագուստի ձեւվածքները համակցել է ավանգարդի հետ՝ արդյունքում ստանալով սյուրկոնստրուկցիայով մի հագուստ»: Ներկա է գտնվել Նանկին քաղաքի նորաձեւության օրերին, դիտել, թե ինչպես են չինական հագուստը մոդեռնիզացնում: Անի Մարգարյանը հանդիպմանը եղել է հայ դիզայներ Սիրանուշ Նազանյանի մոդելավորած հագուստով՝ սեւ, վրան բատիկա՝ տեքստիլ նկարչություն, նռնածառ, հայկական մոտիվներ, որը բավական աչք է ծագել եւ իրենց դիզայներները, լրագրողները մոտեցել եւ հետաքրքրվել են. «Կրում էի նաեւ հայ արծաթագործ վարպետներիաշխատանքներ, որը նրանց եւս հետաքրքրեց, քանի որ շքեղ, բիժուատիպ արծաթը անում են վաղուց ու շատ ավելի լավ, մեր հայկական ավանդական արծաթը շատ է հետաքրքրում նրանց: Ես այնտեղ ծանոթացա ամուսինների հետ, որոնք 15 տարի է՝ ուսումնասիրում էին չինական տարազը, նվիրեցին նաեւ իրենց ուսումնասիրությունների մասին անգլերեն տպագրությամբ գիրք, որը հետագայում ինձ լավ ուղեցույց կարող է լինել»: Համատեղ այցերը եւ ուսումնասիրությունները, ըստ արվեստաբանի, շարունակվելու են, մյուս այցի ժամանակ Անի Մարգարյանը պատրաստվում է ավելի շատ տարազ տանել Չինաստան, խոսել հայկական ասեղնագործության մասին: Նրա հետ կմեկնեն նաեւ հայ վարպետներ: Ըստ Անի Մարգարյանի, չինացիները շատ հյուրընկալ են, որով շատ նմանություններ ունենք եւ խորին հարգանք՝ քո արվեստի, մշակույթի նկատմամբ. «Եվ ինչը ինձ զարմացրեց, այն էր, որ իրենց հասարակության մեջ մտավորականը համարվում է ամենաբարձր խավը. ցանկացած պաշտոնյա, քաղաքական գործիչ չի վայելում այն հարգանքը՝ ինչ մտավորականը»:   Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» 07,02.2017 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/08/853120/ 



Комментариев нет:

Отправить комментарий