понедельник, 27 февраля 2017 г.

Բնական քարերի և արծաթի եզակի զուգորդումների վարպետ հայ արծաթագործները (photo)







«Հուշկապարիկ» մասնագիտացված խանութ-ցուցասրահը համագործակցում է ավելի քան 130 հայ վարպետների հետ, որոնց շարքում են L&S Studio-ի համահիմնադիրներ Գուրգեն Լալայանը և Վարդան Սարգսյանը: Նրանք Հայաստանում այն եզակի արվեստագետներից են, որ բարձր հարգի արծաթը հմտորեն համադրում են ամենաբազմազան թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հետ՝ արդյունքում ստանալով ոչ միայն նրբաճաշակ, ինքնատիպ հորինվածքով զարդեր, այլև հուշանվերային քանդակներ, որոնք ՀՀ նախագահը և շատ այլ պաշտոնատար անձինք բազմիցս ընծայել են ՌԴ-ի, Ղազախստանի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Սլովենիայի և շատ այլ երկրների բարձրաստիճան անձանց:
Հազարավոր բնական քարերի շտեմարան հանդիսացող արվեստանոցը հիմնադրվել է լուսահոգի արվեստագետ, արծաթագործ Լևոն Լալայանի կողմից 1974 թ., որը եղել է ՀՀ ԽՍՀ և ՀՀ Նկարիչների միության անդամ: Քարերը բերված են տարբեր երկրներից, Հայաստանը որպես քարերի երկիր ներկայացված է առավելագույնս: Լավագույն նմուշները պատերին են փակցված. դրանք հայկական ագաթներն են, կտրվածքի ու հղկման շնորհիվ կարծես գեղանկարչական պատկերներ լինեն: Հավաքածուի մաս են կազմում  մալախիտները, ամետիստներ, Մեքսիկայի կարմիր օբսիդիանը  (շատ հազվագյուտ քար), մամոնտի ժանիքից մեկ կտոր, Ուրալից, Սիբիրից միլիոնավոր տարիների պատմություն ունեցող քարացած փայտեր, Շամշադինից հայտնաբերված քարացած փայտ, տարբեր տիպի սուտակներ, հալված երկնաքարերի հատիկներով բնական քարեր, սև կվարց և այլն:
1992 թ. Վարդան Սարգսյանը եկել է արվեստանոց ուսանելու՝ դառնալով վարպետի 14-րդ աշակերտը, որն իր հերթին շուրջ 21 տարի է հաջողությամբ զբաղվում է արծաթագործությամբ:
2001 թվականից սկսած՝ երկու արվեստագետները ներկայացրել են Հայաստանը միջազգային հեղինակավոր տարբեր ոսկերչական ցուցահանդեսների՝ արժանանալով բարձր գնահատանքի:
Արվեստագետների խոսքերով՝ հայկական դարավոր մշակույթը, առավելապես՝ Վան-Վասպուրականի մետաղագործությունը, մեր զարդարվեստը, մշտապես ներշնչանքի անսպառ աղբյուր են եղել իրենց համար, տևական ժամանակ ուսումնասիրել են ու շարունակում են ուսումնասիրել, քանզի կարծում են՝ չնայած 21-րդ դարի՝ մարդուն փոխարինող բազմաթիվ արդիական սարքերի ու տեխնոլոգիաների, մեր նախնիների ձեռքերով ստեղծված արվեստի նմուշները կան ու կլինեն անգերազանցելի գլուխգործոցներ:
Վարդանը զրույցի ընթացքում նշեց, որ 1999 թվականից առ այսօր 14 ձեռագիր Ավետարան է գրել, ստեղծել են նաև դրանց արծաթյա կազմերը՝ բոլորն էլ հեղինակային էսքիզներով:  
Հասարակության լայն զանգվածները ճանաչում են իրենց այդ թվում նժույգ և արծիվ ներկայացնող փոքրաչափ արծաթե քանդակներով, որոնք արված են նատուրալիզմի սկզբունքներով, դրանցից  յուրաքանչյուրը ստեղծվել է ավելի քան մեկ ամիս ժամանակահատվածում:

Զրույցի ավարտին արվեստագետները նկատեցին, որ առավել մեծ եռանդով հայրենիքում ստեղծագործելու համար երբեմն պակասում է կարևորագույն խթանը՝ հասարակության գնահատանքն ու հասարակ ուշադրությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий